ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵՎԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ
Շնորհիվ ոչ իշխանական եռյակի մարտավարության քաղաքական ու հասարակական լայն շրջանակների մոտ բուռն հետաքրքրություն է առաջացել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի նկատմամբ: Ովքե՞ր են ներկա գտնվելու, եւ ի՞նչ է սպասվում այդ օրը:
Այն, որ երեք ուժերը մինչեւ վերջ պահում են ինտրիգը՝ չհայտնելով՝ արդյո՞ք կուսակցության նախագահները մասնակցելու են հանրահավաքին, թե՝ ոչ, արդեն հետաքրքիր է: Վստահաբար կարելի է ասել, որ շատ մարդիկ կհավաքվեն՝ հասկանալու՝ արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կկանգնեն նույն հարթակում եւ կխոսեն անարդարություններից: Եւ այն, որ հանրահավաքն իսկապես մարդաշատ է լինելու, թերեւս աներկբա է: Բնական է՝ կլինեն ե՛ւ կամովի ներկայացածներ, ե՛ւ «բերման ենթարկվածներ»` ֆոն ապահովելու նպատակով:
Հասկանալի է, որ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ համագործակցող կամ միաձուլված փոքր կուսակցությունների ղեկավարները կմասնակցեն հանրահավաքին: Բայց ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի քաղաքական ուժերի առաջնորդների հետ զրուցել՝ հասկանալու, թե ինչ հույսեր են կապում սպասվելիք հանրահավաքի հետ:
ԱԺ երջանկահիշատակ պատգամավոր Մանուկ Գասպարյանի կողմից հիմնադրված «Ժողովրդական ուղի» կուսակցության ղեկավար Էմանուել Գասպարյանի հետ զրուցեցինք: Մանուկ Գասպարյանի որդին դժվարացավ հստակ բնութագրել ընդդիմության ծավալած գործունեությունը: «Մի փոքր է պետք սպասել: Ընդդիմության ծավալած գործունեությունից պետք է ասեմ, որ ամբողջությամբ դժգոh չեմ, բայց դե գերազանց գնահատական էլ չեմ կարող տալ: Հուսահատված էլ չեմ: Շարժ դեպի քաղաքական նոր զարգացումներ, ամեն դեպքում, ակնկալում եմ: Ընթացքում կերեւա՝ կարձագանքեմ, թե` ոչ: Ամեն դեպքում՝ այս պահի դրությամբ որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել: Միջին բավարար եմ գնահատում ընդդիմադիր ուժերի ծավալած գործունեությունը»,- նշեց կուսակցության ղեկավարը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չցանկացավ հանրահավաքի մասին խոսել: «Դրա մասին ես չէ, որ պետք է խոսեմ: Անպայման մասնակցելու եմ հանրահավաքին»,- նշեց Արսենյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այդ օրվանից, Արսենյանը բավականին կտրուկ պատասխանեց՝ շեշտելով, որ նախապես չի ուզում որեւէ մեկնաբանություն անել: «Օրը կգա, կտեսնենք՝ ինչ կլինի, եւ ինչպես կդասավորվեն դեպքերը»,- հայտարարեց նա:
Իսկ ահա Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ի տարբեություն ՄԱԿ նախագահի, հանրահավաքի ենթաշերտերում որեւէ լուրջ բան չի տեսնում: Նրա կարծիքով՝ արդեն ծիծաղելու աստիճանի են դարձել իշխանափոխության կոչերը: «Չեմ մասնակցելու, որովհետեւ դա ընդդիմություն չէ, եսիմ ինչ է, իշխանական թեւ է: Նախկին նախագահը ինչպե՞ս կարող է ընդդիմություն լինել: Բեմադրությունն է հերթական: Միշտ ասել եմ ու էլի եմ ասում՝ սա ձեւական ընդդիմություն է, հետեւաբար արարքներն էլ են ձեւական»,- հավելեց Տիգրան Կարապետյանը:
Սփյուռքահայ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն էլ պարզապես ավելորդ համարեց այդ հանրահավաքից եւ, առհասարակ, եռյակից որեւէ ակնկալիք ունենալը: «Ներկայում ավելի կարեւոր գործով եմ զբաղված եւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից որեւէ ակնկալիք չունեմ: Բազմիցս եմ ասել, որ այս ամենն իշխանության կողմից վերահսկվող դեպքերի շարան է: Թե՛ հանրահավաքը, թե՛ մնացած` իբրեւ թե ընդդիմադիր քայլերը, վերահսկվում են իշխանական ռեժիմի կողմից, բոլորն էլ ենթարկվում են իշխանական թեւի ներկայացուցիչներին եւ որեւէ իրական հեղաշրջում ենթադրող գործողություն չեն էլ կարող անել»,- նշեց ազատամարտիկը:
Հավելենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ հայտարարել է, թե երեք ոչ իշխանական ուժերի ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակի հանրահավաքին մասնակցելու են: «Լիդերներն ազատության հրապարակում անպայման լինելու են. մենք քննարկում ենք, թե որ պահին են միանալու նրանք: Չի բացառվում՝ ամսի 10-ին միանան, չի բացառվում՝ հետագայում»,-հայտնել է Մարգարյանը՝ հստակեցնելով, որ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքը միակը չէ, շարունակություն է լինելու եւ եռյակի ղեկավարները կմասնակցեն դրանցից որեւէ մեկին: Երեք ուժերն այժմ մշակում են գործողությունների ծրագիրը եւ այդ մասին ամբողջությամբ կհայտարարվի հենց հոկտեմբերի 10-ին
Մեզ մնում է սպասել զարգացումներին:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԳՈՐԾԱՐԱՐԸ ԴԻՄԵՑ ՄԻԵԴ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Օֆշորի գործով տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանը, հույսը կորցնելով Հայաստանի իրավական համակարգից, դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Նշենք, որ գործարարը նաեւ հրաժարվել է պաշտպաններից՝ ասելով, թե ամեն ինչ ինքը կարող է անել եւ պաշտպանների կարիք չունի:
Նշենք, որ թեեւ այսօր պետք է կայանար գործով անցնող մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի եւ գործարարի միջեւ առերեսումը, սակայն կարծես թե նորից այն ձգձգվում է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը կալանավորված Աշոտ Սուքիասյանի միջոցով փորձել էին ունեզրկել Փայլակ Հայրապետյանին՝ օֆշորային հաշվեհամարներ բացելով:
ՎԵՐՋԱՊԵՍ
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներից հետո՝ երեկ, ի վերջո, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելեց Ճամբարակ քաղաք: Քաղաքապետ Յուրիկ Ավալյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խոստումներ է մարզպետը տվել կարկուտից տուժած ճամբարակցիներին: «Մարզպետը մանրամասն ծանոթացավ խնդիրներին, եւ դրանք քննարկեցինք: Ի դեպ, շիֆրերի մի մասն էլ բերվեց եւ բաժանվեց մարդկանց: Մի մասն էլ վաղը կամ հաջորդ օրը կբերվի»,- լրացրեց Ավալյանը: Քաղաքապետը ցավով նշեց, որ այն քաղաքացիները, որոնց մեքենաները կարկուտից տուժել են, ոչ մի տեսակի օգնություն չեն ստանալու: Իսկ ապահովագրական ընկերությունները հրաժարվել են նրանց օգնելուց՝ պատճառաբանելով, որ իրենք բնական աղետներից տուժելու դեպքում փոխհատուցում չեն տալիս: Վարորդները ստիպված են սեփական ուժերով նորոգել դրանք:
ԿՈՄԲԱՅՆ ԿԲԵՐԵՆ
Հայաստանի բազմաթիվ համայնքապետեր եւ ֆերմերներ դիմել են Փոքր եւ միջին ձեռնարկությունների ԶԱԿ հիմնադրամ, որպեսզի ձեռք բերեն կոմբայններ: Ֆերմերների եւ համայնքապետերի այս պահանջի պատճառն է դարձել կառավարության նախորդ տարվա որոշումներից մեկը, ըստ որի՝ պետական աջակցությամբ Հայաստան ներմուծվում են միայն տրակտորներ եւ գյուղատնտեսական սարքավորումներ: Այս առիթով կառավարության առաջիկա նիստում որոշում կընդունվի նախորդ տարվա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Արդյունքում՝ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը կներկրի կոմբայններ եւ համապատասխան պայմաններով դրանք կտրամադրի գյուղացիական տնտեսություններին եւ համայնքներին: Ի դեպ, այս կոմբայնները մատչելի պայմաններով ձեռք բերելու եւ ներմուծելու նպատակով հիմնադրամը դիմել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին, որպեսզի վերջինս բանակցություններ վարի «Ռոստսել մաշ» ընկերության հետ: Գործարանը վաճառքի վերջնական գին է սահմանել 2,350 հազար ռուսական ռուբլի, ինչը մոտ 300 հազար ռուբլով էժան է գործարանի սահմանած վաճառքի գնից:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԴԵՌ ՉԻ ԾԱՌԱՅԻ
Ադրբեջանական մեկամյա գերությունից վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ հայկական բանակում ծառայությունը շարունակելու հարցը դեռեւս անորոշ է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նյարդաբանության կլինիկայի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը Armlur.am-ին հայտնել է, որ օրերս բուժհետազոտություն անցած Ինջիղուլյանի մոտ հայտնաբերվել են առողջական խնդիրներ` կապված հիմնականում նյարդային համակարգի, ինչպես նաեւ՝ տեսողության, թոքերի եւ շնչառության հետ: Հայտնաբերված հիվանդությունները կյանքի համար վտանգավոր չեն:
ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ
Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի՝ հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստում խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման արդյունքում խորհրդի 10 անդամներ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացրել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը։
ԱՐՄԵՆՉԻԿԸ` ՆՈՐ ԱԱ՞ԽՔ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերին անդրադառնալով` 168.am-ը հայտնում է, որ առայժմ հրաժարականի դիմում չկա: Աղբյուրի տվյալներով` Գեւորգյանը որոշ ժամանակ էլ կշարունակի պաշտոնավարել, իսկ հրաժարականից հետո շատ հավանական է, որ նշանակվի ԱԱԽ քարտուղար, որի աթոռը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի՝ ընդդիմադիր դառնալուց հետո:
ԻՐԵՆՔ ԷԼ ՉԵՆ «ՋՈԿՈՒՄ»
«Խորհրդարանական ուժերն ընդդիմություն են համարվում, երբ Ազգային ժողովում խմբակցության ղեկավարը համապատասխան հայտարարություն է անում: Մենք նման բան չենք հայտարարել»,-երեկ ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք Վանաձորի հանրահավաքից հետո ԲՀԿ-ն արդեն ընդդիմություն է: «Բայց նշեմ, որ եթե հայտարարած էլ լինեինք, սրանից ավել բան չէինք անելու»: ԲՀԿ-ականի խոսքով` «Իշխանափոխություն է այն, որ մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին»: Հիշեցնենք, որ ավելի վաղ եռյակի տարածած հաղորդագրությունում ԲՀԿ-ն ներկայացված էր որպես «ընդդիմադիր ուժ»:
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՐՏԵ՞Ղ Է ՏԵՍԵԼ
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ հանդիպման ժամանակ երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը կարեւորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Ի պատասխան` Հանձնակատարը նշել է, թե ուրախ է տեղեկանալ, որ դատական համակարգի բարեփոխումների, կանանց եւ տղամարդկանց հավսարության եւ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հետ կապված ՀՀ-ում առաջընթաց է արձանագրվել:
ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետը հոկտեմբերի 10-12-ը մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:
ՃՈ-Ն ՆՈՐ ՊԵՏ ՈՒՆԻ
Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է ՃՈ նոր պետ Արտակ Հարությունյանին: Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարեւորել է` որպես բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը պայմանավորված է պրոֆեսիոնալ եւ արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով: