ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԸ ՉԿԱՏԱՐԱԾ՝ ՀԵՌԱՑԱՎ ԵՌՅԱԿԸ
Երեկ Երեւանի Ազատության հրապարակում կայացավ երեք ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ համապետական հանրահավաքն ու երթը: Ներկա էին երեք ուժերի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցությունների մեծ թվով ներկայացուցիչներ: Հանրահավաքն իրոք բազմամարդ էր. Օպերայի ողջ տարածքում ցուցարարներն էին, եւ նրանց ձեռքերում ծածանվող հայոց եռագույնը:
Նշենք, որ ակցիայի բազմամարդ լինելն այս անգամ եւս մեծամասամբ ԲՀԿ-ի «ձեռքի գործն էր»: Գ. Ծառուկյանին պատկանող Աբովյան-Երեւան երթուղին Աբովյանից եւ այլ վայրերից մեծ թվով մարդկանց էր բերել Երեւան: Ժողովուրդն ակնհայտորեն երեք ուժերի ղեկավարներից ամենաշատը սպասում էր հենց միայն Գ. Ծառուկյանին: Երբ վերջինս թիկնազորի ուղեկցությամբ իջավ մեքենայից եւ մոտենում էր բեմահարթակին, բազմահազար մարդիկ անընդհատ վանկարկում էին. «Ծառուկյա՛ն, նախագա՛հ»: Սակայն ԲՀԿ առաջնորդն առանձնապես ուշադրություն չդարձրեց:
Նկատենք, որ նա առաջնորդներից ամենաուշը մոտեցավ բեմահարթակին՝ այդ կերպ ցանկանալով եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել իր անձի վրա: Առհասարակ, երեկ ԲՀԿ-ն ամենաակտիվն էր բոլոր ոչ իշխանական ուժերից: Ազատության հրապարակում էին կուսակցության մեծ թվով անդամներ՝ փեսայի՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի գլխավորությամբ:
Հանրահավաքը մեկնարկեց ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքներին հնչած հայրենասիրական երգերով: Հանրահավաքը բացեց ԲՀԿ-ն: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ողջունելով ներկաներին, անմիջապես իր խոսքն ուղղեց տարածքը հսկող ոստիկաններին՝ շնորհակալություն հայտնելով իրենց հսկելու համար, եւ կարծես թե մեսիջ հղեց, թե երեք ուժերը բախումներ չեն հրահրի: Ելույթներ հնչեցին նույն մարդկանց կողմից, նույն ոգով, ինչպես անցնող օրերին՝ մարզերում: Թալան, քրեապետության այլ դրսեւորումներ, տնտեսության անկում…
Տարբերվող կարելի է համարել միայն առաջնորդների ելույթները: Մասնավորապես, հանրահավաքին ավելի ուշ միացած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե հինգ տարի առաջ հոկտեմբերի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը հակապետական քայլ է կատարել` ստորագրել տալով հայ-թուրքական արձանագրությունները: Հետաքրքիր «ելույթ» ունեցավ ԲՀԿ առաջնորդը: Ողջունելով բոլորին` նա նշեց, թե շատ ուրախ է, որ այսօր ժողովրդի կողքին է, սակայն հավելեց, թե ելույթ չի ունենալու: «Ես այսօր այստեղ եմ, ձեզ հետ, ձեր կողքին կանգնած եմ եւ դրա համար շատ ուրախ եմ, որ այստեղ եմ` ձեր կողքին կանգնած», – այսպես սկսեց իր խոսքը Գ. Ծառուկյանը:
Առավել ընդարձակ եւ բովանդակալից ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների` Ռոբերտ Քոչարյանը եւ Օրինաց երկիր կուսակցությունն այս շարժման հետ որեւէ առնչություն չունեն: Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին` դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց», – ընդգծեց նա: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե հաջորդ հանրահավաքին մանրամասնորեն կներկայացնեն, թե ինչպես են տեսնում իշխանափոխության կատարումը, սակայն հաջորդ հանրահավաքի համար այդպես էլ հստակ օր չնշեց, միայն հորդորեց հավատալ իրենց:
«Սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում՝ թե՛ հայ ժողովրդի, թե՛ նաեւ արտաքին աշխարհի աչքում: Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ է երկրի եւ ժողովրդի համար, իսկ նրա գոյության երկարաձգումը` անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը շուտափույթ եւ ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը», – հայտարարեց նա:
Հանրահավաքից հետո տեղի ունեցավ նաեւ քայլերթ, որին սկզբում մասնակցում էին նաեւ երեք ուժերի առաջնորդները: Ողջ ճանապարհին երթի մասնակիցները պահանջում էին նախագահի հրաժարականը` վանկարկելով. «Սերժի՛կ, հեռացի՛ր, Սերժի՛կ, հեռացի՛ր»: Բազմությունն ակնհայտ ցանկանում էր իշխանափոխություն, սակայն ոչ իշխանական ուժերը միայն խոստումներ տվեցին` առանց գործնական քայլեր ցույց տալու: Ի դեպ, Ծառուկյանը երթի կեսից հեռացավ՝ Տեր-Պետրոսյանին թողնելով մենակ՝ իր թիմի հետ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՄԵԿ ԱՄԻՍ Է՝ ՉԵ՞Ն ԼՈՂԱՑԵԼ
Երեկ «ժողովուրդ»-ի խմբագրություն էր ահազանգել Վանաձոր ՔԿՀ-ի մի դատապարտյալ, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, եւ խնդրում էր, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանն այցելեն Վանաձոր ՔԿՀ եւ տեսնեն, թե ինչ իրավիճակ է Վանաձորի ՔԿՀ-ում.«Մենք սարսափելի պայմաններում ենք գտնվում, ՔԿՀ-ի սառնարանները չեն աշխատում, մի քանի դատապարտյալներ իրենց գումարներով սառնարաններ են գնել, որպեսզի կարողանան ուտելիքը թարմ վիճակում պահեն: Դատապարտյալներին ասել են, թե ՔԿՀ-ի լոգարանները վերանորոգման փուլում են. այստեղ մարդիկ մոտ մեկ ամիս է՝ ինչ չեն կարողանում լողանալ: «Հացին կպնում էս, ջուր է կաթում, միթե կարելի է այսպիսի վերաբերմունքը»: Հուսանք՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կգնա այս ահազանգի հետքերով՝ պարզելու, թե ինչու են դատապարտյալները դժգոհում:
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՏԵՂ ՀԱՍՑՆԵԼ
«Օգնենք եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությունը, որը սեպտեմբերի 28-ին Իրաքի եզդիներին օգնելու նպատակով օգնություն հավաքեց, այսօր կանգնել է այն տեղ հասցնելու խնդրի առաջ: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս պահին երկու մեծ բեռնատար օգնություն է հավաքվել, սակայն այն չեն կարողանում տեղ հասցնել: «Պատճառն այն է, որ Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանը: Այն պետք է իրենք տանեին սիրիական Նավռոզ ճամբարը, որտեղ 100 հազարից ավել եզդիներ կան»: Նա նաեւ նշեց, որ մոտ օրերս եզդիների երկու ընտանիք Թուրքիայի սահմանն անցել են, սակայն վրացական անցակետում նրանց թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան. վիզա չեն ունեցել: «Բանն այն է, որ Վրաստանը սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմը փոխել է: Երկու ընտանիքն էլ ցանկանում էին գալ Հայաստան, սակայն դա նրանց չի հաջողվել, եւ նրանք նորից հետ են վերադարձել: Կարծում եմ՝ այնտեղի եզդիական համայնքն ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի»,-ասաց Բորիս Մուրազին: Զրույցի ավարտին նա փոխանցեց, որ Թուրքիայում Իրաքից եկած եզդիները կացարանի խնդիր ունեն:
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
«Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հայաստանի զարգացման հեռանկարը հարցականի տակ դրեցին: Այդ պայմանագրի ստորագրմամբ Հայաստանը կորցնում է անկախության այնպիսի կարեւորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականությունը եւ ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը»: Այս մասին ասված է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
Հայ-վրացական հարաբերությունները, անկախ ամեն ինչից, բարեկամական են: Այս մասին երեկ նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ պաշտոնական այցով Վրաստան մեկնած ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի նախագահն ասել է, թե անկախ տարբեր ինտեգրացիոն փոփոխություններից՝ Հայաստանը եւ Վրաստանը պետք է լինեն մի կողմում: Իսկ ջավախքահայության խնդիրների վերաբերյալ էլ Նաղդալյանը հավաստիացրել է, որ Վրաստանի վարչապետը հանձն է առել այդ խնդրի վերացումը: «Վիզային ռեժիմի հետ կապված ունենք խողովակներ` այդ խնդրին լուծում տալու համար»:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԴՐԵԼ
Գեղիի միջնակարգ դպրոցի եւ նրա տնօրենի «կուռքը»։ Այժմ Սերժ Սարգսյանի դիրքերը այնքան են թուլացել Սյունիքում, որ նրա նկարի փոխարեն Լիսկայի նկարն են տեղադրում պատերին: Այսպես է մեկնաբանված «Ոչ Լիսկային» ֆեյսբուքյան խմբում տեղադրված լուսանկարը:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին, որին ներկա են եղել շուրջ 180 երկրի մոտ 1500 մասնակիցներ: Նիստի ընթացքում քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական իրավիճակին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր: Երեկ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ ՀՀ դեսպանատանը մասնակցել է նաեւ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը:
ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ավելի ու ավելի է ապացուցում անցած քսանամյակում իր մասին տարածված այն թեզը, որ ինքը պատահականություն էր ղարաբաղյան շարժման մեջ ու Հայաստանի անկախության նվաճման գործում: Խոստովանում եմ՝ երկար ժամանակ ես այդ թեզի չհավատացողների մեջ էի:
Բայց ղարաբաղյան հարցով նրա դիրքորոշումից, այժմ էլ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հանդեպ եվրասիական ոտնձգությունից նրա չջղաձգվելուց ստիպված եմ ես էլ տեղի տալ ու ցավ ապրել, որ Հայաստանի անկախ պետության առաջին նախագահը բացարձակ անտարբեր է, թե ինչ խաղ են խաղում այդ անկախության հետ: Ցավալիորեն չեն ջղաձգվում նաեւ նրա հետ հարթակում կանգնածները:Հետո էլ զամանում են, թե ինչու չեմ գնում հանրահավաքի: Մենք բացարձակ հակառակ տեսակներ ենք՝ ես անկախության ու ինքնիշխանության համար ջղաձգվող, իրենք՝ ջղաձգվողներին տանել չկարողացող»:
ՈՎ Է ՀԱՆԳՈՒՑՅԱԼ
«Սպառված քաղաքական թոշակառուի ոչինչ չասող բառերի կույտ, որն ավելի ցայտուն դարձրեց թե՛ Տեր-Պետրոսյանի եւ թե՛ ՀԱԿ-ի «քաղաքական հանգուցյալ» լինելու անհերքելի փաստը»,-Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էուարդ Շարմազանովը նման գնահատական է տվել երեկվա հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Փաստորեն` Աժ փոխխոսնակն ամեն օր խորհրդարանում շփվում է «քաղաքական հանգուցյալների» հետ:
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ
1in.am-ի տեղեկություններով` ոչ իշխանական եռյակը պատրաստվում է մինչեւ 2017-18թթ իշխանության հետ բանակցել մի շարք առանցքային հարցերի շուրջ: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հետ կանչելուց զատ՝ եռյակն իշխանություններից պահանջելու է մի քանի առանցքային պաշտոնյաների հրաժարականներ, որոնց առաջին հորիզոնականում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: