ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵՑ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին Վարդենիս քաղաքում հնչած կրակոցի հետեւանքով մահացած Արման Մանուկյանը եւ նրա եղբայրը ծեծել են ձերբակալված Սասուն Կարապետյանին, ինչին հաջորդել է սպանությունը: Իսկ պատճառը Սոթքի ոսկու հանքից ապօրինի հանվող հանքաքարերի տարածքը չկիսելու հարցն է, որը վերածվել է միջանձնային բախումների:

ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նշված օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել Սարգիս Գալստյանի (Ապեր) կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից իջել է Սասուն Կարապետյանը եւ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել Արման Մանուկյանի որովայնին եւ դիմել փախուստի: Ավելի ուշ՝ ժամը 23.10-ին, Սասուն Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ ասել, որ վիճաբանության ժամանակ Ա. Մանուկյանին կրակել է ինքը:

Ինչից է սկսվել վեճը
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիս քաղաքում «չղջիկների» գործունեությանը: «Չղջիկները» Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում` վտանգելով իրենց կյանքը, այն տեղափոխում տուն, մանրացնում, լցնում «կիսլատայի» մեջ, որից թունավոր արտանետումներ են լինում (դեղին ծուխ է բարձրանում), ապա հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, ինչն էլ վաճառում եւ ապրում են:

Ոստիկանությունը տեղում չէ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված Արման Մանուկյանի քեռին՝ Խաչիկ Խաչատրյանը, ասաց, որ եթե ոստիկանության Վարդենիսի բաժինը լավ աշխատեր ու նախկինում կատարված հանցագործությունների համար մեղավորները պատիժ կրեին, ապա իր քրոջ որդին այսօր կենդանի կլիներ: Բայց ոստիկանությունը Վարդենիսում որպես այդպիսին գրեթե չի գործում: «Դեպքի օրը Արմանը տանն է եղել, զանգահարել են ձեռքին, դուրս են կանչել: Նա էլ երեւի դուրս է եկել, տեսնի, թե ով է, ինչ է ուզում: Հենց այդ ժամանակ թաղի մեջ Մերսեդես մեքենայի միջից կրակել են Արմանի վրա ու փախել: Մեզ հիվանդանոցում ասել էին, թե Արմանին վիրահատում են, բայց իրականում նրա մարմինն արդեն տարել էին դիահերձարան, նա մահացած էր»,-լացակումած պատմեց սպանված Արմանի քեռին:
Մեր զրուցակցի պատմելով՝ ոսկու տարածքի շուրջ տղաները լուրջ կռիվների մեջ են եղել իրենց հարազատ հորեղբոր որդու՝ Վահագ Մանուկյանի եւ նրա ընկերոջ՝ Սարգիս Գալստյանի հետ. «Մեկ տարի առաջ Արմանի ուազը պայթեցրեցին, 8 ամիս առաջ կրակեցին մեքենայի վրա: Ոչ ոք միջոցներ ձեռք չառավ: Ոչ ոք չպատժվեց: Դրա համար էլ՝ տեսաք, թե ինչ եղավ: Վահագ Մանուկյանը, Սարգիս Գալստյանն այս ամենի գլավարներն են, իսկ Սասունը դրանց թիմից է: Մերոնք երկար ժամանակ է՝ հանքից ոսկի հանելու հետ կապ չունեն: Նույնիսկ մի օր դրանց ասեցին՝ եկեք, մեր պայթեցրած ուազը տվեք մեզ, ոստիկանությունից մեր անձնագրերը հանեք, պրծնենք: Չգիտեմ՝ միգուցե ոստիկանություն հանձնված Սասունը էլ կապ չունի այս ամենի հետ ու անմեղ տեղը գնացել, ասել է, թե ինքն է արել: Վարդենիսում ոստիկանություն չկա, մի բան չեն անում, ամեն օր կրակոց է: Մեր հույսը մենակ մարզային ոստիկանապետ Արսեն Ադամյանն է, որն անձամբ էր հիվանդանոց եկել»:
Նշենք, որ «Մերսեդես Բենց»-ի վարորդ Սարգիս Գալստյանին ոստիկանները փնտրում են, իսկ Սասուն Կարապետյանը ձերբակալված է:

Այլ վարկած
Վարդենիսում պտտվող լուրերի համաձայն՝ սպանված Արման Մանուկյանը եւ նրա եղբայրը՝ Գրիշիկը, մի քանի անգամ ծեծի են ենթարկել Սասուն Կարապետյանին: Ավելին՝ հենց հոկտեմբերի 12-ին երկու անգամ հանդիպել, երկու անգամ էլ ծեծել են Սասունին: Չի բացառվում, որ իրեն նվաստացրած եղբայրներից մեկից Սասունն այսպես է փորձել վրեժ լուծել եւ մյուս երկուսի՝ Սարգիսի ու Վահագի անունը հարազատները հնչեցնում են իներցիայով կամ չիմացության հետեւանքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԵՍՊԱՆ ՔԵԹԻ ԼԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչին մեր լրատվամիջոցների ընդհանուր որակը դեռ չի բավարարում: Մեծ Բրիտանիայի դեսպանի նման գնահատականը հնչեց ի պատասխան «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում ԶԼՄ-ների կատարած աշխատանքը, ինչպիսի՞ թերություններ եւ առավելություններ կմատնանշեիք մեր եւ մեր գործընկերների աշխատանքում՝ համեմատելով այն Ձեր երկրի լրատվական դաշտի հետ:

«Ես նկատել եմ, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2014թ.-ի մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում Հայաստանը հայտնվել է 78-րդ տեղում՝ չորս նիշով զիջելով 2013թ դիրքերը: «Ֆրիդոմ Հաուս», «Ազատությունն աշխարհում» 2014թ. զեկույցում Հայաստանը, Արեւելյան գործընկերության հիմնական երկրների հետ միասին, մամուլի ազատության առումով գնահատվել է որպես «կիսաազատ» երկիր»,-ասաց դեսպանը: Իհարկե, նա միեւնույն ժամանակ ավելացրեց, որ Հայաստանի լրատվական դաշտում բավական շատ է պլուրալիզմը (բազմակարծությունը), ի դեմս մի շարք հիանալի մեկնաբանների, սակայն ընդհանուր որակը, քաղաքական վերլուծությունները եւ մեկնաբանությունները Քեթի Լիչին դեռ չեն բավարարում:
Ըստ տիկին Լիչի, ինքը մեծացել է Միացյալ Թագավորության լրատվական դաշտի միջավայրում, որտեղ անաչառ եւ բազմակողմանի քաղաքական լուսաբանումը համարվում է հեռուստաընկերությունների գործունեության հիմնաքարերից մեկը: «BBC-ին կարողացել է լրագրության ոլորտում «ոսկե կանոններ» հաստատել, որոնք պարտադրում են լինել որքան հնարավոր է անաչառ եւ լուսաբանել առանց «կողմնակալության վախի»: Այս ոճը հիմնականում գործում է հեռուստաընկերությունների պարագայում, բայց տարածվում է նաեւ տպագիր մամուլի վրա, թեեւ քաղաքական պատկանելիությունն այնտեղ կարող է ակնհայտ լինել»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Ք. Մ.

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՊԱՐՏՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՊԱՆԵԼ Է
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ: Ավելի ուշ պարզվել էր, որ հանցագործության զոհը 24-ամյա քաղաքացի Լեւոն Բունիաթյանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, ապօրինի զենք, զինամթերք):
Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթունում գտնվող Պարույր Սեւակի արձանի մոտ, ավտոմեքենայի մեջ, որից հետո Տ. Գալուստովն իր զոհի մարմինը տեղափոխել եւ գցել էր Քանաքեռի Պն զորամասի հարեւանությամբ անցնող «գնացքի գծերի» մոտ: Մեր տեղեկություններով՝ սպանության շարժառիթը եղել է 25-30 հազար ԱՄՆ դոլարի պարտք ու պահանջը:

 

ԵՐԵԽԱՆ ՈՒՆԵՑԵԼ ՈՒ ՄԱՀԱՑԵԼ Է
2014 թվականի հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Հանրապետական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել:
Պարզվել է, որ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին, «Վերարտադրողական առողջության, պերենտոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի օպերատիվ գինեկոլոգիական բաժանմունքում մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերած Նելլի Մկրտչյանը:
Նա 2014 թվականի սեպտեմբերի 21-ին վիրահատական ճանապարհով է ծննդաբերել, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է: Դեպքի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՌԻՆՋՈՒՄ
Երեկ գիշեր Կոտայքի մարզի Առինջ գյուղում անհայտ անձը կրակել է 2-րդ փողոցի բնակիչ Մհեր Մկրտչյանի ուղղությամբ: ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նախնական տեղեկություններով, Մ. Մկրտչյանը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով: Այլ մանրամասներ իրավապահները դեռ չեն հայտնում:

 




Լրահոս