ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԱՍԻՆ ԿԼՌԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում արձանագրված դժբախտ պատահարի պատճառները դեռ անհայտ են: Երեկ այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ:
-Ձեր կարծիքով՝ այդքան դժվա՞ր է բացահայտել «փուչիկների առեղծվածը»:
-Դրա բացահայտելը վայրկյանների հարց է: Ոստիկանությունն այդ հարցով խնդիր չունի, խնդիրն իշխանական վերնախավի մեջ է: Դա վաղուց բացահայտված վերջացած բան է: Մի քանի ժամվա ընթացքում պետք է ամեն ինչ պարզ լիներ: Այդ պատահարի նկարահանված կադրերը կան: Պարզապես դա բացահայտելու է իրենց խայտառակությունը:
-Պարո՛ն Եղիազարյան, ինչո՞ւ է բացահայտումն ուշանում:
-Սերժ Սարգսյանի հանրահավաքներին մարդկանց ապահովելու համար կազմակերպում են համերգներ: Երբ կազմակերպիչները զգում էին, որ բավարար մարդ կա հավաքված, անմիջապես Սերժ Սարգսյանը սկսում էր հանրահավաքը: Հիմա այդտեղ ի՞նչ բացահայտում կա, որ չեն բացահայտել մինչեւ օրս: Հայտնի է մեքենան, փուչիկ բաժանողը, ովքեր են բերել եւ տվել: Դրա մասին, իհարկե, չեն բարձրաձայնելու, թե ինչպես է եղել: Եթե բարձրաձայնեն, ապա բոլորը կիմանան, որ երեխաների մեծ մասին հանել էին ուսումնական կենտրոններից, բուժաշխատողներին՝ նույնպես եւ բերել էին ստիպողաբար: Երկաթե ցանցերով շրջափակել էին մարդկանց, որպեսզի դուրս չգան շարքերից: Իրենց ծրագիրը ճիշտ եւ ճիշտ հիշեցնում է փուչիկներ: Ամենայն հավանականությամբ, իներտ գազ չեն ունեցել եւ լիցքավորել են սովորական գազով, այնքան, որ թեթեւ լինի եւ օդ բարձրանա:
-Վարկած է շրջանառվում, որ մի երիտասարդ տղայի սիգարետի պատճառով է հրդեհ բռնկվել: Հնարավո՞ր է նման բան:
-Պատկերացրե՛ք, որ մենք մի երկրում ենք ապրում, որտեղ անընդհատ անհեթեթ բան պետք է լինի: Այս կատարվածի առաջին եւ վերջին պատասխանատուն նախագահի անվտանգության ծառայությունն է: Իրենք պարտավոր էին անվտանգության բոլոր կանոնները պահպանել, ինչը կատարված չէր:
-Ի՞նչ եք կարծում, դա կազմակերպված դավադրությո՞ւն էր Սերժ Սարգսյանի դեմ:
-Դա լրիվ պատահական մի բան է եղել. առանձնահատուկ անփութության արդյունք՝ նախագահի անվտանգության ծառայության եւ նրա ղեկավարի պատճառով: Իհարկե, իմ ասածից հետո Սերժը նրան ամուր կպահի: Բայց ցանկացած երկրում մի հատ էլ քրեական գործ կհարուցեին անվտանգության ղեկավարի դեմ, եւ նախաքննությունը կպարզեր, թե ինչու այդ մարդը պաշտոնական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչի արդյունքում այդքան մարդ վիրավորվեց: Չէ՞ որ այդ օդապարիկները կարող էին նույն հաջողությամբ պայթել հենց իր՝ նախագահի գլխավերեւում: Եւ այդ ահաբեկչությունն այն ժամանակ լրիվ այլ կերպ կխմբագրվեր, իսկ հիմա անմեղ երեխաներով խմբագրվեց:
-Այսինքն՝ անվտանգության առումով սխա՞լ էր փուչիկների պայթյունից հետո Սերժ Սարգսյանի՝ բեմ բարձրանալը:
-Արդեն փուչիկները պայթել էին, նա էլ բարձրացել էր, բայց զազրելին դա չէր, այլ այն, որ նա ոչ մի բան չասաց մարդկանց հանգստացնելու համար: Սովորականի պես կարդաց իր ճառը, մինչդեռ հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին եւ տեղափոխվել  հիվանդանոց: Դա շատ վատ բան է: Նա կարող էր երկու բառով անդրադարձ կատարել այդ արհավիրքին: Կային մասնակիցներ, որոնք ասում էին, որ խորհրդակցել են հոգեբանների հետ եւ ամենաճիշտ տարբերակը համարել են համերգը շարունակելը: Դա նոր բան չէ: Ինչպես հիշում եք, «Տիտանիկ» ֆիլմում, երբ հսկայական նավը ջրի տակ էր անցնում, կադրեր կան, որտեղ կվարտետը շարունակում է նվագել: Այսինքն` դա նոր բան չէ: Իրենք շփոթված իրենց գործն են արել, ոչ թե մտածելով, որ խուճապ չլինի: Առաջին հերթին բարի լինեիք երկաթյա ցանցերը հանել, որպեսզի մարդիկ ազատ շարժվելու հնարավորություն ունենային: Բեմ բարձրանալն էական էլ չէր:
-Պարո՛ն Եղիազարյան, Ձեր կանխատեսմամբ՝ ինչպե՞ս կավարտվի այս գործը:
-Լռությամբ: Իրենք դա չեն բարձրաձայնի: Քանի որ ոչ ոք հրապարակ չէր գնացել՝ նախագահի ելույթը լսելու: Գնացել էին համերգի ու փուչիկների համար: Դա է պատճառը, որ ինչքան լուռ մնան այս հարցի շուրջ, այնքան իրենց օգուտն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս