Իշխանափոխությունը պատվերով համերգ չէ, որ ով երբ ուզի` ասի. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության դիրքորոշման ու պլանների մեջ հոկտեմբերի 24-ի երեք ուժերի հանրահավաքից հետո որևէ բան չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ինձ համար կոնկրետ ոչինչ չփոխվեց: Իշխանությունները մինչև հոկտեմբերի 24-ն ու դրանից հետո ունեցել են իրենց օրակարգն ու գնում է իր օրակարգով: Այդ օրակարգի մեջ ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջև ծառացած խնդիրների օր առաջ լուծման: Ինչքան հնարավոր կլինի, դա ցույց կտա ժամանակը, և իշխանությունն ի տարբերություն ընդդիմության՝ չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ և դեմագոգիա: Իշխանությունները պետք է շատ ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն, և այդ փաստաթուղթն էլ՝ 2015 թվականի բյուջեն, այսօր ներկայացվել է Ազային ժողովի դատին», – ընդգծեց նա:

ԱԺ փոխնախագահը չբացառեց ընդդիմության հետ երկխոսությունը՝ հավելելով, որ հիմա էլ երկխոսություն կա: «Բայց երկխոսություն կա, ո՞վ է ասել՝ չկա: Ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից դիտվել մեր ծրագրերի հետ համահունչ, և որը կբերի պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման, մենք պատրաստ ենք քննարկել: Պարզապես միգուցե պատկերացումներն են տարբեր, մեր գործընկերների մոտ միգուցե համարվում են իրատեսական, մեզ մոտ կարող են իրատեսական չլինել: Ես գոնե մինչև հոկտեմբերի 24-ը որևէ կոնկրետ ծրագրային առաջարկ չեմ լսել և նույնիսկ այդ հանրահավքներում չեմ լսել ծրագրային, գաղափարական կետեր», – նշեց նա:

Այն դիտարկմանը, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությանը հրաժարականի համար ժամկետ տվեց, Շարմազանովն արձագանքեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ժամկետ նշեց, նրան հաջորդած ու նախորդած հռետորներն էլ ժամկետ չնշեցին, ոչ էլ դրա մասին խոսեցին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ Եվրասիականը վատ է, նրանք ասում են՝ շատ լավ է, հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարթակում կանգնածները նույնիսկ նույն դիրքորոշումը չունեն, եկել եք, ինձնից ինչ եք պահանջում»:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանն, ապա ՀՀԿ խոսնակն ասաց. «Իշխանափոխությունը մեր երկրում և ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով համապետական ընտրությունների միջոցով: Ընտրություններն ու իշխանափոխություն ասածը պատվերով համերգ չեն, կա ժողովրդավարական պետություն, կան օրենքներ, կա իշխանության տարանջատման սկզբունք, և պատվերով համերգ չէ, որ ով երբ ուզի՝ ասի ես իշխանափոխություն եմ պահանջում, ով երբ ուզի, ասի արտահերթ ընտրություններ, դրա համար պետք է լինեն մեխանիզմներ: Ինձ համար եռյակի ղեկավարների, գործիչների ընդհանուր տեսլական ու ծրագիր առկա չէ, եթե դուք տեսնում եք, կեցցե՛ք դուք»:




Լրահոս