Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ է մտնում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը, սակայն դրանց կիրառումը պարտադիր չէ, հետևաբար, քաղաքացիներն այն իրենց կամքով պետք է ձեռք բերեն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
“Հունիսի 1-ից, ամբողջ Երևանում, Վանաձորում և Գյումրիում կգործի բիոմետրիկ անձնագիրը: Մենք դեռ չենք կարող ամբողջ Հայաստանում ներդնել այդ համակարգը, որը շատ թանկ արժե”,-ասաց Հովհաննես Քոչարյանը:
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ նոր անձնագրեր ձեռք բերելը պարտադիր չէ “Մենք ասում ենք՝ մեր քաղաքացիներին սա չենք պարտադրում, սա կամովին է: Պետք է միայն նշել, որ հետագայում դժվար կլինի՝ առանց կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի՝ եվրոպական երկրների վիզա ստանալ: Այս համակարգը կնպաստի վիզա ունենալուն”,- նկատեց Հովհաննես Քոչարյանը:
Վերջինս նշեց նաև, որ նոր անձնագիր ունենալու դեպքում քաղաքացին չի հանձնում հին անձնագիրը: Ըստ Քոչարյանի, եթե քաղաքացին ունի սովորական անձնագիր, և ցանկանում է ունենալ միայն նույնականացման քարտ, վերջինս կարող է վճարել 3000 դրամ, և ձեռք բերել նույնականացման քարտ, սակայն, եթե քաղաքացին ցանկանում է ունենալ նաև կենսաչափական, նա պետք է վճարի 25.000 դրամ: Հիշեցնենք, որ կենսաչափական անձնագրերն առաջին անգամ կիրառվել են 2004թ.՝ Եվրոպայում. եվրոպական երկրները, միասնական որոշմամբ, 18 ամսվա ընթացքում կիրառելի դարձրեցին բիոմետրիկ անձնագրերը: