ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂՆԵՐԻՑ 10-Ն ԱՐԴԵՆ ՉԿԱՆ

15 տարի է անցել այն օրից, երբ Հայաստանի խորհրդարանի դահլիճում հրեշավոր ոճրագործության արդյունքում գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը: Ահաբեկիչների խմբին հաջողվել էր մտնել ամենապաշտպանված պետական կառույցներից մեկի՝ ՀՀ Ազգային ժողովի տարածք, անցնել անվտանգության մի քանի անցակետ, զինված հասնելով խորհդարանի նիստերի դահլիճ եւ…

8 պետական այր տեղում գնդակահարվեց: Այսօր՝ դեպքից արդեն 15 տարի անց, կարելի է վստահ պնդել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց մեր երկրի ապագան, մեր ազատությունը, ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի հավատը:
Անվիճելի է, որ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն ամենասիրված պետական գործիչներից էր: Սիրված էր, քանի որ նա սիրում էր Հայաստանը եւ մեծ քաղաքականություն էր վերադարձել՝ հանուն Հայաստանի ժողովրդի բարօրության:
Իսկ սպարապետ Վազգեն Սարգսյանը, հայի բարի, խելառ հայրենասեր տեսակն էր, որն իր անձնական կյանքն նվիրել էր Հայաստանին: Նա ինքնամոռաց մասնակցեց արցախյան պատերազմին, հաղթանակով վերադարձավ եւ իրականություն դարձրեց մեր պապերի վաղեմի երազանքը՝ կառուցեց հայոց բանակ:
Ուժն ու հմտությունը միախառնվել էին եւ մեր երկիրը սրընթաց ճանապարհով գնում էր դեպի բարեկեցություն: Սա չներվեց նրանց:
Ո՞վ եւ ինչո՞ւ Հրահանգեց գլխատել մեր երկիրը: Այս հարցի պատասխանը ստանալու հեռանկարը տարեց տարի ավելի մշուշոտ է դառնում, քանի որ այդ ողբերգության առիթով հարուցված քրեական գործով անցնող գրեթե բոլոր վկաները կամաց-կամաց հեռանում են կյանքից: Դժվար է պնդել, որ նրանց բոլորին հերթով սպանում են, բայց փաստ է, որ հոկտեմբերի 27-ի մասին, տեղեկություն տիրապետողները մեկը մյուսի հետեւից մահանում են:
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մահացած անձը մանկապղծության մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն է: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատերը տառապում էր քաղցկեղով: Հոկտեմբերի 27-ի գործով նա հարցաքննվել է որպես վկա: Հայտնի է եղել, որ նա է ֆինանասավորել ահաբեկիչների խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին: Սակայն, Հայաստանի ղեկավարության ամենավերին օղակներում ունեցած իր կապերի շնորհիվ ամերիկահայ մանկապիղծին հաջողվել անձեռնմխելի մնալ:
Սերոբ Տեր-Պողոսյանից առաջ այս տարվա մարտին մահացել էր հոկտեմբերի 27-ի գործով մեկ այլ կարեւոր վկա` Հանրային հեռուստաընկերության լրագրող Տիգրան Նազարյանը: Նա հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո տեղափոխվել եւ բնակվում էր ԱՄՆ-ում: 2014-ի մարտին հենց ԱՄՆ-ում էլ մահացավ:
Երկու տարի առաջ՝ 2012-ին մահացավ հոկտեմբերի 27-ի ոճրակործների խմբի ղեկավար եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյաններիի մայրը` Նատտելա Գալստյանը: Ինչպես հայտնի է նա ազատազրկման վայրում հանդիպել էր իր որդիների Նաիրի եւ Կարենի հետ ու ինչ որ կարեւոր զրույց ունեցել: Եւ ահա 2012-ի նոյեմբերի 22-ին Նատտելա Գալստյանի դին ՌԴ-ում հայտնաբերվեց գետում՝ խեղդված:
2010 թվականին հանկարծամահ եղավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի անդամ Համլետ Ստեփանյանը: Նա դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, եւ 2013 թվականին պատժի ժամկետը կլրանար: Սակայն… հանկարծամահ եղավ: Բանտում անցկացրած 11 տարիների ընթացքում նա երբեւէ չէր բողոքել սրտի աշխատանքից, լուրջ հիվանդությամբ չէր տառապել: Պաշտոնապես հայտնեցին, որ Համլետ Ստեփանյանը մահացել է սրտի կաթվածից:
2004-ին «Նուբարաշենի» մեկուսարանում կախվելու միջոցով մահացավ Նաիրի Հունանյանի քեռին՝ Վռամ Գալստյանը: Հիշեցնենք, որ Գալստյանը հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր բաներ ունի ասելու, դրա համար էլ բանտախցից մեկուսարան էին տեղափոխել: Երբ հայտնի դարձավ, որ Գալստյանը մահացել է, մի խումբ իրավապաշտպաններ անմիջապես այցելել էին մեկուսարան եւ արձանագրել, որ կախվելու միջոցով ինքնասպան եղած Գալստյանի ոտքերը կպած են եղել հատակին:
2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում` կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր:
Նույն թվականին ավտովթարից մահացավ 27-ի գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Նա ԱԺ ներկայիս պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:
2004-ի սեպտեմբերի 1-ին ավտվթարից մահացավ նաեւ ԱԺ բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը. նա հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարեւորագույն վկաներից էր: Այն մարդն էր, որ հայտնել էր, թե դեպքի օրը Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում մի խումբ դիմակավորված անձանց է տեսել: Նշենք, որ ինչպես գործով անցնող շատ այլ անձինք, նա եւս հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Հայաստանից հեռացել էր եւ բնակվում է ԱՄՆ-ում:
Գործով կարեւորագույն վկա՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին, հենց իր տան շքամուտքում: Ու թեեւ այդ գործով իբրեւ կազմակերպիչ դատապարտվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, այնուամենայնիվ, Նաղդալյանի սպանությունից հետո շրջանառվող վարկածի համաձայն նրան սպանել էին, որպեսզի չհասցնի դատարանում ցուցմունք տալ:
2000 թվականին բանտախցում էլեկտրահարությամբ սպանվել էր հոկտեմբերի 27-ի գործով վկա Նորայր Եղիազարյանը: Նա ահաբեկիչներին զենք վաճառած անձն էր:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿ

Սահմանամերձ Արծվաբերդի բնակիչ, 1997թ. ծնված Նարեկ Մադյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն մեղադրվում է մի քանի գողությունների մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով համագյուղացի, 1997թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի հետ՝ 2014թ. մարտի լույս 5-ի գիշերը գաղտագողի մուտք է գործել «Վահե-Օվսաննա» ՍՊԸ-ին պատկանող խանութ, կոտրել փականը, ապա բացել վաճառասրահում գտնվող «Արդշինինվեստբանկ»-ի բանկոմատի արկղի փայտյա դուռը, պոկել բանկոմատի դրամարկղի մետաղյա դռան փականը, սակայն չկարողանալով բացել դրամարկղի դուռը` հեռացել է:
2014թ. մարտի 17-ին էլ նույն Մադյանն ու Հովհաննիսյանը մուտք են գործել Գեղեցիկ Վանեսյանի առանձնատուն եւ նրան ծեծի ենթարկելով գումար են պահանջել: Մերժում ստանալուց հետո հափշտակել են կնոջը պատկանող բջջային հեռախոսը եւ հեռացել:
Իսկ ահա մայիսին Մադյանը եւ Հովհաննիսյանը Կոմունա Ոսկանյանի բնակարանից հափշտակել են 2 հատ բարձրախոս, մեկ զույգ սպորտային կոշիկ, կպչուն ժապավեն՝ պատճառելով ընդհանուրը 8800 դրամի վնաս: Նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, հանցավոր զույգին միացել է երրորդ «գործընկերը» Արծվաբերդի բնակիչ, 1992թ. ծնված Մխիթար Մխիթարյանը, ում հետ Կ. Ոսկանյանի բնակարանից հափշտակել են փոշեկուլ եւ լուսամփոփ՝ պատճառելով ընդհանուրը 40 հազար դրամի նյութական վնաս:
Այս ամենից հետո անպատիժ մնացած Մադյանը շարունակել է իր «ավարը»:
2013թ. դեկտեմբերին Աստղանուշ Հարությունյանի առանձնատան նկուղից հափշտակել է 60 մ երկարությամբ մալուխ՝ պատճառելով 25 հազար դրամի վնաս, իսկ 2014թ. հունվարին Աննա Առաքելյանի առանձնատան նկուղից հափշտակել է 10 լ տարողությամբ պղնձե կաթսա՝ պատճառելով 10 000 դրամի վնաս: Մինչ ամառ եւս երկու գողություն կատարելուց հետո «պատանի գործընկերները» հուլիսի կեսերին Արծավաբերդ գյուղում կայանած «ԳԱԶ-2410» ավտոմեքենայից հափշտակել են «Միկրո» տեսակի էլեկտրական կրիչ եւ արեւային ակնոց՝ պատճառելով 9500 դրամի վնաս: Բացի այդ Մադյանը եւ Հովհաննիսյանը Օնիկ Չոբանյանի առանձնատնից գողացել են էլեկտրական սափրիչ՝ իր լիցքավորիչով, պատճառելով 14700 դրամի վնաս, ապա արդեն երրորդ ընկոջ՝ Մխիթար Մխիթարյանի հետ «Նվերների աշխարհ» խանութից հափշակել է տղամարդու 3 ժամացույց եւ օծանելիք՝ պատճառելով 10.900 դրամի վնաս:
Ն. Մադյանին մեղադրանք է առաջադրվել 34-177, 175 հոդվածներով եւ 9 դրվագով՝ 177 հոդվածով, Դ. Հովհաննիսյանին՝ 34-177 հոդվածով, 175 հոդվածով, եւ 5 դրվագով՝ 177 հոդվածով, Մխիթար Մխիթարյանին՝ 3 դրվագով՝ 177 հոդվածով: Ուշագրավ է, որ նախկինում դատապարտված, 22-ամյա Մ. Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ նախկինում չդատապարտված, անչափահասներ Ն. Մադյանի եւ Դ. Հովհաննիսյանի նկատմամբ՝ կալանքը: Գործը Տավուշի մարզի դատարանում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՄԻՋԱՎԱՅՐԸ ՎԱՏԱՆՈՒՄ Է
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կառուցվող գործարար միջավայրի ցուցանիշը նվազում է։ 168.am-ի հաղորդմամբ` 2014թ-ի երրորդ եռամսյակում այն կազմել է 52.6, ինչը թեպետ գտնվում է կայունության միջակայքի սահմաններում՝ պահպանելով գրեթե բոլոր ոլորտներում առկա լավատեսական տրամադրվածությունը, սակայն նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 4.5 տոկոսային կետով։ Գործարար միջավայրի ցուցանիշի ամենացածր մակարդակը այս եռամսյակ գրանցվել է շինարարության ոլորտում՝ 34.1, ինչը պայմանավորված է ոլորտում աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ։

 

ՑՐՏՈՒՄ Է
Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արեւելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրեւի: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով: Հոկտեմբերի 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

ԴԱՐՁՅԱ՞Լ ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴԻՆ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Գորիս քաղաքում: Անկախության փողոցում «Նիվա» մակնիշի մեքենան բախվել է Hyundai մակնիշի մեքենային, որից հետո «Նիվայի» վարորդը դիմել է փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ` «Նիվան» վարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, որի հետ ավտոմեքենայում է եղել նաեւ մարզպետի թիկնապահ Նիկոլը: Ըստ տեղեկությունների, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ վթարի վայրից բավականին հեռու Գ. Նժդեհի փողոցում, ոստիկանները հայտնաբերել են «Նիվան»:

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայրենական կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները եւ դրանց լուծման առաջարկությունները: Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանը:

 




Լրահոս