Նախարարները գոհ են իրենց հատկացված գումարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էին «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներն ու ծախսերը` գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ 2015 թվականի բյուջետային հատկացումների շուրջ:

-Տիկ՛ին Պողոսյան, 2015 թվականի բյուջետային հատկացումներից գո՞հ եք:

-Գոհ ենք եւ 2015 թվականի՝ մեզ հատկացված բյուջեն նպատակային կուղղենք այն ծրագրային ուղղություններին, որոնք նշել ենք որպես գերակա:

-Որո՞նք են գերակա ուղղությունները:

-Դրանք հիմնականում վերաբերում են Հայոց ցեղասպանության ծրագրերին, թատերական ոլորտին, նյութատեխնիկական բազայի հատկացումներին եւ դրանց արդիականացմանը: Պետք է ներմուծենք նոր մշակութային ծրագիր. սահմանապահ համայնքների երեխաների համար նպատակային նախագծերի իրականացում, որոնց մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը եւս գոհ է այս տարվա բյուջեի հատկացումներից:

-Պարո՛ն Ղազարյան, 2015 թվականի բյուջեի հատկացումներից գո՞հ եք:

-Ընդհանուր առմամբ այս տարվա բյուջեի հատկացումներից գոհ եմ, ամեն դեպքում որեւէ ակնհայտ դժգոհություն չկա: Ավելացել է մի շատ լավ ծրագիր. ֆինանսավորվելու են մեր բոլոր ֆեդերացիաները, մարզադպրոցները, նոր մարզագույք ենք ձեռք բերելու:
Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց առ այն, որ սփյուռքն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներից գոհ է:

-Տիկի՛ն Հակոբյան, գո՞հ եք սփյուռքի նախարարությանը տրամադրված գումարներից:

-Գումարներն առաջին օրվա (նախարարության Լ.Ս) ստեղծումից սկսած քառապատկվել են: Մեր ծրագրերը մշտապես ավելանում են, ոչ թե քչանում:
Կարող եմ ասել, որ մեր ՕԳԳ-ն գնահատում են հենց սփյուռքահայերը: Բոլոր սփյուռքահայերը գոհ են: Որեւէ մեկը չի դժգոհում, չի վիրավորվում, չի նեղանում եւ չի գտնում, որ մեր ծրագրերը տեղին չեն եւ չեն ծառայում իրենց նպատակին: Մեր ծրագրերի եԲւ աշխարհագրությունն է ընդլայնվում, եԲւ թվաքանակն է շատանում: Իսկ այդ ցուցանիշները խոսում են այն մասին, որ մենք ճշգրիտ ենք իրականացնում սփյուռքի հետ աշխատանքը:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս