ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության ոլորտում իրականացրած մի շարք ծրագրերի կապակցությամբ: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում վերոնշյալ գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի և ուսանողների ներգրավման և աջակցության խնդիրը:
Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին: Նախարարի խոսքով` ԵՊՀ-ում արդեն գործում է Եվրոպագիտության կենտրոն, շուտով իր աշխատանքները կսկսի նաև ռուսաց լեզվի կենտրոնը: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև անգլերեն լեզվի կուրսերի անցկացման, դպրոցներում անգլերենի արտադպրոցական խմբակների ստեղծման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցումը հանրակրթական դպրոցներում: Ա. Աշոտյանը հայտնել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:
Դեսպան Հեֆերնն անդրադարձել է Հայաստանում Ամերիկյան համալսարանում իրականացվող բակալավրիական կրթության և կրկնակի դիպլոմների տրամադրման խնդրին` նշելով, որ վերջերս տեղի ունեցած բաց դռների օրվան մասնակցել է շուրջ 600 երիտասարդ: Դեսպանը խոսել է նաև ՀՀ-ում միջազգային դպրոցների և Ամերիկյան կենտրոնի գործունեությանը: Ամերիկյան կողմին, մասնավորապես. հետաքրքրել է ՏՏ, գյուղատնտեսական և բիզնես կրթությունը միջին մասնագիտական ոլորտում` այդ համատեքստում կարևորելով կրթություն-աշխատաշուկա կապը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առցանց կուրսերի և լրագրողական կրթության խնդիրներին: