ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Օրերս Քեմփ Դևիդում Մեծ ութնյակի առաջնորդները քննարկում էին, թե ինչպես պետք է հաղթահարել տնտեսական ճգնաժամերը: Նրանք բոլորը համաձայնեցին, որ այսօրվա իրավիճակում աճի և խնայողության (growth vs austerity) մշտական բանավեճում նախապատվությունը պետք է տալ ոչ թե խնայողությանն ու զսպողականությանը, այլ տնտեսության խթանմանը և աճին: Սա ուսանելի պետք է լինի նաև Հայաստանի համար: Ընդհանրապես, յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ տնտեսական զարգացման մրցակից տեսությունները հայտնվում են մարդկանց ուշադրության կենտրոնում, երբ քաղաքական առաջնորդները ստիպված են ուղիներ որոնել տնտեսությունները ծանր վիճակից դուրս բերելու համար: Բանավեճն ընթանում է երեք հարթություններում: Առաջինը Քեյնսի և մոնետարիստների բանավեճն է այն հարցի շուրջ, թե որ քաղաքականությունն է առավել արդյունավետ տնտեսության խթանման համար՝ հարկաբյուջետայի՞նը, թե՞ մոնետարիստների կողմից առաջարկվող դրամավարկայինը: Երկրորդը Քեյնսի տեսության և Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքի տեսության շուրջ բանավեճն է, թե արդյոք շուկայի ուժերը բավարա՞ր են տնտեսության կարգավորման և ճգնաժամից դուրս գալու համար, թե՞, ինչպես Քեյնսն է պնդում, այս հարցում անհրաժեշտ է կառավարության անմիջական և հետևողական միջամտությունը: Երրորդը Քեյնսի՝ աճի և Հայեկի՝ խիստ խնայողության տեսությունների շուրջ բանավեճն է, որ երբ տնտեսությունն իր վրա կրում է պետական մեծ պարտքի և դանդաղ աճի ծանր բեռը, ո՞րն է ելքը՝ ա՞ճը, թե՞ խնայողությունը: Ասեմ, որ ինքս Քեյնսի հետևորդ եմ: 2009թ. ճգնաժամը և դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեցին, որ Քեյնսը ջախջախիչ հաղթանակ է տարել: Ամենավերջին հաղթանակը, ինչպես նշեցի, Քեմփ Դևիդում արձանագրվեց: Ցավոք, անցած չորս տարիներին յուրաքանչյուր քայլափոխի մեր կառավարությունն իր վարած քաղաքականությամբ գլոբալ այս վեճերի հարթությունում շահող կողմում չի հայտնվել՝ նախապատվությունը միշտ տալով դրամավարկային քաղաքականությանը, տնտեսության կարգավորումը հնարավորինս թողնելով շուկայական ուժերին և, վերջապես, առավել հակված լինելով զսպողականությանը, քան տնտեսության խթանմանը և աճին:
Այսօր արդեն կասկածից վեր է, որ կառավարության վարած քաղաքականությունը ամբողջական վերանայման կարիք ունի: Պետք է փոխվի դրա ողջ գաղափարախոսությունը, ընտրված թիրախները և շեշտադրումները”: