Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթն անդրադարձել է վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Շառլ Ազնավուրի՝ թուրքական պարբերականին տված հարցազրույցին: «Հայաստանը հավատալ չի ցանկանում» հոդվածում ներկայացվել է թե՛ Հայաստանից հնչող տեսակետները, թե՛ հարցազրույցի հեղինակի խոսքը:
Իսկ հարցազրույցի հեղինակ Էրքան Օզերմանն «Ակօս»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ հարցազրույցն իրականում տեղի է ունեցել: Նա ասել է, թե իրենք խոսել են սեղանի շուրջ, Ազնավուրը տեղյակ է եղել հարցազրույցի մասին և իրեն շնորհված «Ոսկե սոսի» մրցանակն էլ ուրախությամբ է ընդունել:
Նա նշել է, թե այդ հարցազրույցն արել է ոչ թե Ազնավուրին քաղաքականացնելու, այլ նրա մարդկային կողմը ցույց տալու նպատակով:
«Ազնավուրը նման տեսակետներ հայտնել է նաև ավելի վաղ՝ տարբեր առիթներով, և դրանց սուտ լինելը պնդելը ցույց է տալիս միայն ժողովուրդների բարեկամությանը դեմ լինելը»,-ասել է Օզերմանը:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն երեկ հայտարարություն էր տարածել, թե այդ հարցազրույցն իրականում չի եղել: