«Վիկիլիքսի» հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի եւ Սերժ Սարգսյանի փեսա, ներկայումս Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ու ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի՝ 2007թ. նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման մասին: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական դրությունը՝ անդրադարձ կատարելով ընդդիմության նկատմամբ իշխանությունների ցուցաբերած գործողություններին, Հայաստանում խոսքի ազատության հիմնախնդիրներին եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին:
Նկատենք, որ իշխանության ներկայացուցիչները ոչինչ չեն ունեցել հակադրելու ամերիկացիների մեղադրանքներին ընդդիմության հանդեպ ձեռնարկած տնտեսական հալածանքների կապակցությամբ: Ուշագրավ են նաեւ Մինասյանի տեսակետները ներքաղաքական իրավիճակի եւ ՀՀԿ-ականների կատակները Իրանի նախագահի շուրջ:
Այսպես՝ Փենինգտոնը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի խորհրդականների առաջ բարձրացրել է ընդդիմության նկատմամբ իշխանությունների սանձազերծած տնտեսական բռնությունների հարցը: Այդ համատեքստում կենտրոնական թեման եղել է այն ժամանակ ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցություն հայտնած գործարար Խաչատուր Սուքիասյանի բիզնեսների նկատմամբ իրականացվող ագրեսիվ հարկային քաղաքականությունը:
Փենինգտոնը հայտնել է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների եւ գործարարների նկատմամբ ցանկացած բռնություն Հայաստանի իշխանությունների համար լուրջ խնդիրներ կարող է ստեղծել: Դիվանագետը նկատել է, որ թեպետ իրենք մանրամասնորեն չեն տիրապետում իրադարձություններին, այդուհանդերձ, առկա կարճ ժամանակահատվածում իրավիճակն ամբողջականորեն դիտարկելով՝ Վաշինգտոնի ու Եվրոպայի ղեկավարությունը բավականին բացասաբար է նայելու ստեղծված դրությանը: Հեղինակը փոխանցում է, որ իր ակնարկը Մինասյանը շատ լավ է հասկացել եւ պատասխանել է, որ ինքը միանշանակորեն համաձայն է դիվանագետի գնահատականների հետ: Հետաքրքիր է՝ Սարգսյանի փեսան օտարերկրյա դիվանագետների առաջ փաստորեն ընդունել է փաստը, որ ՀՀ կառավարությունը ռեպրեսիաներ է իրականացրել ընդդիմության դեմ:
Ուշագրավ է, որ Մինասյանը փորձել է մեղմել դրությունը՝ հավելելով, թե Խաչատուր Սուքիասյանը երկար տարիներ է ստվերային ու երկակի գործունեություն ծավալել: Փենինգտոնը, սակայն, թույլ չի տվել խոսակցությունը հեռացնել գործնական հարթությունից եւ պնդել է, որ Սուքիասյանն իրականում երկար տարիներով նույն կերպ էլ աշխատել է ու իշխանություններն ակնհայտորեն ոչ մի խնդիր չեն ունեցել դրա հետ եւ նրա առաջ նմանօրինակ ստուգումներ ու հալածանքներ չեն բանեցրել: Եվ ահա, «ինչո՞ւ է հանկարծ կարիք առաջացել նրա տնտեսական գործունեությունը դնել միկրոսկոպի տակ հատկապես այն օրերին, երբ Սուքիասյանն ակնհայտ քաղաքական աջակցություն է ցուցաբերել ընդդիմադիր թեկնածուի հանդեպ»: Միքայել Մինասյանը, անկարող լինելով որեւէ տրամաբանական հակափաստարկ ներկայացնել, ստիպված է եղել ընդունել, որ իրավիճակը խնդրահարույց տպավորություն է թողնում:
Անդրադառնալով «Ազատություն» ռ/կ հանդեպ նախագահի աշխատակազմի (նախկին) ղեկավար Արմեն Գեւորգյանի սպառնալիքների հարցին՝ Փենինգտոնը նկատել է, որ ռադիոկայանի հանդեպ ցանկացած ոտնձգություն համարվելու է լրջագույն սեւ բիծ Հայաստանի ժողովրդավարական փորձառնության նկատմամբ: Մինասյանն այստեղ իր անհամաձայնությունն է արտահայտել ամերիկացի դիվանագետի հետ՝ շեշտելով, որ «Ազատություն» ռ/կ-ի հայաստանյան ծառայությունը նման է այն երեխային, որին ծնողները թույլ են տվել վազվզել փողոցում եւ չեն էլ հետեւում, թե ինչով է նա զբաղվում: Համեմատությունն ավարտելով՝ Սարգսյանի փեսան պնդել է, որ այդ ռադիոկայանի հայաստանյան ծառայությունը ղեկավարվում է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր ուղղորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հին ու մտերիմ ընկեր Հրայր Թամրազյանի կողմից:
Մինասյանը հավելել է, որ ռադիոկայանի ղեկավարությունը չտիրապետելով հայերենին՝ չգիտի, թե ինչ որակի հաղորդումներ են հեռարձակվում Հայաստանում: Նրա պնդմամբ՝ հաղորդումներից մեկում Ռ.Քոչարյանին անգամ «թուրք» են անվանել: Նրա կարծիքով՝ իշխանությունները հատկապես տհաճություն են զգում ռադիոկայանի «քծնանքից Տեր-Պետրոսյանի հանդեպ» եւ որ այդ ամենը կատարվում է՝ ԱՄՆ կառավարության աջակցությունը թիկունքում ունենալով: Եզրափակելով թեման՝ Մինասյանը խոստացել է մտահոգությունները հասցնել Ա. Գեւորգյանին ու մեղմել նրա կոշտ դիրքորոշումը: Արձանագրենք, որ Մինասյանը հերթական անգամ գնացել է զիջման ու ամերիկացիների աչքին նախընտրելի երեւալու նպատակով խոստացել «մեղմել» իշխանությունների բարկությունը: Հատկանշական է, որ եթե վերոնշյալ լրատվականն իսկապես այդքան վտանգավոր էր Հայաստանի համար, հազիվ թե ազնիվ իշխանությունն աչք փակեր դրա նկատմամբ:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունները, որի առնչությամբ Փենինգտոնը ներկայացրել է ԱՄՆ մտահոգությունները: Ամերիկացիներին հատկապես զայրացրել էր Իրանի՝ այժմ նախկին նախագահ Ահմադինեժադի՝ Հայաստան կատարած այցելությունն ու ԵՊՀ-ի կողմից նրան պատիվների արժանացնելը: Ամերիկացին զգուշացրել է, որ Հայաստանի կողմից իրանական գազի՝ Վրաստան արտահանումը յուրօրինակ ազդակ կհանդիսանա ԱՄՆ համար:
Սարգսյանի թիմակիցները հապճեպորեն ժխտել են իրանական գազի՝ Հայաստանի միջոցով արտահանման հավանականությունը: Ավելին՝ նրանք նկատել են, որ ԵՊՀ-ն նման կոչումներ է շնորհում յուրաքանչյուր օտարերկրացու, որ հայտնվում է ասպարեզում: Նկատենք, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները դժվար թե նման արհամարհական տոնով խոսեին ԵՊՀ-ի շնորհած կոչումների մասին Իրանի դեսպանի առաջ: Նրանք այդ պահվածքով ծաղրել են թե՛ ԵՊՀ-ին, թե՛ Իրանի նախագահին՝ վերջինիս կարգավիճակը նույնացնելով մի սովորական օտարերկրացու:
Նժդեհ Հովսեփյան