Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում երիտասարդ դասախոսներին հորդորեց ազատման դիմումներ չգրել: Նա անդրադարձավ պետական բուհերում երիտասարդ դասախոսների աշխատավարձից պահումներ անելու հարցի հետ կապված «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից իրականացրած բողոքի ակցիային:
«Ես խնդրում եմ, որ բոլոր այն դասախոսները, ովքեր դեռ ազատման դիմում չեն գրել, չանեն դա, սպասեն, խնդիրն անպայման կլուծվի:
Ես ուրախ եմ, որ հանրային նախաձեռնությունները խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում, բայց միևնույն ժամանակ պետք է շեշտեմ, որ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է մինչև հանրային նախաձեռնությունների կողմից մտահոգություն ստանալը»,-ընդգծեց նա:
ԿԳ նախարարը հայտարարեց, որ խնդիրն անպայման լուծում կստանա: «Փորձում ենք խնդրին լուծում տալ՝ առանց օրենքի փոփոխության, բայց իրավաբաններն ասում են, որ մեր այդ մոտեցումը հնարավոր չի լինի իրականացնել: Մեր նախարարությունը ոչ թե խնդիրը լուծողն է, այլ բարձրաձայնողը», – եզրափակեց նա: