ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանը տեւական ժամանակ է, ինչ փնտրում է իրենց գյուղում գտնվող «Արցախ» հանգստյան տան սեփականատերերին: Բանն այն է, որ հանգստյան տան տնօրինությունը մեկ տարուց ավել է, ինչ չի վճարում իր գույքի եւ հողի հարկերը:
Գյուղապետը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ հանգստյան տունը համայնքի բյուջեին պարտք է ավելի քան 2.5 մլն դրամ: Տարիներ առաջ այս հանգստյան տունը պատկանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Ըստ Մովսիսյանի՝ այս հանգստյան տունը հաճախակի է տնօրեն փոխել:
«Ես որքանով տեղյակ եմ՝ «Էրեբունի Ալկո»-ն է սեփականատերը, բայց հստակ չգիտեմ: Ես ինքս էլ եմ հանգստյան տան սեփականատերերին փնտրում»: «Էրեբունի Ալկո»-ի հետ կապվելու «Ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն: Բայց մեզ հայտնի դարձավ, որ «Արցախ» հանգստյան տունը բանկերից մեկում գրավադրված է եղել եւ այժմ հանվել է աճուրդի: