ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԴԻԿ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա անցած տասն ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել շուրջ 40 հազար մարդ: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը 29 հազարից մի փոքր ավել է եղել: Այսինքն՝ անցած տարվա համեմատ ինքնաթիռով մեկնող եւ չվերադարձողների թիվն աճել է ավելի քան 36 տոկոսով: Ի դեպ, վերջին տարիներին արտագաղթողների կեսից ավելին բաժին է հասնում ավտոմոբիլային տրանսպորտին: Այսինքն՝ արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տարեվերջին արտագաղթի ամփոփ ցուցանիշն առնվազն 50 հազարի սահմաններում է լինելու:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին մի քանի ամիսներին, երբ ՀՀ քաղաքացիները ցանկանում են բանկերում դոլարով գործարքներ կատարել, բանկի աշխատակիցները, չգիտես ինչու, նրանցից սկսում են հարցուփորձ անել, թե արդյոք նրանք որեւէ կապ ունեն ԱՄՆ-ի հետ: Արդյունքում՝ հաճախորդը կարող է կես ժամ կամ ավել սպասել, մինչեւ բանկի աշխատակիցները նրա անձնագրային տվյալների հիման վրա կստուգեն՝ նա ԱՄՆ-ի հետ ֆինանսական կապ ունի, թե ոչ: Բանկերի աշխատակիցները, հաճախորդների հարցերին ի պատասխան, ասել են, որ ԱՄՆ-ի հետ հաճախորդի կապ ունենալ-չունենալն իրենցից պահանջում են ճշտել վերջին մի քանի ամիսներին` Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց հետո: Այս փաստը տարակուսանքի եւ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Մասնավորապես՝ Հայաստանի բանկերին ո՞վ եւ ինչո՞ւ է նման հրահանգ տվել:

 

 
«Գազպրոմ-Արմենիան» ջերմատնային տնտեսությունների գազամատակարարումը միացնելու համար տնտեսվարողներից պահանջում է կանխավճարներ մուծել: Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի ջերմատնային ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը: «Գազպրոմ-Արմենիան» տնտեսվարողներից պահանջում է մեկից մինչեւ չորս միլիոն դրամի կանխավճար` պայմանավորված ջերմոցի մեծությամբ: Արդյունքում՝ տնտեսվարողներն այս օրերին բավական ծանր կացության մեջ են հայտնվել, քանի որ եղանակի կտրուկ ցրտելուց հետո ջերմատնային տնտեսությունները պետք է ջեռուցվեն, հակառակ դեպքում բույսերը կցրտահարվեն: Ի դեպ, «Գազպրոմ-Արմենիայի» նման գործելաոճը պայմանավորված է անցած տարի ձմռանը ջերմատնային տնտեսությունների բարձրացրած աղմուկով: Ջերմոցատերերը բողոքում էին մատակարարվող գազի ցածր որակից, ինչի արդյունքում նրանք միլիոնավոր դրամների հաշիվներ էին ստացել, բայց չէին կարողացել ջերմոցներում նորմալ ջերմաստիճան ապահովել:

 

 

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է լիցենզիաներ տրամադրել մի ընկերության, որը, ըստ ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, ներկայումս գործունեություն չի ծավալում: Հատկապես ՀԾԿ հանձնաժողովը հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության միանգամից չորս լիցենզիաներ է տրամադրելու «Էներգիա» ՍՊԸ-ին, որը հիմնադրվել է 1994-ին, իսկ ներկայումս գտնվում է «գործունեությունը դադարեցված է» վիճակում: Մեկ այլ որոշմամբ էլ ՀԾԿ հանձնաժողովը սահմանելու է նշված չորս փոքր հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը` 11.233 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Իսկ ամենակարեւորն այն է, թե որտեղ են տեղակայված այդ ՀԷԿ-երը, որոնք պարզվում է՝ արդեն գործում են: ՀԷԿ-երը տեղակայված են ոչ ավել, ոչ պակաս Ապարան-Երեւան խմելու ջրատարի վրա: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

 

 

 

ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ

Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ անսպասելիորեն անդրադարձել է ընդդիմության առաջադրած 12 կետերին եւ նշել, որ Կառավարությանն առաջարկել է վերստին անդրադառնալ այդ կետերին. «Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ Կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, եւ սա է, օրինակ, այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռեւս հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եւ այդպիսի առաջարկություն ես Կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը եւ նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»: Սարգսյանի այս հայտարարությունն անսպասելի էր, քանի որ հենց ինքը` եռյակը, այդ 12 կետերի մասին մոռացել էր: Համենայն դեպս, ոչ վերջին հանրահավաքի ընթացքում, ոչ էլ եռյակի ներկայացուցիչների` դրան հաջորդած հրապարակային ելույթներում եւ հարցազրույցներում այդ կետերի մասին հիշատակումներ չկային:
Եվ հիմա, վերստին թարմացնելով այդ 12 կետերը՝ Ս. Սարգսյանը, կարելի է ասել,փորձում է եռյակին հետ բերել կառուցողական դաշտ եւ «դեմքը փրկելու» հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք կարողանան ասել, թե Կառավարությունն իրենց ճնշման ներքո այս կամ այն կետը բավարարեց. «Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի եւ՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, ե՛ւ մյուս կողմից էլ՝ Կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով՝ միգուցե նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»:
Հատկապես այս վերջին մասով, փաստորեն, Ս. Սարգսյանը նաեւ փոխզիջման հրապարակային առաջարկ է անում, կամ էլ, ավելի ճիշտ՝ արձագանքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ նախորդ հանրահավաքում հնչեցրած ակնկալիքին իշխանությունների կողմից առաջարկությունների վերաբերյալ:
Թե ինչով է պայմանավորված այս քայլը, դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ եռյակի նույն՝ 12 կետերի հետ կապված Սերժ Սարգսյանի համար անընդունելի էր «պահանջում ենք» ձեւակերպումը, իսկ այսօր արդեն նա «ինքնաբուխ» կերպով է թարմացնում այդ պահանջները, խոսում է այն մասին, որ ընդդիմության դիրքերն ավելի ամուր են, քան կարող է ոմանց թվալ: Կամ էլ, ավելի ճիշտ` իշխանության դիրքերը շատ ավելի թուլացած են, քան ՀՀԿ-ականները ցույց են տալիս:
Ամեն դեպքում` իր այս քայլով Ս. Սարգսյանը փորձում է հունավորել եռյակի գործողությունները: Կստացվի, թե ոչ` պարզ կդառնա կարճ առաջիկայում:

 




Լրահոս