ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է ավազակության և կողոպուտի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչներ Ջ. Իսկանդարյանը, Ա. Ջանոյանը, Տ. Եղիազարյանը, Դ. Թարբաշյանը, Երևան քաղաքի բնակիչ Գ. Չիլինգարյանը, ինչպես նաև Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Ս. Դավոյանը և Վ. Էլամյանը, նախնական համաձայնության գալով, 2011 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012 թ. հունվարի 18-ը կատարել են ավազակություն և գողություն:
Մասնավորապես` հիշյալ ժամանակահատվածում նշված անձինք 1 ավազակային հարձակում կատարել են Գյումրիում, Երևանում` 1 կողոպուտ և Արարատի մարզի Այգեպատ գյուղում` 7 գողություն` հափշտակելով 3 415 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և գույք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով,
Վ. Էլումյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Ջ. Իսկանդարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Ա. Ջանոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Տ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, Գ. Չիլինգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, Դ. Թարբոշյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերոհիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 14.05.2012 թ. ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: