Կոտայքի մարզպետարանի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Կոտայքի մարզային փուլը:
Մինչ մարզային փուլի մեկնարկը ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդունել է փառատոնի կազմկոմիտեի և ժյուրիի անդամներին, նրանց հետ համատեղ քննարկել մարզում ասմունքի փառատոնի կազմակերպչական մանրամասները, մտավորականների հետ զրուցել մարզի մշակույթի բնագավառի զարգացման հեռանկարային ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև ասմունքի փառատոնի տարածաշրջանային փուլերում հաղթող ճանաչված թվով 40 դպրոցականներ, 11-14 և 15-17 տարեկանների տարիքային խմբերում, մասնակցել են մարզային մրցույթին` ներկայացնելով Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից շատերը:
Ասմունքի փառատոնի մարզային փուլի լսումներից հետո տեղի է ունեցել մրացանակաբաշխության հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու ժյուրիի անդամները խրախուսական նվերներ և պատվոգրեր են հանձնել ինչպես մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, այնպես էլ մարզային փուլին մասնակցող բոլոր դպրոցականներին:
Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հոբելյաններին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ – փառատոնի մարզային փուլի մասնակիցներին և հյուրերին ողջունել է Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը` իր խոսքում ընդգծելով փառատոնի իրականացման կարևորություններն ու մարզի դպրոցականների առօրյայում վերջինիս ունեցած արդյունավետ և ուսանելի նշանակությունը:
Փառատոնի արդյունքներն ամփոփել ու կազմկոմիտեի անունից մասնակիցներին ողջունել է նաև պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը:
Հավելենք, որ մարզային փուլում հաղթող ճանաչված 7 աշակերտներ առաջիկայում մասնակցելու են ասմունքի փառատոնի հանրապետական փուլին: