Մարտի լույս 31-ի գիշերվա ցրտահարությունից Տավուշի մարզի այգիներից սպասվող բերքը որոշակիորեն տուժել է: Այդ մասին հայտնեց «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանը: Նա ասաց, որ Պտղավան գյուղի տարածքում, 5 մետր բարձրության վրա տեղադրված ջերմաչափն այդ գիշեր՝ ժամը 4-ի սահմաններում ցույց է տվել 1-4 աստիճան ցուրտ, իսկ հողի մակերեւույթին ջերմաստիճանը եղել է 0-2 աստիճան ցածր: Ս.Զաքարյանը հայտնեց, որ ցրտահարությունը մեծ չափով վնաս է պատճառել ծիրանենիների, սալորենիների, կեռասենիների բերքին, քանի որ Դեբեդի հովտի այգիներում այդ պտղատեսակների ծառերն արդեն ծաղկել էին:
«Դեղձի ծառերի ծաղիկները կիսով չափ են բացվել, ուրեմն այդ ծառերի բերքը որոշ չափով է պակաս լինելու», -ասաց փորձառու այգեգործը: Նրա խոսքերով` ապրիլի 1-ի գիշերը եւս կարող է ցրտահարություն լինել: Ս. Զաքարյանը մտավախություն ունի, որ հարեւան Վրաստանի Մառնեուլի տարածաշրջանից Դեբեդի հովտի այգիներ կարող են խուժել ցուրտ հոսանքներ, որոնց դեպքում գիշերային ցրտահարությունից մեծ վնասներ կարող են լինել: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» հկ-ի ղեկավարը տեղեկացրեց, որ Դեբեդի հովտի այգիները Տավուշի մարզի այլ տարածաշրջանների այգիների համեմատ ավելի քիչ են տուժել, քանի որ Դեբեդի հովիտը ցածրադիր է. մարտի 31-ի դրությամբ այնտեղ ձյան շերտ չկար: Իսկ ահա Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում պտղատու ծառերի ակնկալվող բերքի վրա ցրտահարությունն ավելի է ազդել:
Հավելենք, որ Տավուշի մարզի բնակիչների համար ցավալի էր ծաղկած հոնենիների վրա ձյան հաստ՝ 30 սանտիմետրանոց շերտի առկայությունը: Դա նշանակում է, որ հոնենիներն այս տարի բերք չեն տալու: Ամեն տարի Տավուշի մարզի հազարավոր բնակիչներ անտառում հոն հավաքելով` վաճառում են մթերող տարբեր կազմակերպությունների: Անտառաշատ մարզի բնակիչները հավաքած հոնից նաեւ օղի են թորում, այն վաճառում եւ այդ կեպ հոգում իրենց կարիքների մի մասը: Իսկ այս տարի նրանք, ըստ ամենայնի, կզրկվեն այդ հնարավորությունից: Առհասարակ, Տավուշի ֆերմերները բնության տարերքից շատ մտավախություններ ունեն: Հեռավոր մարզում չկա հակակարկտային եւ ոչ մի կայան, ուստի գյուղացու բերքը որեւէ կերպ ապահովագրված չէ կարկտահարությունից: Եվ այսօր էլ, 21-րդ դարում, Տավուշի մարզում գյուղացու հանապազօրյա հացը շարունակում է մնալ «երկնքից կախված»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ