ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարությունը հաստատեց 2015 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» դիմել են ֆինանսների նախարարություն՝ առաջարկելով առողջապահությանը հատկացվող գումարներն ավելացնել, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղին աջակցել եւ սահմանամերձ գոտիների համար գումարներ տրամադրել:

Պ. Սաֆարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 367 առաջարկություն է եղել, որոնցից ֆինանսների նախարարությունը 45-ն է ընդունելի համարել: Դրանք ընդհանուր 13,5 միլիարդի լրացուցիչ ծախս են առաջացրել: Ըստ Պավել Սաֆարյանի՝ ավելացվել են քննչական կոմիտեի պահպանման ծախսերը, Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների, հյուսիս-հարավ ճանապարհի ծրագրի եւ սահմանամերձ համայնքների համար հատկացվելիք գումարները:
Սաֆարյանը տեղեկացրել է նաեւ, որ մնացած 210 առաջարկությունների համար տրվել են պարզաբանումներ, որոնք վերաբերում էին բյուջեի այս կամ այն կետին: «112 առաջարկություն, պայմանավորված գումարների ներդրմամբ, չեն ընդունվել»,- մասնավորեցրեց փոխնախարարը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մինչեւ երկուշաբթի բոլոր հարցերը պետք է քննարկվեն, որպեսզի երեքշաբթի օրը` ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, քննարկվի բյուջեի լրամշակված նախագիծը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են կարողացել գումար «հայթայթել» ներկայացված եւ ընդունված առաջարկություններով սահմանված հատկացումների համար այն դեպքում, երբ ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարում էին, թե ներառել են այնքան ծրագրեր, որքանին բավարարել է իրենց գումարը:
-Պարո՛ն Սաֆարյան, ի՞նչ տրամաբանությամբ է ՀՀ Կառավարությունը ԱԺ խմբակցությունների, պատգամավորների ներկայացրած 367 առաջարկություններից 45-ն ընտրել: Ինչպե՞ս է որոշվել առաջնահերթությունը:
-2015 թվականի բյուջեն Ազգային ժողովում քննարկելուց հետո մենք խորհրդարանին հնարավորություն ենք տալիս 24 ժամվա ընթացքում իրենց խմբակցություններով քննարկել, թե ինչ հարց են ցանկանում, որ ներառվի բյուջեի մեջ: Մենք օրենքով սահմանված կարգով ստացել ենք 367 առաջարկություն, ամբողջությամբ կամ մասնակի ընդունելի է համարվել 45 առաջարկություն: Հիմնականում ընդունվել են այն առաջարկությունները, որոնք կապված են դպրոցաշինության հետ: Ըստ էության, միայն շինարարության մասով է եղել, տարբեր բաներ կան, ոչ միայն՝ դպրոցներ, այլեւ մանկապարտեզներ եւ այլն: Ընդունված առաջարկությունները դրանք փողային առաջարկություններ են, հիմնական ուղղությունը դա է եղել:
-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ 2015 թվականի բյուջեի նախագծում թերի էր կրթական հաստատությունների կառուցմանն ու վերականգնմանն ուղղված հատվածը:
-Պատգամավորներն առաջարկել են, մենք էլ ուսումնասիրել ենք, տեսել ենք՝ իսկապես նման խնդիր կա, ու ներառել ենք: Նախագիծ կա, նախահաշիվ կա, որովհետեւ դեպքեր են եղել, որ ասում են, թե այս ծրագրի համար 10 միլիոն գումար տրամադրեք, հետո տեսնում ես, որ դրա համար ոչ թե 10 միլիոն էր պետք, այլ 800 միլիոն էր պետք, ու այդ 10 միլիոնն անիմաստ է ծախսվում: Դրանք են հաշվի առնվել:
-Իսկ ԱԺ պատգամավորների, խմբակցությունների առաջարկությունները քննարկելիս Կառավարությունը հաշվի առե՞լ է, թե որ «թեւի» ներկայացուցիչների կողմից են արված դրանք` ընդդիմության թե իշխանության:
-Ես Ձեր հարցին անկեղծ եմ պատասխանում, որեւէ նման վերաբերմունք չենք կարող ցուցաբերել, քանի որ Կառավարությունը հաշվի է առնում բոլոր այն առաջարկությունները, որոնք կարեւոր են մեր երկրի համար: Եթե անկեղծ ասեմ՝ չեմ էլ նայել, թե ում առաջարկությունն է եղել, ու մենք ինչպես ենք պատասխանել, ընդամենը ներկայացված առաջարկությունը քննարկել ենք, ու եթե այն իրագործելի է համարվել, ապա այդպես էլ վարվել ենք: Կառավարությունը որեւէ նման խնդիր չունի քննարկել առաջարկություններ, որոնք ներկայացրել են միայն իշխանության ներկայացուցիչները, իսկ ովքեր օպոզիցիա են, նրանց մերժել: Անկեղծ եմ ասում՝ կոնկրետ չեմ էլ կարող ասել, թե ում առաջարկություններն են բավարարվել, ումը՝ մերժվել:
-Բայց այդ առաջարկությունների ընդունումից հետո 13,5 միլիարդ դրամի լրացուցիչ ծախս է առաջացել, ինչպե՞ս է լուծվել այդ հարցը, երբ Կառավարությունը մշտապես բողոքել է ֆինանսական միջոցների սղությունից:
-Այդ գումարներից 6 միլիարդը վերաբաշխում է արվել, այսինքն՝ Կառավարության պահուստային ֆոնդը 20 միլիարդ էր, հիմա 18 միլիարդ է, 2 միլիարդը հանվել է ու դրվել է այդ 13 միլիարդի վրա, մենք 1.5 միլիարդ լրացուցիչ մուտքեր ենք ունեցել, համաֆինանսավորման գումարներն են ճշգրտվել, ու դրանց շնորհիվ ենք կարողացել ավելացնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Անդրիաս Ղուկասյանը ԼՂՀ-ում հեռուստաընկերություն է գնել: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Ա. Ղուկասյանի հետ՝ տեղեկանալու համար, թե ինչ նպատակով է գնել այդ հեռուստաընկերությունը: Նախագահի նախկին թեկնածուն, սակայն, այդպես էլ անպատասխան թողեց մեր հարցերը:

Անդրիաս Ղուկասյանի գնած հեռուստաընկերությունը կոչվելու է «Ազգային հեռուստաընկերություն» եւ եթեր է հեռարձակվելու դեկտեմբերի մեկից:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը ԼՂՀ-ում նախաձեռնել է նաեւ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության ստեղծման աշխատանքները: Armlur.am-ի հետ զրույցում Ա.Ղուկասյանը նշել է, որ իր` հենց Ղարաբաղում քաղաքական գործունեություն սկսելու հանգամանքը պայմանավորված է հետեւյալ գործոններով. «Դեռեւս 2013թ.՝ Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ, քաղաքագետներ Մանվել Սարգսյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ բազմաթիվ քննարկումների ժամանակ ձեւավորվեց այն միտքը, որ առաջիկա տարիների կարեւոր քաղաքական խնդիրն է լինելու Հայաստանում եւ Արցախում ստեղծել նոր քաղաքական ուժեր: Սակայն հրատապ անհրաժեշտությունը խոչնդոտել Սերժ Սարգսյանին վերարտադրվելու նախագահի պաշտոնում, գրեթե ժամանակ չէր թողել այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու համար»: Իսկ հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ 2017 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում դնի իր թեկնածությունը, Ղուկասյանը պատասխանել է, որ դրա մասին հիմա խոսելը ճիշտ չէ:
Նա ասել է, որ իր համար այս պահին առաջնային են 2015 թվականին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները (Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2017թ., սակայն քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ 2015 ամռանը ՀՀ-ում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ): «Այդ ընտրությունների ընթացքից է կախված Արցախի ապագան: Ըստ Արցախի Սահմանադրության` 2015 թվականից ուժի մեջ է մտնում ժողովրդաիշխանության այն կարեւոր նորմը, որով պատգամավորներն իրավունք չեն ունենալու համատեղել իրենց աշխատանքն օրենսդիր մարմնում անձնական ձեռներեցության հետ»:
Հ.Գ. Նշենք, որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն՝ Արցախի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել վերջին 10 տարում երկրում մշտապես բնակվող ԼՂՀ քաղաքացին:
Հոդված 62. Հանրապետության Նախագահն ընտրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՔԵՖ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 26-ին հրապարակել է պարզ ընթացակարգով ծառայություններ ձեռք բերելու մասին հայտարարություն: Փաստաթղթի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Երեւան հիմնադրամի» միջոցներով Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել իր աշխատակիցների համար Ամանորյա տոնակատարության կազմակերպման միջոցառում: Մասնավորապես միջոցառումներից մեկը պետք է կազմակերպվի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում` ռեստորանային համալիրում, 200 հոգու համար ամանորյա տոնակատարություն: Շենգավիթ վարչական շրջանում ռեստորանային տոնակատարությունը պետք է կազմակերպվի 600 հոգու համար: Նոր Նորքում եւս պետք է 600 հոգու համար ռեստորանային տոնակատարություն կազմակերպվի: Սակայն Նոր Նորքի պահանջների մեջ կա մեկ այլ ուշագրավ պահ: Տոնակատարությանը պետք է մասնակցեն «Հաղորդավարներ՝ Ֆելիքս Խաչատրյան եւ Գայանե Ասլամազյան, երգիչ-երգչուհիներ՝ Ռազմիկ Ամյան, Լիաննա Ալավերդյան, Էրիկ, Արսեն Սաֆարյան, «Վիտամին» ակումբի մասնակցությամբ կես ժամյա զվարճալի շոու ծրագիր»: Նույն հայտարարության շրջանակներում նախատեսվում է նաեւ ձեռք բերել «Ամանորյա ձեւավորման» ծառայություններ՝ «Գայի պողոտայի ձեւավորում նեոնային լույսերով՝ 2.150 հատ (կապույտ եւ սպիտակ գույներ), 10 մետրանոց, 100 լամպով, Դավիթ Բեկ փողոցի ձեւավորում նեոնային լույսերով՝ 250 հատ (գունավոր), 10 մետրանոց, 150 լամպով, 2.000մ էլ.հաղորդալար, 5 հատ եղեւնի (3 մետրանոց), ցանց-լույսեր եղեւնիների ձեւավորման համար (15 հատ, կապույտ լույսերով)»: Դեռեւս պարզ չէ, թե Երեւանի քաղաքապետարանը համայնքային գումարներից որքան է ծախսելու իր աշխատակիցների կերուխումի համար: Թիվը հայտնի կդառնա դեկտեմբերի 6-ին, երբ կբացվեն առաջարկված հայտերը եւ կկնքվի պայմանագիրը:

 

ԾԵԾԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին Արտիմետ գյուղում ծեծել են անասնապահական ֆերմայի անասնապահ Սոս Ստեփանյանին: Դեպքը եղել է հենց նրա տանը: Երբ անասնապահի տանից լսվող գոռգոռոցների վրա հարեւանները օգնության են հասել, տեսել են, որ համագյուղացիներից ոմն Սեւոն ծեծի է ենթարկում Սոս Ստեփանյանին, ում տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ արձանագրել են գլխուղեղի սալջարդ եւ կոտրվածքներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությունը` հավելելով, որ քննություն է ընթանում:

 

ՆԱՎԹԻ «ԱՆԿՈՒՄԸ»
Երեկ՝ այն բանից հետո, երբ Վիեննայում ավարտվել էր նավթ արդյունահանող երկրների կազմակերպության ժողովը, որի արդյունքում որոշվել էր չնվազեցնել նավթի արդյունահանումը, միջազգային շուկայում կտրուկ նվազեց նավթի գինը` օրվա վերջին 1 բարել նավթը վաճառվեց 72,85 դոլարով: Այս նորությանը կտրուկ արձագանքեց ՌԴ ռուբլու փոխարժեքը, որը նվազեց՝ հասնելով մինչեւ 1 դոլարը 48 ռուբլի ցուցանիշի:

 




Լրահոս