«Աշտարակ-Կաթ»-ը պատճառաբանում է կաթնամթերքի թանկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրադառնալով կաթնամթերքի թանկացմանը՝ այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Աշտարակ-Կաթ» ընկերությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Աշտարակ-Կաթ ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները ընկերությանը կանգնեցրել են դժվար կացության առջև: Մասնավորապես, 2010-2014թթ. մթերվող կաթի, կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հումք-նյութերի, փաթեթավորող նյութերի, էներգակիրների գները կտրուկ բարձրացել են, իսկ հումք-նյութերը կազմում են ընկերության արտադրանքի բացթողման գնի շուրջ 80%-ը: Ընկերությունը տարիներ շարունակ փորձել է ինչ-որ չափով զսպել գնաճը ծախսերի կրճատման, ներդրումների հետաձգման, վարկային միջոցների ներգրավման շնորհիվ: Սակայն, հասկանալի է, որ ոչ մի ընկերություն երկար ժամանակ այդպիսի պայմաններում աշխատել չի կարող:

Աշտարակ-Կաթ ընկերությունը գնային 5-10 տոկոսանոց բարձրացումները իրականացրել է ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից. Ոլորտում իր շարունակականությունը ապահովելու նպատակով: Սակայն, կարևորելով կաթի՝ սոցիալական նշանակություն ունենալու հանգամանքը, ընկերությունը անփոփոխ է թողել կաթի գինը՝ պահպանելով նույն համային և որակական հատկանիշները: Ընկերությունը կաթի գինը չի թանկացրել՝ հաշվի առնելով դրա նկատմամբ երեխաների և մեծահասակների պահանջարկը: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ կաթը սկզբնաղբյուր է կաթնամթերքի մնացած բոլոր տեսակների արտադրության համար:

Հարգելի՛սպառողներ, Աշտարակ-Կաթ ընկերությունը, բարձր գնահատելով երկար տարիների Ձեր վստահությունը և նվիրվածությունը, հուսով է, որ օբյեկտիվորեն կգնահատեք ստեղծված իրավիճակը: Խնդիրները, իսկապես, խորքային են, սակայն Ձեր աջակցության պարագայում ոչ անհաղթահարելի»:




Լրահոս