Մինչև դեկտեմբեր-հունվար համաժողովրդական շարժման վերաբերյալ պետք է ճշգրտումներ լինեն: Այսօր տեղի ունեցած երթի ժամանակ այս մասին նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ Գյումրիում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ շարժումն ընթացքի մեջ է, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ է ժամանակ տալիս մյուս ուժերին:
«Մինչև այս տարվա ավարտը պետք է ճշգրտումներ արվեն, թե որն է մեր ծրագիրը, մեր օրակարգը , մեր ճանապարհային քարտեզը: Մենք անկախ ամեն ինչից ներկա կլինենք հրապարակում», – նշեց նա:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք այսօր այն օրը չէր, որ պետք է առաջին դեմքերը լինեին, նա նշեց.
«Ես ուրիշի դատավորը չեմ, ես կլինեմ միշտ: Ուրիշներն իրենց անձնական և քաղաքական ամբիցիաները թող իրենց մեջ ճշտեն, ես աթոռ չեմ ուզում»:
Հիշեցնենք, որ այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված անցկացվեց երեք ուժերի ներկայացուցիչների երթը, որին մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, ազատամարտիկներ: Ուժերի առաջնորդներից ներկա էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: