ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեջ քիչ չեն էկզոտիկ անուն-ազգանունով պատգամավորները: Եթե նախորդ գումարման ԱԺ պատգամավորներից ամենաշատը զարմանք էր հարուցում Արագած Ախոյանի անուն-ազգանունը, ապա հիմա նրան ավելացել է Բազմասեր Մանաֆասի Առաքելյանը: Երկուսն էլ ներկայացնում են Արագածոտնի մարզը: Ու թեեւ մինչեւ պատգամավոր դառնալը Բազմասեր Առաքելյանը եղել է Արագածոտնի փոխմարզպետը, սակայն ԱԺ կայքում նրա կենսագրության մեջ որեւէ բառ չկա այս մասին:
-Ձեր անունը բավական տարօրինակ է հնչում, ինչո՞ւ են հենց Բազմասեր անվանել Ձեզ:
-Իմ անուն-ազգանունը եկել է իմ պապից: Ինձ պապիս անունն են դրել: Նա մարզիկ է եղել՝ ազատ ըմբշամարտիկ, հայտնի մարզիկ, մասնակցել օլիմպիական խաղերին, եղել մրցանակակիր, Սովետական միությունում, անդրկովկասյան խաղերում մի քանի անգամ հաղթող է ճանաչվել: Այնպես որ, այդ անունը փոխանցվել է ինձ:
-Չե՞ք մտածել փոխելու մասին:
-Իհարկե ո՛չ: Եթե այդ անունը դրած լինեին օդից կամ չգիտես որտեղից, միգուցե վատ զգայի, մտածեի փոխելու մասին: Բայց քանի որ պապիս անունն է, դրանից վատ չեմ զգում, ընդհակառակը, լավ եմ զգում ինձ:
-Հասկանալի է, իսկ ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումը Ձեզ չի՞ մտահոգում: Ձեր կուսակցությունն ԱԺ-ում դեմ քվեարկեց կառավարության ծրագրին: Իսկ եթե հալածանքնե՞ր սկսվեն ԲՀԿ-ական գործարարների նկատմամբ:
-Ո՛չ, չի լինի:
-Ինչո՞ւ:
-Մի՞թե արդեն հասել ենք այն աստիճանի, որ կարելի է նման բաներ անել կամ նման բաների մասին մտածել:
-Իշխանություննե՞րն են հանդուրժող դարձել, թե՞ ձեր դեմ չեն կարող:
-Չգիտեմ՝ իշխանությունները հանդուրժող դարձել են, թե ոչ, բայց չեմ կարծում, որ ազատ կարծիք հայտնելու համար հետապնդումներ լինեն:
-Ամեն անգամ, երբ ԲՀԿ-ն քննադատում է կառավարության գործունեությունը, ՀՀԿ-ն ասում է, որ Ձեր կուսակցությունը եւս պատասխանատու է նախորդ տարիներին եղածի, այդ թվում՝ ձախողումների համար:
-ԲՀԿ-ն պատասխանատու է այն ոլորտների համար, որոնք ինքն է իրագործել: Եւ այդ բոլոր ոլորտներում, որտեղ ինքն է եղել պատասխանատուն, իդեալական է եղել: Ճիշտ է, եղել են փոքր թերություններ, բայց 80-90 տոկոս բարեփոխումներ են եղել: Նույն կառավարության ներկայացուցիչներն ԱԺ ելույթներում իրենք ասացին, որ առողջապահության, սոցիալական, քաղաքաշինության եւ սպորտի ոլորտում, որտեղ ԲՀԿ-ից է եղել նախարարը, վիճակը 80-90 տոկոս բարգավաճել է:
-Բայց Ձեր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում խոսում էր 36 տոկոս աղքատության մասին, որ աղքատությունը Հայաստանում աճել է: Իսկ Դուք խոսում եք բարգավաճման մասին:
-Պետության ընդհանուր աղքատության մասին է խոսքը: Մի՞թե տեսանելի չէ այդ ամենը:
-ԲՀԿ-ն պատասխանատո՞ւ է դրա համար, թե՞ ոչ:
-Ո՛չ:
-ԲՀԿ-ն չհայտարարեց ընդդիմադիր լինելու մասին, նաեւ իշխանության մեջ չեք: Հիմա որտե՞ղ է ԲՀԿ-ն:
-ԲՀԿ-ն այլընտրանք է, ԲՀԿ-ն կառուցողական ընդդիմություն է: ԲՀԿ-ն կնպաստի, կողմ կքվեարկի այն օրենքներին, որոնք կբխեն մեր ժողովրդի շահերից: Իսկ այն օրենքներին, որոնք չեն նպաստում ժողովրդի, պետության շահերին, բարգավաճ Հայաստան լինելու համար, բնականաբար, դեմ կքվեարկենք:
-Ասում եք՝ ԲՀԿ-ն այլընտրանք է. այլընտրանք է ո՞ւմ՝ իշխանությա՞նը, ընդդիմությա՞նը:
-Այլընտրանք ենք, կառուցողական քաղաքական ուժ ենք:
-Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն հիմա խաղ է խաղում, իսկ հետո, այնուամենայնիվ, 2013թ. կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
-ԲՀԿ-ն երբեք խաղ չի խաղացել: ԲՀԿ-ն մի քաղաքական ուժ է, որն աշխատում է ժողովրդի համար, երկրի, պետության համար:
ԲՀԿ-Ն ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ