Հայաստանը հույս ունի, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետաքննությունն արագ կընթանա, միաժամանակ, մեր երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաղորդում է РИА Новости-ն:
Այդ մասին Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ինչ վերաբերում է Գյումրու ողբերգությանը, ապա մենք հույս ունենք, որ հետաքննության բոլոր փուլերը կավարտվեն հնարավորինս արագ, և մեղավորները կկրեն օրենքին համապատասխան պատիժ: Իհարկե, այդ ահավոր հանցագործությունը Հայաստանում ստեղծեց հանրային շատ հույզեր: Գիտեք, որ մենք շատ ամուր, ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և մենք կշարունակենք
ամրապնդել մեր բարեկամական կապերը ՌԴի հետ», – ասել է Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20ին Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 15րդ նիստին: