Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարվում է համահայկական մոմավառության օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ. հուլիսի 8-ին, “Հարսնաքար” համալիրի մոտակայքում տեղի ունեցած դեպքերը կրկին ապացուցեցին “Վահե Ավետյան” հասարակական շարժման կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանական համակարգին տված այն բնորոշումը, ըստ որի` այն առաջնորդվում է ժողովրդավարական պետականության արդի ընկալումների և օրինականության հետ անհամատեղելի, հանցավոր կամայականության և անպատիժ ինքնադատաստանի սկզբունքների վրա հիմնված բռնության` քրեական մշակույթի արժեհամակարգով:
Այդ են վկայում թե հարյուրավոր ոստիկանների անգործ ներկայությամբ ֆոտոլրագրող Արման Վեզիրյանի նկատմամբ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանի (մականունը,Նեմեցե)) կիրառած հերթական սադրիչ խուլիգանական արարքը, թե ոստիկանական ուժերի կողմից մոմավառության մասնակիցներին Հայաստանի հանրապետության քաղաքացի Վահե Ավետյանի դաժան ծեծին հետևած մահվան Յոթնօրեքին հիշատակի տուրք մատուցելը արգելելը, և թե մոմավառության մասնակիցների նկատմամբ ոստիկանների և ,կարմիր բերետավորներիե կիրառած անպատկառ բիրտ ուժը:
Նկարագրվածը “Վահե Ավետյան” հասարակական շարժման, ինչպես նաև միջոցառմանը մասնակցող “Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” նախաձեռնության կողմնակիցների համար քաղաքացիական հասունության և արիության յուրատեսակ փորձաքննություն հանդիսացան:
Սաղավարտավոր ոստիկանական ուժերի և “կարմիր բերետավորների” վայրագությանը անզեն դիմադրելուց անմիջապես հետո, մոմավառության մի քանի հարյուր մասնակիցները բողոքի ինքնաբուխ գիշերային երթի դուրս եկան քաղաքացի Ռուբեն Հայրապետյանի “մելիքություն” հանդիսացող Ավան թաղամասում: Նրա պարսպապատ ապարանքի մոտ տեղի ունեցած թե ելույթները, թե Վահե Ավետյանի հիշատակի հարգմանը նվիրված լռության րոպեները վկայեցին քաղաքացի Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած և սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության կանչելուն հասնելու` շարժման մասնակից քաղաքացիների վճռական կամքի և արժանապատիվ համբերութան մասին:
Հայկական զինված ուժերի սպա Վահե Ավետյանի նկատմամբ դաժան հաշվհարդարին հետևած մահվան Յոթնօրեքի ավանդական մոմավառության օրը ոստիկանության ղեկավարության որոշումները, ոստիկականական ուժերի կեցվածքը, հայհոյախառը լեզուն և բռնի այլ գործողությունները հայ ժողովրդին սարսափով հնազանդեցնելու և իշխելու` “ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ” չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականության բացառիկ լկտի արտահայտությունն էին:
Այդ օրվա դեպքերի ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների անիրավաչափության գնահատականը արդեն տրված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Սակայն բոլորին հասկանալի է, որ անպատժելիության և ամենաթողության պայմաններում մենք պատրանքներ չունենք Հայաստանի հանրապետության արդարադատության համակարգի վերաբերյալ:
Ոստիկաններին ապօրինի հրաման տված հրամանատարները և նրանց կամակատարները պետք է քաջ գիտակցեն, որ լցվում է քաղաքացիների համբերության բաժակը, և մոտենում է այն օրը, երբ իրենք պետք է պատասխան տան իրենց այս և այլ նախորդող անիրավաչափ գործողությունների համար և հանրությունը դեռ հիշեցնելու է Վահե Ավետյանի հիշատակի մոմավառության օրը նրանց գռեհիկ հայհոյանքներով ուղեկցվող ծեծի տեսագրված պատկերները և օրենքի ողջ ուժով պատասխանատվության է կանչելու:
Մենք առաջնորդվում ենք այն գիտացությամբ, որ Վահե Ավետյանի մահվան և նրա ընկերների ծանր մարմնական վնասվածքների բոլոր մեղավորների պատասխանատվության կանչումն է լինելու բռնության և դաժան վերաբերմունքի հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման ու պարսավանքի և սեփական ուժերի նկատմամբ վստահության այնքան անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու գրավականը: Միայն այդ վստահության պայմաններում քաղաքացիական պարտականությունների կատարումը կդառնա այն հանրային երաշխիքը, որը բռնության կամ դրա քարոզի ցանկացած այլ դրսևորման դեպքում կհանգեցնի հասարակության անհապաղ և գործուն արձագանքին: Վերջինս նման անձանց կդարձնի լուսանցքային և կզրկի հանրային գործառույթներն իրագործելու համար անհրաժեշտ մարդկային ու հասարակական հենարանից:
Շարժման նախաձեռնող խումբը Վահե Ավետյանի մահվան Քառասունքի օրը հայտարարում է համահայկական մոմավառության օր և կոչ է անում թե Հայաստանի և թե Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին հարգել հայորդու, հայոց բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
“Վահե Ավետյան” հասարակական շարժման նախաձեռնող խումբ




Լրահոս