Ընդամենը երեք օրից Հովիկ Աբրահամյանն իր ծննդյան տարեդարձն առաջին անգամ կնշի ՀՀ վարչապետի պաշտոնում: Հունվարի 24-ին նա կդառնա 57 տարեկան: Եթե անցած տարի՝ հունվարին, որեւէ մեկն ասեր, որ ընդամենը երեք ամսից Հովիկ Աբրահամյանը կդառնա Հայաստանի վարչապետ, իսկ հաջորդ՝ 2015 թվականն էլ նրա համար լինելու է ճակատագրական, դժվար թե հավատացող մարդիկ գտնվեին:
2014 թվականի ապրիլի 3-ին պաշտոնապես հայտարարվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, վերջինիս մտերիմները մասնավոր զրույցներում պնդում էին, որ նա մինչ այդ մեկուկես ամիս շարունակ փորձել է հրաժարական ներկայացնել եւ պաշտոնանկությունից հետո նա իրեն մի տեսակ ազատագրված է զգում: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանը դեռեւս 2014-ի սկզբին կարող էր կանխատեսել, որ համաշխարհային տնտեսական զարգացումները նման հունով կընթանան: 2014 թվականի փետրվարի վերջին, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, ակնհայտ էր, որ այդ քայլն անհետեւանք չէր մնա: Այսինքն՝ լավ տնտեսագետը, ով բոլորից լավ գիտեր, թե որքանով է Հայաստանի տնտեսությունը կախված Ռուսաստանից եկող տրանսֆերտներից, հաստատ կգիտակցեր, թե առջեւում ինչ է սպասվում: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանը՝ որպես նախկին ԱԺՄ-ական, իր «գնացքից թռչելու» հնարավորությունից օգտվեց. ճիշտ ժամանակին թռավ:
2014 թվականի ապրիլի 13-ին, երբ այն Ժամանակ դեռեւս ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, վերջինիս շրջապատը ցնծում էր, իսկ իշխանության, այսպես կոչված՝ երիտասարդ թեւը, այդպես ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմին, շատ հանգիստ, ինչ-որ տեղ նաեւ հեգնանքով էր վերաբերվում Աբրահամյանի շրջապատի ցնծությանը:
Աբրահամյանի շրջապատը վստահ էր, որ նա այսպիսով դառնալու է գործող իշխանության ժառանգորդը, եւ Սերժ Սարգսյանը հենց նրան է փոխանցելու իշխանությունը: Իսկ իշխանության երիտթեւի ներկայացուցիչները վստահ էին, որ Հովիկ Աբրահամյանը դեռ զղջալու է այս փուլում վարչապետ դառնալու համար, եւ իրականում նա վերածվելու է «քավության նոխազի»:
Այսօր արդեն կարող ենք ասել, որ վերջին կանխատեսումներն օր օրի իրականանում են: Նախ՝ 2014-ի երկրորդ կեսից այլեւս ակնհայտ դարձավ, որ միջազգային հանրության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված եւ գնալով խստացվող պատժամիջոցների արդյունքում այդ երկրի տնտեսությունը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնելու: Իսկ երբ արդեն աշնանը Ռուսաստանի տնտեսությունը սկսեց երերալ պատժամիջոցների արդյունքում, հասկանալի դարձավ, որ փլուզման այս ալիքի Հայաստան հասնելն ընդամենը օրերի հարց է: 2014-ի նոյեմբերի վերջից ՀՀ իշխանությունները ստիպված էին ընդունել, որ Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների արդյունքում Հայաստանի տնտեսությունում լրջագույն ճգնաժամ է սկսվել: Իսկ արդեն անցած տարվա վերջին իշխանամերձ տնտեսագետները սկսեցին խոսել այն մասին, որ 2015-ին Հայաստանում տնտեսական անկում է արձանագրվելու: Տնտեսագետներն առայժմ կանխատեսում են, որ անկումը կլինի 3-ից 5 տոկոսի սահմաններում: Սակայն լրացուցիչ գործոնները, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում տեղի ունեցող զարգացումները, վկայում են, որ իրավիճակն ավելի վատ է, քան ենթադրվում է:
Այս ամենի հետ միասին անցած տարվա ամռանից սկսած Ադրբեջանը պարբերաբար լկտիորեն խախտում է զինադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհվում են ՀՀ եւ ԼՂՀ զինվորները: Զինադադարից հետո 20 տարվա մեջ առաջին անգամ արձանագրվեց Ադրբեջանի կողմից ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռ խոցելու դեպք: Այս տարվա առաջին իսկ օրերից Ադրբեջանը պարբերաբար դիվերսիոն գործողություններ է կազմակերպում, որոնք գնալով դառնում են ավելի սանձարձակ եւ լկտի:
Հունվարի լույս 12-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, որին զոհ գնացին Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամները, Հայաստանում առկա վիճակը է՛լ ավելի բարդացրեց: Հանրությունը իշխանություններից պատասխաններ եւ գործողություններ է ակնկալում, սակայն վերջիններս ապացուցում են, որ իրենք անկարող են եւ անգամ «տղամարդավարի» տված խոստումներն ի վիճակի չեն կատարելու: Միակ բանը, որ ՀՀ իշխանությունները կարող են կատարել, դա ոստիկաններին ժողովրդի վրա բաց թողելն է, սակայն Գյումրիի դեպքերը ապացուցեցին, որ սա էլ լուծում չէ, քանի որ անհրաժեշտության դեպքում մարդիկ կարող են համարժեք պատասխանել իրենց վրա իրականացված հարձակումներին:
Այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելով՝ ցանկացել է նրան «քավության նոխազ» դարձնել: Վերջինիս պաշտոնավարումը, թերեւս, կշարունակվի մինչեւ սահմանադրական հանրաքվեի կայացումը: Դրանից հետո շատ բան կփոխվի հայրենի քաղաքական դաշտում: Իսկ թե ինչու Սարգսյանը որոշեց այսպես վարվել Աբրահամյանի հետ, առանձին նյութի թեմա է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿԱՐԵՎՈՐ ՈՉԻՆՉ
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, որը նախօրեին ժամանել է Հայաստան, երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի, իսկ անուհետեւ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ: Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության` յոթ անձանց սպանության գործի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահները համաձայնել են ստեղծել համակարգող մարմին: Այս օրերին Հայաստանի հանրությանը հուզող առաջնային հարցն այն է՝ արդյոք ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովն ի վերջո հանձնվելու է ՀՀ իրավապահների իրավասությանը, թե ոչ: Այս հարցի պատասխանը կամ խնդրի վերաբերյալ որեւէ այլ դիտարկում չկա վերը նշված հանդիպումների մասին պատմող հաղորդագրություններում: Ուստի կարող ենք ասել, որ Պերմյակովը շարունակելու է մնալ ՌԴ իրավապահների իրավասության ներքո, ռուսական կողմը ՀՀ իրավապահներին միգուցե թույլ կտա նրա մասով որոշակի քննություն կատարել, իսկ նախաքննության ավարտից հետո Պերմյակովին կդատի ՌԴ զինվորական դատարանը Հայաստանի տարածքում տեղակայված զինվորական բազայում: Գուցե բաց դատեր լինեն:
ՏԵՂ ՀԱՍԱՎ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանտ» հյուրանոցային համալիրում երեկ նշանակված ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը վերջին պահին, երբ բոլոր հրավիրյալները ժամանած են եղել, հյուրանոցի դիմաց փռված են եղել հյուրասիրության սեղանները, հետաձգվել է: Այդ մասին հայտարարել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Նա որոշումը պայմանավորել է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության վերջին զոհի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահանալու հանգամանքով: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ում փորձել են խուսափել արդեն իսկ կատարված ծախսերը փոշիացնելու հեռանկարից, քանի որ խորհրդաժողովի կազմակերպչական բոլոր աշխատանքներն ավարտված են եղել: Հակառակ դեպքում միջոցառումը հետաձգելու մասին կհայտարարեին նախորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ երեխան մահացել է: Բայց, այնուամենայնիվ, հասկացել են, որ ճիշտը հետաձգելն է: Հավելենք, որ Ծառուկյանը հետաձգելու որոշումը այսպես է պատճառաբանել. «Ավել-պակաս խոսակցություններից խուսափելու համար»: Ի դեպ, խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին:
ԿՄԻԱՎՈՐՎԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչեւ փետրվարի 1-ը տեղի կունենա «Պրոկրեդիտ» եւ «Ամերիա» բանկերի միաձուլումը: Ըստ նույն տեղեկությունների՝ երկու բանկերի միջեւ բանակցություններն արդեն բավական ժամանակ է՝ ընթանում են: Բանկերի բաժնետերերը բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել, որ գործարքի կնքումը պետք է ավարտվի մինչեւ փետրվարի 1-ը: «Ամերիա» բանկի հասարակության հետ կապերի եւ հաղորդակցման խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինֆորմացիա ես չեմ կարող տալ, որովհետեւ նման բան չկա այս պահի դրությամբ, եթե որեւէ բան լիներ, մենք կհրապարակեինք»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՉՑԱՎԱԿՑԵՑԻՆ
armlur.am-ի ուշադրությունից չի վրիպել այն, որ ԵՏՄ շրջանակներում Հայաստանի գործընկերներ հանդիսացող Բելառուսն ու Ղազախստանը ոչ մի կերպ չարձագանքեցին Գյումրիում իրականացված ոճրագործությանը: Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաեւն անգամ ցավակցական ուղերձ չհղեցին Սերժ Սարգսյանին: Ավելին՝ այդ երկրների խոշոր զանգվածային լրատվամիջոցներն ընդհանրապես չեն անդրադարձել Գյումրիում գրանցված սարսափելի դեպքին:
ԴԻՄԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ
Աժ պատգամավոր զարուհի Փոստանջյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. «Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաեւ՝ ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեց ամսական փոքրիկի կենաց եւ մահու պայքարը, ցավոք, ավարտվեց մահով: Հայաստանի քաղաքացիները գիտակից ըմբռնումով են մոտենում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ստեղծված աննախադեպ դժվարին քաղաքական եւ տնտեսական իրավիճակին: Սակայն այդ պայմանները չեն արդարացնում Ձեր երկարատեւ լռությունը եւ անօրեն վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը …Ստեղծված իրավիճակում խուսափելով միջպետական հարաբերությունների առճակատումից՝ ՀՀ քաղաքացիներն ու ողջ աշխարհի հայությունն ակնկալում է Ձեր ողջամիտ որոշումը՝ վերականգնելու օրինականությունն ու Հայաստանի իշխանություններին անհապաղ հանձնելու առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին»,- ասված է Փոստանջյանի նամակում:
ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ՌՀՄ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ու նրա տեղակալ Լեւոն Մուկանյանի դեմ ստորագրահավաքին 3 օրվա ընթացքում միացել է ավելի քան 1000 քաղաքացի: Ստորագրահավաքի նախաձեռնողները վրդովվել են Գյումրու դեպքերից հետո Աբրահամյանի լռությունից եւ նրա տեղակալի` Մուկանյանի` սոցցանցերում արած անհարկի գրառումներից: Վերջինս սոցցանցերում կոչ էր արել հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրել խամաճիկային պահվածքի մեջ: «Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին եւ հայկական կազմակերպություններին իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի եւ Լեւոն Մուկանյանի հրաժարականներին»,- ասված է նախաձեռնության հեղինակների հայտարարության մեջ:
ԱՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Aravot.am-ի տեղեկություններով՝ նախօրեին Կենտրոնի դատարանում ժ.17-ից դատական նիստեր չեն եղել, քանի որ դատարան է այցելել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը` իր հետ բերելով նորանշանակ դատավոր Հայարփի Բոյաջյանին: Վերջինիս ներկայացրել է դատավորներին: Այս դատավորը «կնստի» Թբիլիսյան խճուղու վրա գտնվող Կենտրոնի դատարանում եւ մասնագիտացված է քաղաքացիական գործերով: