Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Բերդ) դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ շարունակվում է Իջեւանի գնդի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանի եւ նույն գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարությունը:
Հերթական` հուլիսի 4-ի նիստում պետք է հարցեր տրվեին Երեւանից ժամանած հոգեբան փորձագետին: Սակայն փորձագետը նիստին չէր ներկայացել, ուստի դատարանը միջոցներ կձեռնարկի հաջորդ նիստում նրա մասնակցությունն ապահովելու համար: Մինչ այս նիստը գնդապետ Ս. Կարապետյանը դատարանում ցուցմունքներ չէր տվել՝ հայտարարելով, որ ցուցմունքներ կտա միայն գործով 3 տուժողների ներկայությամբ: Նրանք նախկինում դատարանում ցուցմունքներ են տվել, սակայն վերջին մի քանի նիստերին ներկա չեն եղել: Դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում է ուղարկել, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ գործով տուժող 3 երիտասարդները գտնվում են Ռուսաստանում:
Այս նիստում ցուցմունքներ տալով` գնդապետ Կարապետյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում: Նրա խոսքերով` քաղաքացիական անձինք իրեն ծեծի են ենթարկել, եւ ինքը նրանց տարել է իր աշխատասենյակ: Կարապետյանի պաշտպանը եւս դատարանից պահանջում է գնդապետին անմեղ ճանաչել: Այս գործով մյուս մեղադրյալը` Իջեւանի գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանը, նույնպես իրեն մեղավոր չի համարում:
Սույն դատավարությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերի 8-ին: Քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին՝ տարեմուտից մի ժամ առաջ, ջերմության դեմ դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, որը վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ ու ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց բերման է ենթարկել իր աշխատասենյակ եւ սպառնացել: Ահաբեկված տղաները ցատկել են նրա աշխատասենյակի երկրորդ հարկից: Դրա հետեւանքով Իջեւանի Գետահովիտ գյուղի 20-ամյա բնակիչ Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն 10 օր հետո, գիտակցության չգալով, Տարոն Ենգիբարյանը մահացել էր:
Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 24-ին:
Տավուշ