ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գնահատելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որը նա արեց Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ, նշեց. «Թոզ փչելով առաջ չես շարժվի»:
Նախարարն իր խոսքում նշեց, թե հարց է առաջանում` ինչու էին Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասում 2015 թվականին, որ նոր հայտարարություն անեն Դինքի վերաբերյալ: «Ինչո՞ւ 7-րդ, 6-րդ, 5-րդ, 4-րդ, 3-րդ, 2-րդ տարելիցների կապակցությամբ որևէ հայտարարություն չեղավ: Ինչպե՞ս կարելի է դա բացատրել: Հետո, 8 տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին: Հիմա ինչ-որ հարգալից վերաբերմունքի մասին են խոսում:
Այս նոր հայտարարության մեջ` թե՛ հին, թե՛ նոր վարչապետերի հայտարարության մեջ, որևէ նոր բան չկա, դրանց պատասխանը տրվել է նաև այն հոդվածում, որը տպագրվել էր ֆրանսիական «Ֆիգարո» թերթում: Թուրքական իշխանություններն առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում մեծ հնարավորություն ունեին օգտագործելու այն պատմական առիթը, որն առկա էր վավերացնելու հենց Դավութօղլուի կողմից ստորագրված արձանագրությունները և կյանքի կոչելու ժողովուրդների միջև մերձեցման այս գործընթացը:
Ավաղ, իրենց ներքին տաբուներից չկարողանալով ձերբազատվել, թուրքական իշխանությունները շարունակեցին առիթը բաց չթողնել ՝ժխտելու Հայոց Ցեղասպանությունը և հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական հայտարարություններ և գործողություններ անել, որն էլ ավելի խորացրեց անվստահությունը: Մի առիթով, ես լրագրողներին խորհուրդ էի տվել, որ փիլիսոփայությունից պետք է անցնել կոնկրետ և իրատեսական քայլերի: Թոզ փչելով առաջ չես շարժվի»,- ասաց Նալբանդյանը: