«Դեմքով դեպի գյուղը շրջված» ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ուրբաթ օրն այցելել է Գեղարքունիքի մարզ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրան մարզ է հրավիրել մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանը, քանի որ գյուղացիները դժգոհություն են հայտնել, թե գյուղնախարարության կողմից հատկացված ցորենի սերմնացուն անորակ է:
Պարզվում է՝ գյուղացիները նախարարությունից պայմանագրով ցորենի սերմնացու են ստացել. աշնանը նրանք պետք է կա՛մ այն կրկնակի վերադարձնեն, կա՛մ դրա գումարը ետ տան, սակայն ցորենը չի աճում: Այս իրավիճակը զայրացրել է գյուղացիներին, որոնք նախարարին պարզապես դուրս են հանել գյուղերից:
Խոսելով խնդրի մասին՝ գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Հարությունյանն ասաց. «Չաճելու խնդիրը եղանակային պայմաններն են, դրա հետ կապված՝ մարզպետարանում հանձնաժողով է ստեղծվել, որտեղ տարբեր մասնագետներ են աշխատում: Սերմնացուն, որ մենք տվել ենք, պայմանագրային հիմունքներով է եղել. ովքեր ուզում են սերմնաբուծությամբ զբաղվել, պայմանագրով պարտավորված են գյուղնախարարությանը վերադարձնել կրկնակի քանակությամբ առաջին վերարտադրության սերմնացուն, պայմանագրով նախատեսված է նաեւ դեպք, որ եթե նրանք չեն կարողանում սերմնացուն վերադարձնել, գումարը պետք է վերադարձնեն»: Ստացվում է, որ երկու դեպքում էլ գյուղացին տուժում է:
Իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կողմից ստեղծված հանձնաժողովը դեռեւս աշխատում է՝ պարզելու, թե ինչու մարդկանց հատկացված սերմը չի աճել. «Երեք պատճառ կարող է լինել՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, ուշ ցանք եւ տարբեր տիպի սերմնացուներ»:
ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ