ԱՓՍՈՍ ՔՈ ՉԱՊՐԱԾ ԳԱՐՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի դիվերսիոն հարձակման արդյունքում մահացած զինվորներից մեկը Կոտայքի մարզի Արգելի գյուղի բնակիչ Կարեն Դավթյանն էր, որի զորացրվելուն մնացել էր ընդամենը երկու շաբաթ: «Ժողովուրդ»-ը զրուցեց Կարենի մոր` Ռուզաննա Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել էր շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինծառայողների գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել էր եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ էր մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում երեք զինծառայողներ էին զոհվել` Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:
Կարենը դպրոցն ավարտելուց հետո` 2006-ին, ընդունվել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի դեպարտամենտ՝ միկրոէլեկտրոնիկայի եւ կենսաբժշկական սարքավորումների ամբիոն: 2010-ին կարմիր դիպլոմով ավարտել է այն եւ զորակոչվել հայոց բանակ: «Մեծ նպատակներ ուներ, պետք է մագիստրատուրան էլ ավարտեր: Ծրագրում էր այն մասին, որ իր ուսումը շարունակելու էր Անգլիայում կամ Ֆրանսիայում: Անընդհատ ուզում էր սովորել: Բայց որոշեց, որ նախ պետք է ծառայի: Լսել էր, որ ծառայած տղաների համար մագիստրատուրան անվճար է: Չէր ուզում մեզ անհանգստացնել: Մեր մասին շատ էր մտածում»,-ներկայացրեց մայրը:
Տիկին Ռուզաննան մեզ տեղեկացրեց, որ ծառայության ընթացքում Կարենի համակուրսեցիները նյութեր են ուղարկել զորամաս, որպեսզի նա նախապատրաստվեր մագիստրատուրայի ընդունելության քննություններին: Կարենի զորացրվելուն մնում էր ընդամենը երկու շաբաթ: Նրա միակ եղբայրը` Նարեկը, այժմ աշխատելու նպատակով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում: Մոր բնութագրմամբ՝ Կարենն ավելի համեստ, հավասարակշռված ու զուսպ մարդ էր. «Ինքն ամեն ինչին ուրիշ հայացքով էր նայում: Սովորական մարդկանց նման չէր մտածում: Ամեն ինչին շատ լուրջ էր վերաբերում, կշռադատված տղա էր»:
Կարենը շատ էր ցանկացել ծառայել հայոց բանակում. «Մենք նրան համոզում էինք չգնալ ծառայության: Բայց ինքն էլ պատասխանում էր` մա՛մ ջան, եթե ամեն հայ տղա խուսափի բանակում ծառայելուց, էլ ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի: Գիտակցաբար գնաց դրան»: Մայրը մեզ պատմեց, որ ամբողջ ծառայության ընթացքում որդին ոչ մի դժգոհություն չի ունեցել, հակառակը` շատ ուրախ էր, որ ծառայում էր: Իր ծառայության ժամանակ առաջին Ամանորը Շամշադինի զորամասերից մեկի դիրքերում է դիմավորել: «Ութ ամսվա ծառայող էր, բայց իրեն՝ որպես լավագույն զինվորի պաշտպանության նախարարությունից ձեռքի ժամացույց եւ պատվոգիր էին շնորհել»,-հպարտությամբ ընդգծեց զինվորի մայրը: Կարենը մինչ բանակ զորակոչվելը սիրած աղջիկ է ունեցել, բայց ոչ ոքի այդ մասին չի ասել: Ծնողները դա իմացել են նրա մահից հետո. «Իր զգացմունքների մեջ էլ էր զուսպ»: Իր վերջին զրույցը Կարենն ունեցել է մոր հետ. «Բավական երկար զրուցեցինք իրար հետ, միասին ծրագրում էինք, թե ծառայությունից հետո ինչ քայլեր ենք անելու»: Նրա ծնողները դեռ չեն պատրաստվում վերադառնալ Սանկտ-Պետերբուրգ. «Մեր վիշտը շատ խորն է: Դեռ այդ մասին չենք մտածում»: Նրանք լրատվական ծրագրերի միջոցով են իմացել, որ Սերժ Սարգսյանը իրենց որդուն հետմահու արիության 2-րդ աստիճանի մեդալ է շնորհել: «Բայց մեզ այն դեռ չեն հանձնել: Միգուցե սպասում են՝ ժամանակ անցնի, նոր փոխանցեն»,-արցունքն աչքերին՝ ենթադրեց մայրը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս