4 ՏԱՐԲԵՐ ՎԱՐԴԱՎԱՌ
Հուլիսի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Վարդավառը կամ առաքելական տաղավար տոներից մեկը` Քրիստոսի պայծառակերպությունը: Գուցե այս տոնի հեթանոսական արմատներն են պատճառը, որ ժողովուրդն այն նշում է ոչ թե եկեղեցու տոնացույցով, այլ դարերից եկող ավանդույթով: Տավուշի մարզում Վարդավառը տոնվում է մեծ շուքով. մարդիկ գառ են մորթում, գնում անտառ, հարազատներով քեֆ անում, իրար վրա ջուր ցողում: Իջեւանի տարածաշրջանում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի մի մասում Վարդավառը տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը: Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 22-ին: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների մի մասն էլ Վարդավառը կտոնի հուլիսի վերջին կիրակի օրը` ամսի 29-ին: Իսկ սահմանամերձ Ոսկեպար գյուղում ավանդաբար Վարդավառը նշվում է օգոստոս ամսվա առաջին կիրակի օրը: Վարդավառի տոնի օրը Հայաստանում խառն է, ինչպես շատ այլ բաներ` մեր բազմաչարչար երկրում:
ԽԱՌՆԱԿ «ԳԻԾ»
Շուրջ երկու ամիս է՝ Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղում խառը, անկազմակերպ վիճակ է: Մեքենաների անսարքության պատճառով շատ ուղերթեր չեն կայանում: Հուլիսի 8-ի առավոտյան՝ ժամը 8-ին նախատեսված Նոյեմբերյան-Երեւան ուղերթի ուղեւորներին տհաճ անակնկալ էր սպասվում. միկրոավտոբուսն անսարք էր, ինչի պատճառով ուղեւորները մայրաքաղաք մեկնեցին մեկ ժամ ուշացումով` ժամը 9-ի ուղերթով: Հուլիսի 8-ի առավոտյան Նոյեմբերյանից Երեւան 2-ի փոխարեն մեկնեց 1 միկրոավտոբուս, այդ պատճառով օրվա երկրորդ կեսին Երեւանից Նոյեմբերյան վերադարձավ նախատեսված 2-ի փոխարեն 1 միկրոավտոբուս: Հուլիսի 10-ին՝ ժամը 15-ին, Նոյեմբերյանից Երեւան մեկնող երթուղային միկրոավտոբուսն Իջեւան քաղաքում խափանվել էր, եւ այն միայն մեկուկես ժամ հետո փոխարինվեց պահեստային մեքենայով: Այս ուղերթում աշխատող մեքենայի անսարքություն է եղել նաեւ հուլիսի 15-ին:
Վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ ուղերթերի չեղյալ համարելը հարուցել է ուղեւորների զայրույթը: Անցյալ տարվա սեպտեմբերից Երեւանի կենտրոնական ավտոկայարանի տոմսարկղում այս երթուղու համար տոմսեր չեն վաճառվում, ուղեւորները ստիպված վարորդին խնդրում են, որ իրենց համար մեքենայում «տեղ պահի»: Զարմանալի է, որ կապի եւ տրանսպորտի նախարարությունը չի հետեւում, որպեսզի այս երթուղում ուղեւորափոխադրումներն օրինական հիմունքներով կատարվեն, եւ ուղերթերը հաճախ չեղյալ չհամարվեն: Նշենք, որ Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան ուղերթն իրականացնում է «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն:
Տավուշ