ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՔԹԻ ՏԱԿԻՑ ՓԱԽԱՆ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ, ժամը  20:00-ի սահմաններում, արտառոց դեպք տեղի ունեցավ Երեւանի Խանջյան փողոցում տեղակայված ոստիկանական հենակետում: “Ժողովուրդ”-ը տեղում պարզեց, որ ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցները երեք երիտասարդի էին ,բռնելե եւ տեղափոխել հենակետ: Նրանցից մեկն ընկել էր գետնին՝ ձեւացնելով, թե վատ է զգում: Եւ մինչ ոստիկանությունը երկմտում էր՝ դեպքի վայր շտապօգնություն կանչել, թե ոչ, երիտասարդները հաջողացրին մեքենա նստել ու փախչել:
Նշված ժամին “Ժողովուրդ”-ն ականատես եղավ, որ ոստիկանության աշխատակիցը, մի երիտասարդի ձեռքերը ոլորած, նրան Խանջյան փողոցի ոստիկանական հենակետ է ուղեկցում: Փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Նկատեցինք, որ երիտասարդներից մեկն իրեն շատ անկարգ էր պահում հենակետում եւ չէր ենթարկվում ոստիկանին: Վերջինս ստիպված եղավ կապ տալ եւ այլ ոստիկանների կանչել: 
Որոշ ժամանակ անց, մինչ երիտասարդի ընկերները փորձում էին հանդարտեցնել գետնին ընկած իրենց ընկերոջը, դեպքի վայր հասան մյուս ոստիկանները՝ դրսում հավաքվածներից փորձելով հետաքրքրվել, թե ինչ է պատահել: Ներկաներից մի տղամարդ պատմեց, որ ինքը որքանով որ նկատել է, ոստիկանության հենակետը փակ է եղել, իսկ հենակետի հերթապահ ոստիկանը՝ այգում կանգնած: Քննչական ծառայության ոստիկանները հենակետի հերթապահ ոստիկանին “ձայն են տվել, թե արի՛, դուռը բա՛ց”, որոնց հետ եղել են “բերման ենթարկված” երեք երիտասարդները: Հերթապահը բացել է դուռը, եւ այդ երիտասարդներին ոստիկանները “մտցրել են” հենակետ:
Թվում էր, թե ամեն ինչ պարզ է, բայց ո՛չ: Տեղում համազգեստավոր ոստիկանները փնտրում էին այն ոստիկաններին, որոնք գարեջրի տարան ձեռքներին երիտասարդներին հենակետ են հրավիրել: Սակայն ,բերման ենթարկողներն անհետացելե էին, իսկ երիտասարդներից մեկն ընկել էր հատակին ու “թպրտում” էր: Եւ մինչ ներկա իրավապահները փնտրում էին “բերման ենթարկած” գործընկերներին, երիտասարդները, իրենց ընկերոջը գրկած, մի կերպ կարողացան հենակետից դուրս հանել: Մի քանի վայրկյան հետո դեպքի վայր եկավ մի ավտոմեքենա, եւ ոստիկանների աչքի առջեւ երիտասարդները նստեցին մեքենան ու հեռացան: Նկատենք, որ մինչ այդ իրեն “վատ զգացող” երիտասարդը ոտքի կանգնեց ու իր ձեռքով բացեց մեքենայի դուռը եւ նստեց: Իսկ ոստիկանության արձագանքին, թե՝ “էդ ո՞ւր”, վերջիններս պատասխանեցին հայհոյանքով ու սլացան: Վայրկյանններ անց հայտնվեց նաեւ ուշացած շտապօգնությունն ու փոշմանած հեռացավ: Դեպքի վայրից անտարբեր հայացքով հեռացան նաեւ մյուս՝ հրավիրված ոստիկանները: 
Հ.Գ. Հուսով ենք, որ այս խճճված, բայց միաժամանակ շատ պարզ պատմությունը բացահայտելու համար ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ չի հրավիրի “Ժողովուրդ”-ի լրագրողին՝ բացատրություն տալու:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս