Որքան էլ «Ազգային Ժողովրդավարների Դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանին «անհասկանալի» էին թվում մեր հարցերը, միեւնույն է, որոշ չափով ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ռադիոլսողների երբեմնի սիրելի Սադոյանին հանդիպեցինք կուսակցության գրասենյակում` բավականին ջերմ մթնոլորտում: Նշենք, որ գրասենյակային պայմանները բավարար էին աշխատանքային գործունեության համար` չնայած որ այնտեղ, ըստ պարոն Սադոյանի. «Կնոջ ձեռք է պակասում»: Սադոյանն ասաց, որ «կուսակցության գրասենյակը գտնվում է «Պոնչիկանոցի» երկու դահլիճների կենտրոնում. «մենք կմնանք այնտեղ, մինչեւ բախտը կժպտա եւ կունենանք առանձին գրասենյակ»: Սա կուսակցության միակ գրասենյակն է Երեւանում, «բայց մարզերում ունենք համախոհներ, որոնք իրենց բնակարանները տրամադրել են կուսակցության գործունեության համար»:Իսկ հարցին, թե կուսակցությունն ի՞նչ ֆինանսների միջոցով է պահվում, պարոն Սադոյանն ասաց. «Դուք հարցնում եք բաներ, որոնք ճիշտն ասած զարմանալի են: Բնական ա, անդամավճարներով, նվիրատվություններով, դա ձեզ ոչ մի ինֆորմացիա չի տալու: Գիտե՞ք ինչ, ոնց-որ ոստիկանությունից գան, հարցաքննեն, այդպես չի կարելի»: Պարոն Սադոյանը «մի փոքր» վրդովվելով մեր հարցից` սկսեց ինքը մեզ հարց ուղղել. «Ի՞նչ եք ուզում, ես առաջի՞նն եմ, որին էս հարցն ուղղում եք»: Տեղեկանալուց հետո, որ` ոչ, ասաց. «Իսկ բոլոր կուսակցությունները ստանդարտ նույն պատասխա՞նն են տալիս, օրինակ, որեւէ մեկը ասե՞լ ա, որ բացի անդամավճարներից, նվիրատվություններից մենք ունենք եկամուտի այլ աղբյուրներ, դա հնարավոր չի»:Առաջիկա ԱԺ ընտրություններին կուսակցությունը ի՞նչ ձեւաչափով է մասնակցելու հարցին, Սադոյանը պատասխանեց արհամարհական. «Եթե դուք հիմա ուզում եք նման հարց տալ, բոլոր դեպքերում ակնհայտ ա` քաղաքական զարգացումներ են լինելու, մեր կուսակցությունը միշտ փորձում է համախմբել այլ քաղաքական ուժերի` իր ազգային-ժողովրդավարության սկզբունքով: Կուսակցությունը պարտավոր է մասնակցել ընտրություններին, հակառակ դեպքում իմաստ չունի, որ կոչվի կուսակցություն»: ԱԺԴ-ն 2,5 հազար անդամ ունի: Քաղաքական ո՞ր դաշտում է գտնվում կուսակցությունը հարցին, պարոն Սադոյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած ծիծաղում եմ, երբ այդ հարցը տալիս են: Մինչեւ հիմա էլ մենք ավելի շատ ընդդիմադիր ենք, քան դիմադիր, բայց ասել, որ կուսակցության ճակատին միշտ պետք է գրված լինի, որ նա իշխանության պետք ա չգա եւ միշտ լինի ընդդիմադիր, դա սխալ ա, եթե կուսակցությունը հաղթեց, դառնում ա դիմադիր»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ