Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվի. ՀՀԿ-ն նրան արգելել է մասնակցել ընտրություններին: Փոխարենը, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը, ՀՀԿ-ն այնտեղ կսատարի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը. նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման փաստը երեկ հաստատել է նաեւ Բալասանյանը: Ղուկասյանն ու իր կողմնակիցները, բնականաբար, չեն հաշտվում այս իրողության հետ ու սկսել են դիմել ահաբեկչական մեթոդների: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ տարբեր ճանապարհներով՝ ընդհուպ մինչեւ «փակ հեռախոսահամարներով» զանգահարելով Բալասանյանի թիմի անդամներին, Ղուկասյանները սպառնում ու հայհոյում են: Վերջին օրերին հայրաքաղաքում մթնոլորտն այնքան էր շիկացել, որ Ղուկասյանի որդին գնացել էր Բալասանյանի տան մոտ, հայհոյել, սպառնացել, թե «չեք վայելելու»: Իսկ Բալասանյանը երեկ զգուշացրել է Ղուկասյանին՝ զերծ մնալ Գյումրիում լարվածություն ստեղծելուց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ