Գյումրիում այս օրերին ծայրաստիճան լարված մթնոլորտ է, եւ ամեն րոպե իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Իսկ պատճառն այն է, որ Վարդան Ղուկասյանն ու նրա ընտանիքը չեն համակերպվում այն իրողության հետ, որ Ղուկասյանին արգելել են առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, փոխարենը Սերժ Սարգսյանի հետ նախագահականում կայացած հանդիպումից հետո «դաբրոն» ստացել է ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը:
Եւ ահա այդքանից հետո հանգստյան օրերին Գյումրիում բավական ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ՝ Վ. Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, շաբաթ օրը գնացել է Ս. Բալասանյանի՝ Գյումրու տան մոտ, հայհոյանքներ տեղացել ու սպառնացել՝ «չեք վայելելու»: Բարեբախտաբար, գործը չի հասել մարդ ծեծելուն կամ կրակոցներ արձակելուն: Նույն օրը Գյումրի է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ մարզային կառույցի նիստ անցկացրել: Այնտեղ Վ. Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀԿ մարզխորհրդի ղեկավարի պաշտոնից, նրա փոխարեն այդ կառույցի ղեկավար է դարձել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: Հատկանշականն այն է, որ Ղուկասյանը միակ պաշտոնյան էր, որ այս հանդիպմանը մասնակցել է ոչ թե պաշտոնական հագնված, այլ հասարակ պիջակ-սվիտերով, իր հայտնի գլխարկով: «Ես ապրում եմ վերին Երուսաղեմի համար: Ինձանից Աստված չնեղենա: …Ես ընդհանրապես իմ բնավորությամբ կուսակցական չեմ: Ես ավելի շատ եկեղեցական եմ, ավելի հոգեւոր եմ, քան թե կուսակցական»,-նիստից հետո լրագրողներին «սատանա» հռչակելուց հետո աստվածահաճո իր կերպարն է ցուցադրել նա: Ավելին, Ղուկասյանը, որ մինչ այդ հայտարարել է ամեն գնով, նույնիսկ առանց կուսակցության «դաբրոյի» առաջադրման, ինքնառաջադրման մասին, արդեն սկսել է ընկրկել՝ այդ մասին հարցին պատասխանելով. «Կապրենք՝ կտեսնենք»:
Հասկանալի է, որ այս հանդիպման ժամանակ հիմնական թեման եղել են առաջիկա ՏԻՄ ընտրությունները, եւ Ղուկասյանին «չորով» արգելել են առաջադրվելը, ընդ որում նույնիսկ ինքնառաջադրմամբ: Բայց, ըստ Գյումրու մեր աղբյուրների, Ղուկասյանի հարազատները չեն ցանկանում ենթարկվել իրենց խոսքերով ասած՝ «Երեւանում կայացրած որոշմանն» ու փորձում են ընդվզել: Ինչպես պնդում են գյումրեցիները, այս օրերին նրա որդին, եղբորորդիները մարդկանց հավաքագրում, համոզում են՝ ի պաշտպանություն քաղաքապետի՝ «ինքնաբուխ» հանրահավաք անցկացնել ու «ազգովի խնդրել», որ նա առաջադրվի: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ հավանական է, որ այդ հանրահավաքը կայանա հենց այս շաբաթ: Մանավանդ որ Հ. Աբրահամյանի այցի օրը ՀՀԿ շենքի ու քաղաքապետարանի մոտ նման մի փորձ եղել է. բավական մեծ թվով մարդիկ ողջ ընթացքում կանգնած սպասել են ՀՀԿ նիստի ավարտին, ճիշտ է, առանց ցուցապաստառների ու վանկարկումների, սակայն նրանք ՀՀԿ վերնախավին քաղաքականապես ատամ են ցույց տվել: Ահա այս ամենից հետո Գյումրիում իրավիճակը առավել քան լարված է. ամեն րոպե չի բացառվում արյունահեղությունը, մանավանդ որ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը, «եթե նախկինում մենակ Սպարտակն էր «գաստրոլներ» տալիս, հիմա ավելացել են Վարդանի մյուս ախպերների տղաները, մեծացել են, սրանք էլ իրենց հերթին են նույնը անում»:
Այսօր գյումրեցիներին ամենաշատը հուզում է մեկ հարց. ինչո՞ւ Ս. Սարգսյանը որոշեց նախագահական ընտրություններից առաջ Ղուկասյանին «մատաղ անել»: Մանավանդ որ նա տարիներ շարունակ անմնացորդ կերպով ծառայել է ռեժիմին: Ավելին, Գյումրիում ՀՀԿ-ն՝ որպես կառույց, կազմավորվել է հենց նրա շնորհիվ: Իսկ հիմա՝ Ղուկասյանի հրաժարականից հետո, ՀՀԿ-ն գրեթե կազմալուծված վիճակում է. մի մասը, հանուն պաշտոնի, վախվորած մնում է ՀՀԿ-ում, մի մասը շվարած ու վախեցած է, երբ տեսնում է՝ այդքան ծառայություններից հետո Ղուկասյանին ինչպես օգտագործեցին ու նրանից հրաժարվեցին: Իսկ Ղուկասյանի մերձավորները սկսել են դիմում տալ՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքերով՝ իրենք Ղուկասյանին չեն առաջադրելու, քանի որ ԱԺ ընտրություններին Գյումրիում ինքն է եղել ՀՀԿ պատասխանատուն ու ձախողվել է՝ 12 հազար ձայնով պարտվելով ԲՀԿ-ին: Մինչդեռ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, իրական պատճառն այլ է. Ղուկասյանն ամբողջությամբ չի բաժանել գյումրեցիների համար ՀՀԿ նախատեսած ընտրակաշառքը, ու քանի որ ԲՀԿ-ն գումար բաժանելու հարցում շատ ավելի շռայլ է գտնվել, 12 հազար ձայնով հաղթել է ՀՀԿ-ին:
Ի դեպ, այսքանից հետո տեսակետ է շրջանառվում, որ այսպես ՀՀԿ-ն Շիրակի մարզը, այդ թվում եւ Գյումրին, հանձնում է ԲՀԿ-ին: Սա՝ առաջին հայացքից: Իրականում Բալասանյանը համարվում է ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանի մարդը: Դեռ ավելին, քաղաքապետ դառնալու «դաբրոն» ստացավ՝ անձամբ նախագահական այցելելով: Ու հիմա Գյումրիում քաղաքապետ է դառնալու մարդ, որի քաղաքական պատկանելությունն այդպես էլ անհայտ է, հիբրիդային վիճակում. լինելով ԲՀԿ-ական՝ ընտրվում է ՀՀԿ «դաբրոյով», գումարած ճակատին գրված ՕԵԿ-ը:
ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎՆ ՈՒ ԳՅՈՒՄՐՎԱ ՏՐՆԳԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ