ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, օրերս ձերբակալվել էր զենքի սպառնալիքով ավտոմեքենա առեւանգելու համար: Մինչ այդ էլ Գեւորգյանի անունը շրջանառվում էր 2008թ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի համայնքապետ Ռոլանդ Մկրտչյանի սպանության, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձի եւ այս տարվա մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու աղմկահարույց դեպքերի ժամանակ:
Ու չնայած նրա հանցագործ կերպարին՝ Արտակ Գեւորգյանն աշխատում էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Շարունակո՞ւմ է նա լինել ՀՀ նախագահի նստավայրի աշխատակից: «Ժողովուրդ»-ի այս հարցին նախագահականի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Մերի Հարությունյանը պատասխանեց. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը, չի աշխատում ՀՀ նախագահի աշխատակազմում: Ա. Գեւորգյանը ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում աշխատել է ծառայությունների մատուցման պայմանագրով՝ 19.06.2009-14.01.2010թթ. ժամանակահատվածում որպես իրավաբան: Կանոնադրական գործառույթներից բխող մասնագիտական ծառայությունների մատուցման աշխատանքների ավարտից հետո, պայմանագրի համաձայն, նրա աշխատանքը ՀՀ նախագահի աշխատակազմում դադարեցվել է»:
Իսկ թե ինչ գիտեն այդ տղայի մասին նախագահականում, իրեն ինչպես է դրսեւորել, արդյոք նախկինում էլ են նման դեպքեր եղել, որոնց մասին հասարակությունը չի իմացել, չկարողացանք պարզել, քանի որ այս հարցերը՝ ուղղված նախագահականի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնին, մնացին անպատասխան:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ