ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին թեժ կլինեն ընտրությունները նաեւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Այստեղ էլ, ինչպես Գյումրիում, գրեթե մշտապես ընտրությունները շատ ինտրիգային են: Թիվ 36 ընտրատարածքում (ընդգրկում է Արթիկը եւ հարակից բնակավայրերը) խորհրդարանական ընտրություններին էլ բավականին թեժ մրցակցություն էր: Պայքարն ընթանում էր 4 թեկնածուի միջեւ՝ ՕԵԿ-ական Հունան Պետրոսյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մակեյան, ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյան եւ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյան:
Արթիկի քաղաքապետի ընտրություններին էլ կարծես թեկնածուների պակաս չի լինելու: Մի քանի անուններ արդեն շրջանառվում են արթիկցիների շրջանում, սակայն Արթիկի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին առայժմ հայտնել է միայն ներկայիս քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: Նրա տեղակալ Գեւորգ Փթուկյանը փոխանցել է, որ Խաչատուր Վարագյանն այժմ սպասում է Հանրապետական կուսակցության որոշմանը. «Ինքը ՀՀԿ-ական է, եւ, ամենայն հավանականությամբ, կուսակցությունը կառաջադրի նրա թեկնածությունը: Ինչո՞ւ պիտի չառաջադրվի»:
Հավանական թեկնածուների ցանկում կա նաեւ նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի անունը, որը մոտ 10 տարի զբաղեցրել է Արթիկի քաղաքապետի պաշտոնը: Վերջինս եւս հանրապետական է, թեեւ, արթիկցիների վստահեցմամբ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել է ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին: Իսկ ԲՀԿ Արթիկի գրասենյակից հայտնել են, որ իրենք էլ սպասում են կուսակցության քաղաքական խորհրդի որոշմանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական թեկնածու Մուշեղ Պետոյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթեց ՀՀԿ-ական թեկնածուին: Չի բացառվում, որ ԲՀԿ-ն կցանկանա կրկնել հաջողությունը եւ անպայման կառաջադրի սեփական թեկնածուին:
Թեեւ մարզի երկրորդ քաղաքի բնակիչներն ամենեւին էլ հույս չեն կապում առաջիկա ընտրությունների հետ: Նրանց կարծիքով՝ հերթական ընտրական գործընթացն իրենց կյանքում ոչինչ չի փոխի: «Ինձ համար տարբերություն չկա: Ով ուզում է լինի: Ամեն անգամ կմասնակցենք ընտրություններին ու գուզենք, որ ինչ-որ բան լավ էղնի: Բայց ոչ մի փոփոխություն: Հեչ բան տեղից չի շարժվի: Մենակ Արթիկի քաղաքապետով չէ էս ամեն ինչը»,-ասում է Արթիկի բնակիչ Սիլվա Մակարյանը:
«Ես ո՞ւմ ընտրեմ: Հեչ մեկին էլ չեմ ընտրելու, քանիմ օրից էլի իրար միս են ուտելու»,-իր կարծիքը հայտնեց արթիկցի 62-ամյա թոշակառու Ռազմիկ Գրիգորյանը: Շեշտենք, որ մարզի 86 համայնքներում, որտեղ տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, գործող համայնքապետերը հիմնականում հանրապետականներ են, եւ գրեթե բոլորը պատրաստվում են վերստին առաջադրվել: Ենթադրելի է, որ խոշոր գյուղական բնակավայրերից թեժ կլինեն ընտրություններն Ախուրյան համայնքում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս