ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴՈՒ ՏԵ՞ՍՔ ՈՒՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Վանաձորի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում թեկնածուների առաջադրմանը դեռ բավականին ժամանակ կա, սակայն քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուներից մի քանիսի անուններն արդեն հայտնի են: Տասներեք տարի Վանաձոր քաղաքը ղեկավարող ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն այս ընտրություններում եւս անզիջում պայքարի է գնալու: Նրա հետ պատրաստվում են մրցել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, անկուսակցական Կարեն Թումանյանը եւ «Դուստր Արինա» ՍՊԸ տնօրեն Սեյրան Հարությունյանը (Կոմսի Սեյրան): Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետի պաշտոնում կառաջադրվեն նաեւ Վանաձորում հայտնի բժիշկ Կարեն Ադամյանը եւ  ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսա Տարոն Ապրեսյանը: Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
-Դուք արդեն գիտե՞ք, թե ովքեր են առաջադրվելու քաղաքապետի պաշտոնում:
-Ինձ համար մեկ ա՝ ով ա առաջադրվելու: Ես ոչ թե որեւէ մարդու դեմ պայքարում եմ, այլ քաղաքապետարանի եւ քաղաքապետի բոլոր պարտավորությունները կատարելով՝ գնում եմ դեպի ընտրություններ:
-Տասներեք տարի է՝ քաղաքապետ եք: Չե՞ք հոգնել այդ պաշտոնից:
-Հոգնած մարդու տե՞սք ունեմ, հա՞ (ծիծաղում է-Մ.Պ.):
-Հայտնի է, որ քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու երիտասարդ փաստաբան  Կարեն Թումանյանը:
-Թող առաջադրվի: Փաստաբանը՝ ով, քաղաքապետն՝ ով: Կարո՞ղ եք իրար հետ որեւէ զուգահեռներ տանել: Ես իրան ընդհանրապես չեմ էլ ճանաչում:

ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել քաղաքապետի պաշտոնում:
-Ես կարծում եմ, որ Վանաձորը պետք է արժանապատիվ ապրելու, աշխատելու եւ արարելու քաղաք լինի ոչ միայն ընտրյալների, այլեւ բոլորի համար: Ես իմ համախոհների հետ միասին ունեմ բավական վճռականություն՝ բարեկեցիկ ու բարեկարգ դարձնելու մեր քաղաքը:
-Դուք ճանաչո՞ւմ եք Ձեր մրցակիցներին:
-Պաշտոնապես առաջադրումներ դեռ չկան: Մրցակիցների մասին խոսելը դեռ վաղ է: Ես վստահորեն հայտնել եմ իմ մտադրության մասին: Տեսնենք, թե ովքեր կլինեն իմ մրցակիցները:
-Հայտնի է, որ առաջադրվելու է նաեւ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Դուք անձամբ նրան  ճանաչո՞ւմ եք:
-Գիտեմ որպես Վանաձորի քաղաքապետ, մի քանի անգամ գործի բերումով առնչվել եմ: Նաեւ պաշտպանել եմ մեր համաքաղաքացիների շահերն ընդդեմ քաղաքապետարանի: Գիտեք, Վանաձորում տիրող այսօրվա վիճակից ելնելով՝ կարելի է ասել, որ գործող քաղաքապետին ցանկացած քաղաքացի մրցակից է: 13 տարի քաղաքը ղեկավարելուց հետո չի կարելի վստահ ու հանգիստ լինել ընտրվելու հարցում, քանի որ հազարավոր մարդկանց հրատապ խնդիրներ կան, որոնք ավելի քան մեկ տասնամյակ է՝ չեն լուծվել:
Սեյրան Հարությունյանը, խորհրդակցելով իր փաստաբանի հետ, որոշեց մինչեւ թեկնածուների առաջադրումը որեւէ բան չհաղորդել: Նա մեզ տեղեկացրեց միայն, որ սուտ են տարածված այն լուրերը, որ իբր ինքն ու գործող քաղաքապետ Դարբինյանը խնամիներ են, եւ ընտրությունների ժամանակ իր հավաքած ձայներն անցնելու են հենց նրան: Ս. Հարությունյանի կարծիքով՝ այս ամենը Դարբինյանի թիմի կողմից կազմակերպված սեւ PR է, քանի որ իր երեք երեխաներից եւ ոչ մեկն ամուսնացած չէ:
Լրատվական կայքերից մեկում զետեղված էր տեղեկություն այն մասին, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը չի սատարելու Սամվել Դարբինյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետն ասաց. «Ես երբեք չեմ ասել, որ գործող քաղաքապետին չեմ սատարելու: Առավել եւս, մի քանի օր է մնացել: Կհամբերեք, կտեսնեք՝ ովքեր են առաջադրվում… Առաջադրվելուց առաջ մենք մեր քաղաքական որոշումն անպայման կասենք»: Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Ս. Դարբինյանի գործունեությանը, մարզպետի գնահատականը հետեւյալն է. «Մեր կյանքում իդեալական աշխատողներ չկան, այդ թվում նաեւ ես»:

ՄԵԼԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լոռի




Լրահոս