ՀՀԿ-ի ներսում դեռ չեն համակերպվում Գագիկ Ծառուկյանին ներելու գաղափարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի. սառույցը կոտրվում է: Մեզ հասած տեղեկություններով՝ Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որպեսզի և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն իրենց թիմերով նահանջի ճանապարհին խայտառակ չլինեն, ՀՅԴ-ն որոշել է բարձրացնել է խաղաղության դրոշը:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այժմ ՀՀԿ-ում իսկական խառնաշփոթ է: Հանրապետականների մի մասը կտրուկ դեմ է ԲՀԿ ղեկավարի հետ հաշտությանը, իսկ մյուս մասը` կողմ՝ պնդելով, որ երկրում ցնցումներ պետք չեն: ԲՀԿ-ի հետ առճակատման գնալու կողմնակիցները նշում են, որ եթե պետք է հաշտվեին, էլ ինչ կարիք կար այսքան դաժան քննադատելու և հետապնդումների շարք սկսելու: «Արմատական» ՀՀԿ-ականները այն կարծիքին են, որ ԲՀԿ-ն պետք է պատասխան տա, քանի որ Ծառուկյանը հայհոյել է և վատաբանել ՀՀԿ առաջնորդին:

Հարցն այնքան է թեժացել, որ որոշվել է դաշնակցության պատգամավորների մի խումբ ուղարկել ՀՀԿ-ականների հետ՝ բանակցության, որպեսզի կարողանան համոզել հաշտվել ԲՀԿ-ի հետ՝ հանուն երկրի կայունության: «Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետևում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին», – A1plus.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ռուստամյանը:

Իսկ այս ընթացքում ԲՀԿ-ն խորը ընդհատակ է անցել:

Հավելենք, որ ԲՀԿ առաջնորդին ներելու և Ծառուկյանի հետ հաշտության գնալու ճանապարհը ըստ մեզ հասած տեղեկությունների՝ չի նշանակում, որ այլևս ՀՀԿ-ԲՀԿ կսմիթներ չեն լինի և առաջվա «շոկոլադային» հարաբերությունները կվերականգնվեն: Այս պահի դրությամբ դեռ որոշված է, որ Գագիկ Ծառուկյանին չարժե կալանավորել և զրկել պատգամավորական մանդատից: Պարզապես պետք է նրա դիրքերը թուլանան: Իսկ թե այլ ինչ պայմանավորվածություներ են ձեռք բերվել, կփորձենք պարզել առաջիկայում:




Լրահոս