Օգոստոսի 8-ին Իջեւանում պետք է կայանար փաստաբան Ռադիկ Պապյանի դատավարության հերթական նիստը: Սակայն անհասկանալի պատճառով այն չկայացավ, դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 9-ին: Նշենք, որ փաստաբան Ռադիկ Պապյանը կալանավորված չէ, նա ազատության մեջ է: Նախկինում Ռ. Պապյանը եղել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանն Իջեւանի տարածաշրջանում: Նա մեղադրվում է խարդախության մեջ:
Գործի պատմությունը հետեւյալն է: 2010թ. սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերն անհայտ անձինք, մուտք գործելով Բերդ քաղաքի բնակիչ Սերյոժա Մեջլումյանի խանութ-կրպակ, գողացել են տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ: Այս գործով Բերդի ոստիկանության կողմից ձերբակալվել է Բերդի 30-ամյա բնակիչ, նախկինում Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Էդուարդ Սերժիկի Քոսակյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Էդուարդ Քոսակյանը համագործակցել է իրավապահների հետ, նրա խափանման միջոցն ընտրվել է ստորագրությամբ չբացակայելը: Այս տարվա հունվարին նա իր փաստաբան Ռադիկ Պապյանի միջոցով ձեռք է բերել իր անձնագիրը եւ հեռացել Հայաստանից: Է. Քոսակյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ Բերդի ոստիկանությունը Քոսակյանին հայտնաբերել է Ռուսաստանում: Նա տեղափոխվել է Հայաստան եւ ներկայում գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Սույն քրեական գործի քննությամբ բացահայտվել է, որ փաստաբան Ռադիկ Պապյանը Էդուարդ Քոսակյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու համար նրա հորից՝ Սերժիկ Քոսակյանից, պահանջել է 8 հազար դոլար: Ըստ մեղադրական եզրակացության` Ռ. Պապյանը 2010թ. սեպտեմբերի վերջին Սերժիկ Քոսակյանից ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, մնացած 5 հազար դոլարը վերջինս հրաժարվել է վճարել: Ռադիկ Պապյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով):
Առաջիկա օրերին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Բերդ քաղաքում կսկսի նաեւ Ռադիկ Պապյանի կնոջ` Հրանուշ Ներկարարյանի դատը: Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել այն բանի համար, որ յուրացրել է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ, զինվորական հաշմանդամ Բագրատ Նազինյանի ընդհանուր առմամբ 27 ամիսների թոշակը` 1 միլիոն 388 հազար 800 դրամ: Մեր տվյալներով` Հրանուշ Ներկարարյանն Իջեւան քաղաքի բազմաթիվ բնակիչներից գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել:
Տավուշ