Հրաժարվեցին ընտրապայքարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 15-ին ավարտվեց Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը: Թեկնածուների նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Թեկնածուներից ոմանք մինչ գրանցումը հրաժարվել էին հետագա ընտրապայքարից` ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Նրանց թվում են նաև որոշ քաղաքային համայնքներում առաջադրված քաղաքապետերի թեկնածուներ:  Այս մասին “Փաստինֆո” գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Այսպես` Լոռու մարզի 6 քաղաքային համայնքներում առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել միայն Տաշիրի գործող քաղաքապետ, անկուսակցական Նշան Սողոյանը: Արդյունքում` Տաշիրում գրանցված է քաղաքապետի 3 թեկնածու: Վանաձորում գրանցված են քաղաքապետի 5, Ստեփանավանում` 3, Ախթալայում, Թումանյանում և Շամլուղում` երկուական թեկնածուներ:
Արմավիրի մարզի երկու քաղաքային համայնքներում հետագա ընտրապայքարից հրաժարվել է Մեծամորի քաղաքապետի պաշտոնում առաջադրված չորս թեկնածուներից մեկը` անկուսակցական Ասյա Առաքելյանը: Արդյունքում` Մեծամորում գրանցված են քաղաքապետի երեք թեկնածուներ, իսկ Էջմիածնում, որտեղ ինքնաբացարկ չի եղել` ինքնաառաջադրված են անկուսակցական երկու թեկնածուներ:
Արարատի մարզի Մասիսի քաղաքապետի պաշտոնում առաջադրված 8 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել ինքնաառաջադրված չորս անկուսակցականները` Տիգրան Ղամբարյանը, Նորայր Նահապետյանը, Ռազմիկ Մնացականյանը և Խորեն Արոյանը: Արդյունքում` Մասիսի քաղաքապետի պաշտոնին հավակնում են ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության երեք և ՀՀԿ-ի մեկ անդամներ: Վեդիում գրացված են քաղաքապետի առաջադրված բոլոր չորս թեկնածուները:
Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված 5 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել մեկը` ինքնաառաջադրված անկուսակցական Ռաֆայել Ասատրյանը: Մնացած չորս թեկնածուները գրանցված են: Արթիկում, որտեղ առաջադրվել էին 6 թեկնածուներ, ինքնաբացարկ են հայտնել երկուսը` անկուսակցականներ Մեսրոպ Բզնունին և Հովակիմ Երիցյանը: Արդյունքում` գրանցված է Արթիկի քաղաքապետի 4 թեկնածու:
Սյունիքի մարզի 6 քաղաքային համայնքներում առաջադրված քաղաքապետերի թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել միայն Կապանի քաղաքապետի մեկ թեկնածու` ինքնաառաջադրված անկուսակցական Վարդան Բաբայանը: Կապանի քաղաքապետի մյուս երեք թեկնածուները գրանցված են: Սիսիանում գրանցված են քաղաքապետի 5, Մեղրիում` 3, Քաջարանում, Ագարակում և Դաստակերտում` 2-ական թեկնածուներ:
Նշենք, որ թեկնածուները կարող են օգտվել ինքնաբացարկ հայտնելու իրավունքից նաև գրանցումից հետո` մինչև օգոստոսի 30-ը դիմումներ ներկայացնելով համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:




Լրահոս