ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԴԻՆ ԵՎ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանված ձեռքի գնդակ մարզաձեւի մարզիկ Դավիթ Հովակիմյանի գործը, կարծես թե, նոր ընթացք է ստանում: Բանն այն է, որ 15-ամյա տղայի սպանության գործով մեղադրյալը հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն` իր դեմ իրականացրած բռնությունների եւ իրական մեղավորի մասին, ինչի արդյունքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 11-ին Վանաձոր քաղաքում ձեռքի գնդակի առաջնություն էր, որին մասնակցում էին Ալավերդի քաղաքի, Երեւանի Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների եւ ԼՂՀ-ի «handball»-ի թիմերը: Դավիթը Աջափնյակ վարչական շրջանի թիմի ավագն էր: Մրցումների արդյունքում Աջափնյակ համայնքը հաղթել էր` զբաղեցնելով առաջին տեղը: Մրցումների ավարտից հետո՝ ուշ երեկոյան, Վանաձոր քաղաքում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Դավիթ Հովակիմյանը սպանվել էր:
Տղայի սպանելու գործով կալանավորվել էր Վանաձորի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, «Քուրդ» մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցեւը, որն արդեն շուրջ 2 տարի է, ինչ հայտարարում է, որ ինքը կատարվածի հետ կապ չունի եւ ինքը չի սպանել Դավիթին:
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթ Հովակիմյանին սպանել է Վանաձորի ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են: Ու մինչ այս գործը դատարան կմտներ, եւս մեկ հոգի կալանավորվեց: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. օգոստոսի 29-ի դատական նիստում որոշում կայացրեց՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին կալանավորել: Վ. Ղուկասյանը մեղադրվում է Դավիթ Հովակիմյանի մահվան հարցում մեղքի բաժին ունենալու մեջ՝ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու եւ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:
Երկու տարի է, ինչ սպանությունը կատարող Կարեն Կունգորցեւի եւ վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործով դատական նիստերն ընթանում են: Եւ, ահա, պարզվեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւս մի քրեական գործ է հարուցվել այս սպանության գործով: Բանն այն է, որ կալանավոր Կարենը հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին բերման ենթարկվելուց հետո հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրեն ծեծի են ենթարկել՝ ստիպելով ընդունել, որ հանցագործությունը ինքն է կատարել:
Կարենը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ սպանության փորձը կատարել է այլ անձ, որի հայրը զբաղեցրած պաշտոնի բերումով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Լոռու մարզի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջիններս նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության կատարումը մեղսագրել են իրեն:
Արդյունքում՝ հաղորդման հիման վրա հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ասել է թե՝ ՀՔԾ-ն կալանավորի հաղորդման հիմքում հանցակազմ է տեսել, ուստի չի բացառվում, որ Աջափնյակ համայնքի ձեռքի գնդակի թիմի 15-ամյա ավագի սպանության գործով աղմկալի բացահայտումներ լինեն: Ի վերջո, ըստ շրջանառվող լուրերի՝ սպանությունը կատարել է Վանաձորի ԱԱԾ աշխատակցի որդին, որին ամեն կերպ ուզում են ջրից չոր դուրս բերել:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կալանավայրում այս գործով մեղադրյալ Կարենի եւ Վանաձորի քննչական բաժնի բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ առերեսում է եղել, եւ Կարենը պնդել է այն, ինչը հաղորդել է ՀՔԾ-ին:
Այնպես որ, սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Նախօրեին Սերժ Սարգսյանը, խոսելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեության մասին, ասաց. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»:
Երեկ արդեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, դրանց հիմքերը, որից հետո ԱԺ նախագահը որոշում կկայացնի: Այսինքն՝ այն փաստաթղթերը (բժշկական տեղեկանք կամ ճամփորդական փաստաթուղթ), որոնք ներկայացրել է Ծառուկյանը՝ որպես բացակայության հիմնավորում, պետք է ստուգվեն ԱԺ նախագահի կողմից, եւ կայացվի որոշում՝ հարգելի՞ են այդ բացակայությունները, թե՞ ոչ: Որոշումը կայացնելուց հետո ԱԺ նախագահը մանդատից զրկելու հարցով արդեն կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Բացի այդ՝ ԱԺ նախագահը հանձնարարել է աշխատակազմին հնարավորինս արագ ուսումնասիրել բոլոր պատգամավորների բացակայությունները:
Հիշեցնենք, որ ԱԺ-ի պատմության ընթացքում միայն մեկ անգամ են պատգամավորի լիազորությունները դադարեցվել նիստերից բացակայելու պատճառով: Դա եղել է 2001թ. հոկտեմբերի 9-ին, երբ դադարեցվեցին Վանո Սիրադեղյանի լիազորությունները: Նա Հայաստանից անհետացել էր 2000թ.-ին, իսկ լիազորությունները դադարեցվեցին 2001-ին:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե բացի Գագիկ Ծառուկյանից՝ էլ ովքեր են բացակայել ԱԺ նիստերից: Եւ այսպես՝ ուսումնասիրելով ԱԺ պատգամավորների գործունեությունը՝ բացահայտեցինք, որ ԱԺ նախորդ՝ աշնանային նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ից դեկտեմբերի 4-ի ընթացքում ամենաշատ բացականեր ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա 55 անգամ չի ներկայացել նիստերին:
2-րդ տեղում ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է. ունի 48 բացակա:
3-րդ տեղում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է՝ 46 բացակա:
4-րդ տեղում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանն է՝ 41 բացակա:
5-րդ տեղում ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն է. 33 բացակա:
6-րդը դարձյալ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն է՝ «Յուվեցի» Կարոն՝ 33 բացակա:
7-րդը ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանն է՝ 32 բացակա:
8-րդը՝ «Երդվյալ ազատամարտիկներ» ՀԿ նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանն է՝ «Ծաղիկ» Ռուբոն՝ 31 բացակա:
9-րդը գյումրեցի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է՝ 31 բացակա:
10-րդ հորիզոնականը զբաղեցնում է նախկինում ՀՀԿ խմբակցության անդամ, այժմ ԲՀԿ-ի շարքերը համալրած պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ 29 բացակայություններով:
Իսկ թե թվարկվածներից ում բացակայությունները կհամարվեն հարգելի, ումը՝ անհարգելի, կպարզվի առաջիկայում:

 

 

ԵՐԵՔ ԹԵԿՆԱԾՈՒ
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձինք արդեն երեքն են: Բացի Լիզա Գրիգորյանից եւ Լիաննա Հակոբյանից՝ երեկ փաստաթղթերն է ներկայացրել նաեւ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, որը մասնակցում էր նաեւ նախորդ մրցույթին:

 

ՉԵՂԱԾԸ ՈՆՑ ՀՐԱՊԱՐԱԿԵՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դատի է տվել ՀՀ դատախազությանը՝ ՌԴ դատախազ Չայկային` Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու խնդրանքով Գեւորգ Կոստանյանի նամակը չհրապարակելու համար: ԻՔՄ-ն ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որպեսզի վերջինս տրամադրի ՀՀ դատախազ Կոստանյանի` ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի պատճենը:

 

ԶՈՒԳԱՀԵՌՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ
«Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարության համաձայն` «Բերձորյան ահաբեկչությունն անմիջականորեն ղեկավարել են ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը («Օգանովսկի Սամո»), ԼՂՀ ՆԳ նախարար Կամո Աղաջանյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը («Հադրութի Վանո», նախկինում եղել է Հադրութի ոստիկանության պետ): Հասարակության լայն շրջանակներին հայտնի է նաեւ, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը եւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը որպես կազմակերպիչներ ակտիվորեն մասնակցել են Մարտի 1-ի սպանդին»: Ուշագրավ է, որ մինչ օրս այս գործիչների` մարտիմեկյան սպանդին ունեցած մասնակցության մասին հասարակության լայն շրջանակներին հենց նույն Նախախորհրդարանի կողմից որեւէ տեղեկատվություն չի ներկայացվել:

 

ԻՐԵՆՔ ԷԼ ԿՀԻՇԵՑՆԵՆ
Արձագանքելով ԼՂՀ փոխվարչապետ Ա. Աղաբեկյանի կողմից Ժ. Սէֆիլյանի անցած մարտական ուղին կասկածի տակ դնող ֆեյսբուքյան գրառմանը` «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» Հ/Կ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Դեռեւս հույս ունենք, որ պարոն Ա. Աղաբեկյանը կգիտակցի իր սխալը եւ Արցախն ու մեր պետականությունը օտարին հանձնող ռեժիմին իր հավատարմությունն ապացուցելու համար խղճի ու արդարության դեմ գործելու փոխարեն ներողություն կխնդրի Շուշիի առանձնակի գումարտակի սպաներից եւ նրանց հրամանատար Ժ. Սէֆիլյանից: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք բազմաթիվ դրվագներ հիշելու նրա անցյալ եւ ներկա կյանքից, որոնք ամենեւին էլ չեն նպաստի առաջիկայում Արցախի, այսպես կոչված, նախագահի աթոռն զբաղեցնելու նրա բաղձալի երազանքի իրականացմանը»:




Լրահոս