ԻՆՉՈ՞Ւ Է ՊԱՌԱԿՏՎՈՒՄ ԱԴԿ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի չի անցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումից, երբ այն սկսեց պառակտվել: Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ԱԴԿ-ն լքելու մասին հայտարարեցին այդ կուսակցության հիմնադիր անդամներից Արարատ Զուրաբյանն ու նրա 7 կողմնակիցները:
Սակայն հետաքրքիրն այն է, որ ո՛չ ԱԴԿ-ն լքածները, ո՛չ ԱԴԿ-ականները չեն մանրամասնում կատարվածի պատճառները: ԱԴԿ-ից Անուշ Սեդրակյանն ընդամենը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը լքել են՝ պատճառաբանելով ԱԴԿ-ի՝ «Ժառանգության» ցուցակով ընտրություններին մասնակցելը: Մինչդեռ ԱԴԿ-ից հեռացած Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրենց դիմումի մեջ շարադրված են նաեւ այլ պատճառներ: Միայն թե Կարապետյանն ասել է, որ իրենց դիմումը թող հրապարակեն ԱԴԿ-ականները:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս կուսակցությունում իրավիճակը լարված է եղել դեռ մարտ ամսից: Պարզապես ամեն ինչ հանգուցալուծում է ստացել ամիսներ անց: Բանն այն է, որ ԱԺ ընտրություններից առաջ, երբ քննարկվում էր նորաստեղծ այս կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը, Արարատ Զուրաբյանը պնդել է՝ ԱԴԿ-ն ընտրություններին պետք է մասնակցի կա՛մ առանձին, կա՛մ դաշինք կազմելով: Ըստ նրա՝ միայն այդպես հնարավոր կլինի պահպանել կուսակցության անհատականությունը, մանավանդ որ այն նորաստեղծ է: ԱԴԿ-ի ներսում մեծամասնությունը կողմ է եղել դաշինք կազմելուն, եւ սկսվել են բանակցություններ «Ժառանգության» հետ: Բանակցողն էլ եղել է ԱԴԿ նախագահ Խաչիկ Քոքոբելյանը: Երկարատեւ քննարկումներից ու բանակցություններից հետո Քոքոբելյանը որոշել է՝ ԱԺ ընտրություններին ԱԴԿ-ն կմասնակցի «Ժառանգության» ցուցակով՝ առանց դաշինք կազմելու, քանի որ դաշինքի դեպքում իրենք խորհրդարան անցնելու համար պետք է հավաքեին 7 տոկոս, ինչը, մեղմ ասած, նրանց դեպքում անհնար էր, իսկ մեկ կուսակցության ցուցակում ընդգրկվելու դեպքում գործն անհամեմատ հեշտ է՝ հարկավոր է 5 տոկոս:
Եվ ահա, Արարատ Զուրաբյանը «Նոյյան տապան» ռեստորանում հանդիպել է բանակցություններից վերադարձած Քոքոբելյանի հետ եւ երբ իմացել է, որ ԱԴԿ-ն մտնում է ուրիշի ցուցակ, խիստ զայրացել է: Զայրույթը գագաթնակետին է հասել, երբ իմացել է, որ իր անունը համամասնական ցուցակում նախատեսված է եղել գրել 10-րդ համարից ներքեւ: Զուրաբյանը մի քանի «գեղեցիկ» արտահայտություն է արել ու այդ օրվանից սկսած՝ իր ընկերների հետ խզել է կապերը ԱԴԿ-ի հետ: Սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱԺ ընտրությունների հարցը եղել է ԱԴԿ-ից հեռանալու առիթ: Կան նաեւ շատ այլ խորքային պատճառներ. մասնավորապես ԱԴԿ-ում ներքին պայքար է ընթացել է, թե ով է լինելու ամերիկյան ֆինանսավորման եւ իշխանություններից ֆինանսական աջակցություն ստանալու հիմնական խողովակը: Այս կապակցությամբ Խ. Քոքոբելյանի եւ Ա. Զուրաբյանի լարվածությունը, ըստ որոշ տեղեկությունների, հասել է ընդհուպ ձեռնամարտի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԴԿ անդամներ Ալիկ Արզումանյանը եւ Մասիս Այվազյանը չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ այս ամենի վերաբերյալ: Ա. Արզումանյանը նշեց, որ ամեն ինչ ասված է, եւ պետք չէ «այս ամենը հայոց պատմություն սարքել»: Մ. Այվազյանը հավատացնում էր, թե ինքն արձակուրդում է եւ անգամ ծանոթ չէ ԱԴԿ-ից հեռացածների հայտարարությանը: ԱԴԿ-ից հեռացած Կարեն Կարապետյանն էլ նշեց, թե իրենք կխոսեն մի քանի օր հետո:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս