ՉՈՒՆԵՎՈՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՂՃՈՎ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

72-ամյա Ռոբերտ Պետրոսյանը կուրացել է փոքր տարիքից: Թե ինչն է պատճառը, ինքն էլ չգիտի կամ չի հիշում: Ասում է՝ երիտասարդ տարիքում ծնողները որոշել են ամուսնացնել, որպեսզի ինքն էլ վայելի ամուսնության քաղցրությունը: Բայց նրանց ընտանիքն այդպես էլ չի զգացել ամենակարեւորը` երեխայի քաղցրությունը:
Այսօր Ռոբերտ պապիկն իր գոյությունը պահպանում է մուրացկանությամբ: Նրան հանդիպեցինք մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում: Նա առանձնապես չի ցանկանում խոսել կյանքի դժվարություններից՝ ասելով, որ դրանք դառնությամբ կանգնած են կոկորդին. «Օ՜ֆ, ո՛չ հավես ունեմ, ո՛չ էլ անցյալը փորփրելու ցանկություն, ի՞նչ օգուտ, որ կյանքս պատմեմ, որ պատմեմ, դու էլ ջահել ես, դարդի տակ կընկնես»: Սակայն մի փոքր համոզելուց հետո նա սկսեց խոսել:
«Ամբողջ կյանքս այս կույր հալիս աշխատել եմ: 1962 թվից մինչեւ 90 թիվը Կույրերի կոմբինատում աշխատել եմ խոզանակագործ: Կինս 70 տարեկան է, նա էլ հալից-հարաքյաթից ընկել է, մենակ ճաշ է սարքում, որ գործս պրծնեմ, գնամ տուն: Աստված որ կամենար, մենք երեխա կունենայինք, տենց էլ չունեցանք, ու հիմա մեն-մենակ երկուսով ապրում ենք Կոմիտասի վրա` Ֆուրմանովի փողոցում: Ես ու կինս իրար հետ 35.000 հազար դրամ ենք ստանում»,-դժգոհելով պատմում է 72-ամյա մուրացիկը՝ հավելելով, որ այսօր ամեն ինչ այնքան թանկ է, որ այդ չնչին գումարը չի բավականացնում ապրելու համար: Եւ այդ պատճառով էլ ստիպված փող է մուրում անցորդներից:
Ըստ Ռոբերտ պապի՝ իրենք 5 երեխա են եղել: Միջնեկ եղբայրը մահացել է արյան հիվանդությունից: Մյուս եղբայրներն ու քույրը ո՛չ գալիս են, ո՛չ էլ հետաքրքրվում իրենց կույր եղբոր ճակատագրով: «Չարացել են, ինչ են եղել՝ չգիտեմ, բայց մի օր դուռս չեն բացի՝ իմանան հալ-հալաքյաթս: Է՜հ, ասում եմ, որ չեմ դժգոհելու, բայց դե առանց դրա էլ չի լինում, ասում եմ, խոսում եմ, թեթեւանում եմ ու փորձում եմ մի երկու կոպեկով գոյությունս պահպանել, հավատս ու հույսս էլ են մեջս մեռել դեռ փոքր տարիքից, երբ կուրացա»:
Նա ոչ մի տեղ չի դիմել, որ օգնեն իրեն, քանի որ, ինչպես ինքն է ասում, օգուտ չկա. «Ղեկավարությունից մարդ չգիտեմ, թե դու գիտես, դո՛ւ ասա, որ մեզ՝ խեղճերիս, օգնեն, թե չէ էս ի՞նչ վիճակ է մեր վիճակը»: Օրվա ընթացքում նա հավաքում է 1500-2000 դրամ: «Առավոտյան ժամը 10:30-ից գալիս եմ այստեղ: Կարող է լավ փող չկպնի, գնամ «Ռասիա»: Ախր… արի՛ կամաց ասեմ՝ մարդ չլսի, աղջի՛կ ջան, «Ռասիա»-ի դեմից էլ քշում են: Էդ ոստիկանները չեն թողնում՝ երկու կոպեկ փող աշխատենք»,-ասաց նա:
Մեր զրուցակիցը նաեւ դժգոհեց անցորդների անտարբերությունից: «Առավոտվանից նստած եմ, մի կոպեկ չեն տվել,-ասաց նա՝ ցույց տալով թիթեղյա ամանը, որի մեջ կար ընդամենը 350 դրամ,-էդ հարուստները մեռնեն, մի կոպեկ չեն գցի, չունեւորներն ավելի խղճով են, տալիս են: Մեկ-մեկ որ չեն տալիս, ջոգում եմ, որ շատ յամանն են, հայհոյում եմ, լավ եմ անում»: Նրա միակ երազանքը լավ ապրելն է. «Ուրիշ էլ ի՞նչ է պետք մարդուն»:
Ռոբերտ պապը սիրով համաձայնեց լուսանկարվել, ավելին, վերջում հարցրեց՝ իրեն հեռուստատեսությամբ ցույց կտան, թե ոչ:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս