ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԾԽՈՎ
Բրազիլացի Ֆերնանդո դե լա Ռոսքը յուրահատուկ տարբերակ է գտել հանրահայտ քաղաքական գործիչներին եւ հոգեւոր առաջնորդներին պատկերելու համար` վրձնի փոխարեն օգտագործելով մարիխուանայի ծուխը: Լա Ռոսքը փչում է մարիխուանայի ծուխը նախապես կտրված շաբլոնների վրա, որոնք տեղադրված են սպիտակ կտավներին:  Նախկինում եւս եղել են մի շարք նկարիչներ, որոնք ստեղծագործել են ծխի միջոցով, սակայն բրազիլացին առաջինն է, որը հենց մարիխուանայի ծուխն է օգտագործում:

ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հավանություն են տվել խոշոր բիզնես-ավանի նախագծին, որտեղ պետք է աշխատեն բացառապես կանայք: Կանանց համար նախատեսված քաղաքը կկառուցվի երկրի մայրաքաղաքից 300 կմ հեռավորության վրա: Քաղաքը, որի մուտքն արգելված է բոլոր տղամարդկանց համար, կանանց կապահովի բարձր վարձատրվող աշխատանքով: Ծրագրվում է, որ քաղաքը կսկսի գործել արդեն հաջորդ տարի եւ հնարավորություն կտա ինքնադրսեւորվելու 5000 կանանց: Եթե ծրագիրը հաջող ընթացք ունենա, Սաուդյան Արաբիայում կհայտնվեն եւս մի քանի քաղաքներ, որոնց մուտքն արգելված կլինի տղամարդկանց համար:

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի կազմակերպած ինտերնետային Գրան պրիի կայծակնային մրցաշարում հաջող խաղաց նախնական բոլոր փուլերում եւ հասավ մինչեւ գերեզրափակիչ, որտեղ հանդես էին գալիս ութ լավագույն մասնակիցները: Այստեղ Անդրեասյանը 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինից (Ռուսաստան), որը դարձավ մրցաշարի հաղթող:

ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆԸ
Ամերիկացի եւ իտալացի գիտնականները եկել են եզրակացության, որ  կակաոն ակտիվորեն նպաստում է լավ հիշողություն ունենալուն: Ֆլավոնոլ կոչվող էլեմենտները, որոնցով բացատրվում է կակաոյի՝ հիշողությանը նպաստող հատկությունը, պարունակվում են նաեւ խաղողի, թեյի, խնձորի, կարմիր գինու մեջ: Բայց, ինչպես պնդում են գիտնականները, ամենից շատ դրանք հենց կակաոյի մեջ են: Նրանց կատարած փորձը ցույց է տալիս, որ ութ շաբաթ ամեն օր կակաո օգտագործելու դեպքում հնարավոր է անգամ ծերունական թուլամտությունը կանխարգելել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս