ԳՈՐԾ ԿԱՐՃՈՂԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կապանի N զորամասի հրամանատարի օգնական Աշոտ Խաչատրյանը համոզել է Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Արտակին, որ ինքը “գործ կարճող է”: Աշոտը հատկապես Արտակին է համոզել, քանի որ նա պոտենցիալ “փող տվող էր”՝ շահագրգիռ կողմ, որը ցանկանում էր պարտադիր ժամկետային զինծառայող քրոջ որդուն ազատել քրեական պատասխանատվությունից:
Դեռեւս անցյալ տարի, երբ Կապանի զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող Գագիկ Մարգարյանը հայտնվել է քրեական ինչ-որ պատմության մեջ, Երեւանի բնակիչ Աշոտ Խաչատրյանը զբաղեցրել է նույն զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպայի պաշտոնը: Այսինքն՝ լինելով պաշտոնատար անձ, կոչումով ավագ լեյտենանտ՝ փորձել է օգտագործել իր պաշտոնական դիրքը: Պարբերաբար` 2011թ. հոկտեմբերի 13-ին, 27-ին եւ 2011թ. նոյեմբերի 29-ին, Գայ գյուղի բնակիչ Արտակ Հովհաննիսյանից նրա քրոջ որդու` Գագիկ Մարգարյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճելու համար խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ու կաշառք ստանալու պատրվակով հափշտակել է խոշոր չափերի` 529.350 դրամին համարժեք 1400 ԱՄՆ դոլար: 
Մոտ մեկ ամիս Արտակը սպասել է քրոջ որդու վերաբերյալ բարի լուրի, սակայն քրգործի կարճման գործում դրական որեւէ տեղաշարժ չի եղել: Արտակը, բնականաբար, սկսել է անհանգստանալ եւ հարցերով անհանգստացնել Աշոտին: Վերջինս էլ նրանից գլուխը գոնե ժամանակավորապես ազատելու եւ հավանաբար հետագա անելիքը որոշելու համար 2012թ. հունվարի 14-ից փետրվարի 13-ը ստացել է իր հերթական արձակուրդը, որ մեկ ամսով զորամասի կողմերը չերեւա, եւ կաշառքի պատրվակով վերցրած գումարի շուրջ աղմուկ չբարձրանա: Բայց, ամենայն հավանականությամբ, Աշոտը չի կողմնորոշվել իր անելիքի հարցում եւ արձակուրդի ավարտից  հետո առանց հարգելի պատճառների  ժամանակին չի ներկայացել ծառայության վայր: Եւ քանի որ հակառակ նրա սպասածի՝ աղմուկը տարածվել է, արձակուրդի ավարտից 11 օր անց՝  փետրվարի 24-ին, մեղայականով ներկայացել է զորամաս: 
Դրանից հետո՝ մարտի 6-ին, ավագ լեյտենանտին կրկին կարճաժամկետ՝ եռօրյա  արձակուրդ են տվել, սակայն այս արձակուրդի ժամկետն ավարտվելուց հետո էլ Աշոտը չի ներկայացել ծառայության վայր: Նրա նկատմամբ մարտի 15-ին հետախուզում է հայտարարվել զորամասն ինքնակամ լքելու համար, որից հետո միայն՝ մարտի 21-ին, մեղայականով ներկայացել է Գորիսի կայազորի ՌՈ: Նրան կալանավորել են, իսկ ապրիլի 26-ին նախաքննական մարմինը մեղադրանքը փոփոխել, լրացրել է. զորամասն ինքնակամ լքելուց բացի, Աշոտին մեղադրանք են առաջադրել նաեւ, պաշտոնական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերի խարդախություն կատարելու համար:  
Աշոտն ընդունել է իր մեղքը եւ խնդրել արագացված դատաքննություն անցկացնել: Դատարանը չի մերժել եւ գտել է, որ նրա արարքների որակումը ճիշտ է (178-րդ հոդվ. 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ, 5-րդ կետերով եւ 361-րդ հոդվ. 3-րդ մասով), եւ նա պետք է պատասխանատվություն կրի: Դատարանն իր վերլուծություններում նշել է, որ Աշոտ Խաչատրյանին վերագրվող խարդախության մասը դասվում է միջին ծանրության հանցանքների թվին, իսկ զորամասն ինքնակամ լքելը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների թվին: 
Ամբաստանյալի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ Աշոտը նախկինում դատապարտված չի եղել, զղջացել է կատարածի համար, ներկայացել է մեղայականով, Կապանի զորամասի հրամանատարության կողմից բնութագրվել է դրական: Իսկ պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի գտել: Պատժաչափ նշանակելիս դատարանը հաշվի  է առել այն, որ ամբաստանյալի խնամքին են գտնվում երկու երեխաները, որոնցից մեկը մինչեւ 14 տարեկան, ինչպես նաեւ երկու զորամասերի հրամանատարների կողմից  պարգեւատրված լինելը: 
Ի վերջո, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Խաչատրյանին խարդախության համար դատապարտել է 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ զորամասն ինքնակամ լքելու համար՝ 1 տարի ազատազրկման, դրանք մասնակի գումարելով` վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ազատազրկումը: Դատարանը որոշել է նաեւ Աշոտ Խաչատրյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 1400 դոլարին համարժեք գումար: 
Ի դեպ, կաշառք տվող Արտակը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, եւ նրա նկատմամբ նախաքննական մարմինը քրեական հետապնդում չի իրականացրել, քանի որ կաշառք տալու մասին նա կամավոր է հայտնել: 
Ամբաստանյալը վերաքննիչ բողոք է բերել եւ խնդրել բեկանել դատավճիռը պատժաչափի մասով, նշանակել մեղմ պատիժ եւ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս