«Մի օր էլ եզդիներից են ոչխար պահելու համար տուրք պահանջելու, կամ գյուղացիներից ` կով պահելու». կենդանասերները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու որոշմամբ՝ կենդանիներ պահելու համար քաղաքացիները պետք է վճարեն տարեկան 5000 հազար դրամ տուրք: Կենդանասերների կարծիքով` սա անհեթեթ որոշում է: Armlur.am-ի հետ զրույցում օրենքի դեմ դժգոհող քաղաքացիներից Արմեն Եփրեմյանն, ով ևս ընտանի կենդանի է պահում տանը, ասաց` այս օրենքի կիրառման հետևանքով հազարավոր ընտանի կենդանիներ կհայտնվեն փողոցում: Վերջինիս խոսքով` ոչ մի երկրում նման օրենք չկա, սա կհանգեցնի նրան, որ մարդիկ այլևս կենդանիներ չեն պահի: Եփրեմյանը մեկ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. Մի շարք «կենդանասերներ» սկսել են օրենքին կողմ արտահայտվել և իրենց «կաշառված» կարծիքը հայտնել:

«Երևի քաղաքապետարանից կամ այլ մարմիններից որևէ ակնկալիք ունեն»,- ասաց նա:

Ա. Եփրեմյանն անհրաժեշտ է համարում խրախուսել ընտանի կենդանի պահելը և օժանդակել այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են վերցրել խնամել ընտանի կենդանիների, քանզի այսօր մեծ հոգսեր են թե կենդանու սնունդը, թե բժշկական սպասարկումը: «Մարդիկ կան փողոցից մի քանի կենդանիներ են վերցրել պահում են, հիմա ինչ պետք է իրենց թույլ չտալ կամ հարկ պահանջել կենդանուն պահելու համար»,- հարցադրում արեց նա:

Վերջինիս խոսքով` պատկան մարմինները այս օրենքի նպատակը համարում են քաղաքապետարանի կարիքները հոգալը, բայց Եփրեմյանը համոզված է, որ այդ գումարը մտնելու է մի քանիսի գրպանը, ոչ թե պետական բյուջե: Նրա համար առավել անհեթեթություն է այն, որ օրենքում ձևակերպված է «Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը»: «Անհեթեթ է, որ մեզ պետք է թույլտվություն տան կենդանիներ պահելու համար»,- ասաց նա և հավելեց, որ մի օր էլ եզդիներից են ոչխար պահելու համար տուրք պահանջելու, կամ գյուղացիներից ` կով պահելու և այլ կենդանիներ պահելու համար:

Նաև հավելենք, որ change.org միջազգային պորտալում ստորագրահավաք է սկսվել «Պահանջում ենք կասեցնել ընտանի կենդանի պահելու թույլտվության տարեկան տուրքի վերաբերյալ ՀՀ Օրենքը» անվանումով: Այս պահին հավաքվել է մոտ 70 ստորագրություն, քանի որ ստորագրահավաքը մեկ օր է, ինչ սկսվել է:

Հիշեցնենք, որ ավագանու որոշումն ընդունվել էր դեռևս 2011 թվականին, սակայն հիմա է մտել կիրառության մեջ: Որոշմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:




Լրահոս