Երրորդմասցի Լյովիկի սպանության վայրում հայտնաբերվել են պատառոտված թղթադրամներ. Տույի՞ն էլ է վտանգ սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան քրեական աշխարհում 2 օր առաջ տեղի ունեցած խմորումները ամբողջովին հետին պլան են մղել օրեր շարունակ թեժ քննարկման առիթ դարձած ներքաղաքական առճակատումները:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունները շարունակում են առեղծված մնալ և զանազան քննարկումների տեղիք տալ: Հայ հասարակությունն արդեն մի քանի օր է՝ քննարկման ավելի բովանդակալից թեմա ունի. դեռ ինչերի պետք է սպասել, և ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով սպանվել է երեք մարդ՝ Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), նրա ընկերը՝ Դերոն (Դերենիկ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Նազարյանց): Նշենք, որ Երրորդմասցի Լյովիկը հայազգի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի ազգականն է: Այս հանգամանքը նրան, բնականաբար, շատ հարցերում էր հնարավորություն տալիս իր ուզածով շարժվել:

oshakanci

Եվ, ինչպես բազմիցս է ապացուցվել, «գողական» աշխարհում ներում-բեկում չի լինում, հետևաբար միանշանակ կարող ենք ասել, որ առջևում անխուսափելիորեն սպասվում են «նոր ռազբորկաներ»: Պզոյի՝ սպանվածի բարեկամը լինելու փաստն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, թե ինչ կարող է սպասվել ապագայում: Ի դեպ, շատերը կարծում են, որ կրակոցների հեղինակները բացի սպանությունից, նպատակ են ունեցել ոմանց ինչ-որ բան հասկացնել, ավելին՝ լուրեր են շրջանառվում, թե դեպքի վայրում հայտնված ավտոմեքենան գողացված է եղել, իսկ պետհամարանիշները՝ փոխված:

Դեպքի վայրում արված լուսանկարներից, ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, երևում է՝ ինչ մեծ քանակությամբ հրազեն է հայտնաբերվել: Ավելին, տեղեկություններ կան, որ այնտեղ եղել են նաև բազմաթիվ պատառոտված թղթադրամներ: Միամտություն կլինի կարծել, թե այդ գումարը փոխհրաձգության մասնակից կողմերին չի պատկանել, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով էր այնտեղ փող տարվել: Համենայնդեպս, չպետք է բացառել սպանության դրդապատճառ գումարային հարցի տարբերակը:

Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկը այս դեպքից հետո չէ, որ հայտնի դարձավ:

Բացի նրանից, որ նախորդ տարի նա լուրջ ընդհարումներ ունեցավ «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հետ, նրա անունը շոշափվում է դեռևս 2005 թվականից: Այսպես, «ՏԷՑ-ի կրուգ» կոչվող տարածքում այդ ժամանակ փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Դրա հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը, վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: Ստեղծված խժդժության պատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր: Իսկ նախորդ տարի հուլիս ամսին մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Էրեբունիում «լավ տղերքի» շրջանում բունտ է հասունացել տարածքի «նայողներից» Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ: Նշված ժամանակահատվածում այնտեղ մեծ «ռազբորկա» է եղել Երրորդմասցի Լյովիկի հետ:

«Հակամարտող» կողմերից մեկն էլ Էրեբունու բնակիչ, Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանն էր՝ Թոխմախի Մհերի փեսան ու Տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին: Հուլիսի 6-ին տեղի ունեցած բանավեճը երկու կողմերի միջև վերածվել էր ծեծկռտուքի: Այն հարթվել էր միասին Հովիկ Աբրահամյանի միջամտությամբ: Բայց տարածված լուրերի համաձայն, թշնամությունը մնացել էր, և Լյովիկին հարող ու պատգամավորին դեմ շրջանակները պլան էին մշակում նրան «գծերից գցելու» համար:

Նշենք, որ օրեր առաջ սպանված քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից Քանաքեռցի Արթուրը՝ Տույ մականվամբ, ով հայտնի է նախորդ տարի «օրենքով գող» Օշականցի Գորիկի հետ տեղի ունեցած միջադեպից, այս օրերին ևս ստվերում չի մնացել: Համացանցում տեղեկություններին էին տարածվել, թե ՔԿ հիմնարկի մոտ տեղի ունեցածից հետո Տույը զրահապատ մեքենայով է քաղաքում շրջում:

tuy

Armlur.am-ի տեղեկություններով՝ թեպետ այս պահին համեմատաբար հանգիստ վիճակ է, այդուհանդերձ, հնարավոր է Տույը ևս թիրախի կարգավիճակում լինի: Ի դեպ, Armlur.am-ի՝ դեռևս չճշտված տեղեկություններով, վերջին շրջանում Երրորդմասցի Լյովիկն ու նրա ամենամտերիմ ընկերը՝ Տույը, համագործակցել են մի քանի այլ իշխանավորների հետ ևս՝ Հովիկ Աբրահամյանից բացի:




Լրահոս