Սերժ Սարգսյանի համար վտանգ էր ներկայացնում այն, որ 2015-ից հետո քաղաքական շարունակություն չէր ունենալու. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի մասնատումից հետո անցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացների արագացմանը: Նա այդ շրջանակներում հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Արդեն հանդիպումներ են տեղի ունեցել ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀՇ-ի, ՄԱԿ-ի, Ազատ դեմոկրատների ներկայացուցիչների հետ:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը Armlur.am-ի հետ զրույցում սահմանադրական փոփոխությունների արագացման գործընթացի մասին կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտում կային մի քանի կուսակցություններ` ՀՀԿ-ն որպես ազդեցիկ, ԲՀԿ-ն որպես երկրորդ ազդեցիկ կուսակցություն, այնուհետև մի քիչ թուլացած ՀԱԿ-ը և պայմանականորեն գոյություն ունեցող «Ժառանգություն»-ը, իսկ մնացած բոլոր կուսակցությունները` գրանցված, սակայն, «գոյություն չունեցողներ են»:

«ԲՀԿ-ն այս պահի դրությամբ որպես կուսակցություն դադարել է գոյություն ունենալ, քանի որ Եռյակն էլ չկա, «Ժառանագությունն» էլ, փաստորեն, որպես քաղաքական ազդեցիկ միավոր այլևս չկա, ՀՅԴ-ն այսպես թե այնպես միշտ էլ պաշտպանել է սահմանադրական փոփոխությունները, քաղաքական դաշտում մնացել է Հանրապետականը և Հայ ազգային կոնգրեսը: Գործող իշխանությունների համար որևէ խնդիր չկա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցկացնելու և ստանալ այն, ինչը ցանկանում է: Հիմնական հարցը պետք է լուծվի Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանում այլևս խնդիր չկա»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Նրա կարծիքով`Սերժ Սարգսյանի «հարձակումները» հենց ուղղված էին ԲՀԿ արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ, քանի որ վերջինս էր ղեկավարում այն ուժը, որը լինելով երկրորդ քաղաքական հզոր ուժը` դեմ էր այդ փոփոխություններին: «ԲՀԿ-ն, լինելով լիդերների կուսակցություն, նրա հզորությունը, ազդեցիկությունը կենտրոնացված էր Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Բնականաբար, մեկ մարդուն չեզոքացնելուց հետո այդ կուսակցությունը կդադարեր գոյություն ունենալուց»,- ասաց Արմեն Բադալյանը:

Հարցին, ըստ իրեն, Սերժ Սարգսյանի համար առավել վտանգավոր չէ՞ր Գագիկ Ծառուկյանի` սահմանադրական ճանապարհով հայտարարված իշխանափոխության ծրագիրը, Բադալյանն ասաց` Ս. Սարգսյանի համար վտանգ էր ներկայացնում այն, որ 2015 թվականից հետո քաղաքական շարունակություն չէր ունենալու: «Իսկ հիմա` սահմանադրական գալիք փոփոխություններով, նա կզբաղեցի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, այսինքն` հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են մեկ մարդու իշխանությունը վերարտադրելու համար: Այս դեպքում այդ մարդը գործող նախագահն է»,- ընդգծեց քաղաքագետը:




Լրահոս