Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն պնդում է, որ Աբաշիձե-Կարասին ձևաչափով բանակցություններ հնարավոր չեն Աբխազիայով երկաթգծային հաղորդակցության բացման հնարավորության շուրջ: Նրա խոսքերով՝ «բանակցությունների ընթացքում կուլիսային ոչինչ տեղի չի ունենում»:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր երկկողմանի երկխոսության շրջանակներում երկաթգծի աբխազական հատվածի բացման շուրջ բանակցություններ չեն տարվում: Ընդհանուր առմամբ, Պրահայում մենք բանակցություններ չենք վարում ու ոչ մի պարտավորություններ չենք վերցնում մեզ վրա: Այնպես որ, խոսակցություններն այն մասին, որ այնտեղ կուլիսային գործարքներ են տարվում աբխազական երկաթգծի շուրջ, միանգամայն անհիմն են»,- հայտարարել է Աբաշիձեն: