ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Կառավարության պաշտոնական կայքէջի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի պետության կառավարության ղեկավար Ջաբեր Մուբարաք Ալ-Համադ Ալ-Սաբահի հրավերով պաշտոնական այցով մեկնել էր Քուվեյթ: Քուվեյթի էմիրի նստավայր «Բայան Փալաս»-ում կայացել է Հ. Աբրահամյանի եւ Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի հանդիպումը: ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ Քուվեյթի էմիրին փոխանցել Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը: Վարչապետը նշել է, որ իր պաշտոնական այցը Քուվեյթ վկայում է երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների շարունակական զարգացման ՀՀ նպատակադրվածության մասին: Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը, ողջունելով եւ կարեւորելով Հ. Աբրահամյանի այցը Քուվեյթ, նշել է, որ այն կնպաստի հայ¬քուվեյթյան բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել օտարերկրացու հետ ամուսնության պետական գրանցման համար:

Նարինե Հովհաննիսյան (32 տարեկան, քաղաքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից),
2. ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով («APOSTILLE») հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթական են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
3. նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթական են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական (տեղեկանք) եւ այլն),
4. անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը քաղաքացիների եւ օտարերկրյա քաղաքացիների միջեւ սահմանված կարգով ամուսնության թվով 1.682 դիմումների հայտ է ուսումնասիրել: Չնայած գլոբալիզացիային եւ մեր հայրենակիցների զգալի մասի արտագնա աշխատանքի մեկնելու փաստին՝ ամեն դեպքում հայերը շարունակում են մնալ ավանդապաշտ եւ մաքրամաքուր պահել իրենց գենոֆոնդը` հիմնականում խուսափելով խառն ամուսնություններից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Լսել եմ, որ կրծքագեղձի մամոգրաֆիայի համար հիվանդներին տրվում է անվճար բուժծառայություն: Կա՞ նման բան, եւ եթե այո, ապա այս դեպքում հիվանդները կոնկրետ ինչ արտոնություններից կարող են օգտվել՝ բացի անվճար բուժզննումից:

Գոհար Առաքելյան (36 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. N 47-Ն հրամանի հավելված 2-ով հաստատված «Առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից կանխարգելիչ այցի կազմակերպման չափորոշիչի»՝ մեծահասակների շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժիշկները պլանավորում եւ տարեկան մեկ անգամ իրականացնում են իրենց մոտ գրանցված մեծահասակ բնակչության՝ կանխարգելիչ քննություն բժշկական կազմակերպություն տվյալ բնակչի կատարած առաջին այցի, ինչպես նաեւ՝ հիվանդությունների կապակցությամբ կատարված տնային կանչերի ժամանակ, որի շրջանակներում, կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով, նաեւ իրականացվում է կրծքագեղձի զննում եւ ինքնազննման տեխնիկայի ուսուցում հիվանդին: Ինչ վերաբերում է կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությանը, ապա այն նշանակվում է բժշկական ցուցումների դեպքում եւ պետական պատվերի շրջանակներում անվճար իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունից անվճար օգտվելու հնարավորություն ունեն ոչ թե բոլորը, այլ հատուկ խմբերում ընդգրկված եւ բնակչության սոցիալապես անապահով խավերը: Ամեն դեպքում, հարկ է նշել, որ այս կենտրոնը զգալի ներդրում ունի հայ կանանց առողջության պահպանման հարցում, միայն թե լավ կլիներ, որ պետական աջակցությունը մեծանար, եւ անվճար կերպով մամոգրաֆիկ ստուգում անցնելու հնարավորությունը տրվեր բոլոր հայ կանանց անխտիր:




Լրահոս